Հոդվածներ
Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը
Ղարաբաղյան կանանց ներկայիս նշանակալի դերը հասարակական եւ գործարար կյանքում հիմնականում պայմանավորված է պատերազմում նրանց ունեցած լիարժեք մասնակցությամբ: Պատերազմը կարծես առհավետ փոխել է գենդերային բալանսը Լեռնային Ղարաբաղում, որտեղ կանանց դերը գնալով ավելի ծանրակշիռ է դառնում: Չնայած Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կա ընդամենը 3 կին նախարար եւ 5 պատգամավոր, հասարակական եւ բիզնես ոլորտներում նրանք հաճախ թվային գեռակշռություն ունեն տղամարդկանց նկատմամբ: Սա նշանակալի շրջադարձ է ղարաբաղյան հասարակության համար, որը դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում խիստ ավանդապահ էր. այս փոփոխությունները կանայք հիմնականում վերագրում են իրենց լիարժեք մասնակցությանը պատերազմին:
«Չնայած այն փաստին որ ռազմական գործողություններին հիմնականում տղամարդիկ էին մասնակցում, կանանց դերն այս պատերազմում պակաս կարեւոր չէր», - ասում է ԼՂՀ միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Ժաննա Կրիկորովան: Նրա ղեկավարած կազմակերպությունը համակարգում է Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպությունների կապերը միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ: «Չնայած սա հակասում է կովկասյան մտածելակերպին, բազմաթիվ ղարաբաղյան կանայք, զանց առնելով իրենց ավանդական դերը, տղամարդկանց հետ հավասար մասնակցել են մարտերին: Մյուսներն էլ իրենց ուսերին են կրել պատերազմական տարիների բոլոր դժվարությունները»:
Միջազգային հանրության կողմից այդպես էլ ճանաչում չստացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անջատվել է Ադրբեջանից եւ 1994 թվականին հաստատված հրադադարից ի վեր փաստացիորեն անկախ է: ԼՂՀ տարածաշրջանային բիզնես կենտրոնի անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանայք շատ ավելի արագ են հարմարվել հետպատերազմյան կյանքին. այն ժամանակ`Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում, Ղարաբաղի տնտեսությունը ողբալի վիճակում էր: «Քանի որ հայ կանայք պատասխանատվություն են կրում իրենց ընտանիքների համար, թույլ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ նախաձեռնություն դրսեւորեցին` ավելի ակտիվ դառնալով: Այս սոցիալական ակտիվությունը պահպանվեց նաեւ հետագայում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղում կյանքը փոխվել է», - ասում է Կրիկորովան:
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմի մեջ էր մտնում: 1988 թվականին Ղարաբաղի հայերը, որոնք կազմում էին տեղական բնակչության մեծամասնությունը, դիմեցին խորհրդային իշխանություններին` Հայաստանին միանալու նպատակով: Արդյունքում` Բաքվում եւ Ադրբեջանի այլ հատվածներում ազգամիջյան բախումներ սկսվեցին` նախանշելով Խորհրդային Միության անկումը: Լեռնային Ղարաբաղում կանայք մասնակցում էին պաշտպանական գործողություններին, իսկ ոմանք տղամարդկանց հետ միասին կռվում էին ճակատում: Մարգարիտա Թառանյանը, շատերի նման, բուժքույր է եղել 1992-94 թվականներին: «Միչեւ հիմա էլ չեմ հասկանում, թե ինչպես կարողացանք փրկվել: Չեմ կարողանում հավատալ, որ այդ բոլոր սարսափելի ու ցուրտ օրերից հետո կարողացել եմ պահպանել առողջությունս», - պատմում է պատերազմի վետերանը: Բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող Մարգարիտան ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի մայոր է եւ աշխատում է պաշտպանության շտաբում: Եւ եթե նախկինում ուսերիզներով կանանց հազվադեպ կարելի էր տեսնել Ղարաբաղում, ապա այժմ`պատերազմից հետո, դա սովորական երեւույթ է, չնայած նրանք այլեւս ռազմաճակատ չեն գնում:
«Այնպիսի տղաներ զոհվեցին, մեկը մյուսից լավը: Բա աղջիկները…», - արցունքներն աչքերին պատմում է Թառանյանը` վերհիշելով, թե ինչպես էր մարտի ժամանակ սպանվել նրա ընկերուհին` նույնպես Մարգարիտա անունով, ում մարմինը տանելու համար ստիպված էին եղել սպասել մութն ընկելուն: Պատերազմին մասնակցած տղամարդկանց խոսքերով` հրադադարից հետո կանայք այդպես էլ չվերադարձան իրենց ավանդական կարգավիճակին: «Լեռնային Ղարաբաղի անկախության շարժման» ակտիվիստ Գագիկ Ավանեսյանի խոսքերով` կանանց ցուցաբերած աջակցությունը պատերազմի տարիներին շատ մեծ նշանակություն է ունեցել. նրանք արյուն էին հանձնում վիրավորների համար, ուտելիք էին պատրաստում, առաջին բժշկական օգնություն ցուցաբերում: «Իհարկե, այսօր ոչ թե պատերազմի վետերաններն են ակտիվ, այլ ավելի երիտասարդ կանայք: Այնպիսի տպավորություն է, թե երիտասարդներն ավելի պասիվ են դարձել, եւ հաճախ կանայք են իրենց վրա պատասխանատվությունը վերցնում», - ասում է Ավանեսյանը: Սակայն պատերազմի սարսափներն ու բռնությունները չէին կարող անհետեւանք մնալ կանանց համար: Վետերաններից շատերը չեն կարողացել համապատասխան հոգեբանական օգնություն ստանալ (Տես` http://iwpr.net/report-news/mental-scars-karabakh-war-veterans) պատերազմի սարսափները հաղթահարելու համար, իսկ հակամարտության տարիներին բուժքրոջ պարտականություններ կատարող կանայք հաճախ անգամ նվազագույն օգնություն չեն ստանում:
«Թվում է` այն ժամանակ պետք է վախենայի: Ի վերջո, թույլ սեռի ներկայացուցիչներ ենք: Բայց ընդհանրապես վախ չեմ զգացել: Այնքան զոհեր ու վիրավորներ են եղել, եւ գիտակցում էի, որ հաջորդը կարող եմ ես լինել, բայց այնպիսի զգացում ունեի, որ ապրելու եմ», - պատմում է Մարտակերտի բնակչուհի Անահիտ Պետրոսյանը: Նա երկու երեխա ունի եւ շարունակում է բուժքրոջ աշխատանքը ռազմական հոսպիտալում: «Վախը հետո զգացի: Պատերազմից հետո պատմում էի մեկին այն սարսափների մասին, որոնց միջով անցել եմ. հենց այն ժամանակ էլ անբացատրելի վախ սողոսկեց սիրտս»: Այնուամենայնիվ, ղարաբաղյան կանայք ասում են, որ պատերազմն իրենց ավելի տոկուն է դարձրել, եւ որ հասարակությունն անվերադարձ փոխվել է:
«Պատերազմը մեզ` կանանց շատ է կոփել: Մենք այնպիսի բաների միջով ենք անցել, որ եթե պահանջվեր տրակտորով Մարս թռչել, դա էլ կանեինք», - ասում է Ջուլիետտա Առուստամյանը, պատերազմի ժամանակ զոհված սպայի այրին, ով ներկայում ղեկավարում է «Հարմոնիա» ՀԿ-ն, որը զբաղվում է կանանց համար մշակութային միջոցառումների կազմակերպմամբ: Կարինե Օհանյան, Անահիտ Դանիելյան, Կովկաս Կովկասյան լրատու # 571 20-ը դեկտեմբերի, 2010թ. Կարինե Օհանյանն ազատ լրագրող է: Անահիտ Դանիելյանը «Armedia» լրատվական գործակալության թղթակիցն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Արցախյան պատերազմին մասնակցել են շուրջ 600 կանայք, որոնցից 18-ը զոհվել են մարտի ժամանակ, 87-ը՝ դարձել հաշմանդամ։