Հոդվածներ
Աշխարհում յուրաքանչյուր յոթ վայրկյանում 15 տարեկանից փոքր աղջիկ է ամուսնանում
Աշխարհում յուրաքանչյուր յոթ վայրկյանում 15-ից ցածր տարիքի աղջիկ է ամուսնանում: Այդ մասին ասված է Save the Children բարեգործական կազմակերպության զեկույցում:
Աֆղանստանում, Եմենում, Հնդկաստանում, Սոմալիում և նման այլ երկրներում տասը տարեկան աղջիկներին ստիպում են ամուսնանալ իրենցից տարիքով շատ ավելի մեծ տղամարդկանց հետ, նշվում է զեկույցում:
Վաղ ամուսնությունները հաճախ խորտակում են աղջիկների կյանքը. նրանք զրկվում են կրթություն ստանալու և զարգանալու հնարավորությունից, նշում են կազմակերպությունում: Նաև աղջիկներին փաստորեն զրկում են երեխա լինելու իրավունքից:
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ վաղ ամուսնացած աղջիկները սովորաբար չեն կարողանում դպրոց հաճախել: Ընտանեկան բռնության, ծաղրուծանակի ու սեռական բռնության ենթարկվելու նրանց շանսերն անհամեմատ ավելի մեծ են: Աղջիկները վաղ են հղիանում, ինչպես նաեւ ենթակա են սեռական ճանապարհով փոխանցվող տարբեր հիվանդությունների, ներառյալ ՄԻԱՎ-ը:
Վաղ ամուսնություններն առանձնապես տարածված են աղքատ երկրներում, որտեղ տեղի են ունենում զինված հակամարտություններ և հումանիտար ճգնաժամեր: Օրինակ, հաճախ աղջիկներին ամուսնացնում են փախստականների ընտանիքներում, որպեսզի նրանց փրկեն աղքատությունից:
Կազմակերպության զեկույցում կազմվել է աշխարհի երկրների վարկանիշը՝ կախված այն հնարավորություններից, որ նրանք տալիս են աղջիկներին: Վարկանիշը հաշվի է առնում այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ երեխաների ամուսնությունների տարածվածությունը, այն տարիքը, երբ կինն առաջին անգամ երեխա է ունենում, մայրերի մահացությունը, կանանց կրթության մակարդակը և այլ գործոններ:
Վարկանիշի վերջնամասում գտնվում են Նիգերը, Չադը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Մալին և Սոմալին: Բոլոր այս երկրներում աղջիկները վաղ են ամուսնանում և վաղ են երեխաներ ունենում, նրանք հաճախ են մահանում ծննդաբերելիս և հազվադեպ են կրթություն ստանում:
Վարկանիշը գլխավորել են Հյուսիսային Եվրոպայի երկրները՝ Շվեդիան, Ֆինլանդիան և Նորվեգիան: