Հոդվածներ
Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի սիրո յուրօրինակ պատմությունը
Wedding.am-ը ներկայացնում է Իտալիայի ամենագեղեցիկ ամուսնական զույգի` Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի սիրո պատմության հետաքրքիր մանրամասները:
Ադրիանո Չելենտանոն և Կլաուդիա Մորին համարվում են Իտալիայի ամենագեղեցիկ և քննարկվող զույգը: Արդեն 50 տարի է անցել այն օրից, ինչ նրանք ամուսնացել են, բայց դեռ շարունակում են գրավել իրենց արվեստի նկամամբ մեծ սեր և ուշադրություն ցուցաբերող բազմաթիվ երկրպագուների՝ աշխարհի տարբեր անկյուններից:
Այս հետաքրքիր խառնվածքով զույգի սիրո պատմությունը սկսվել է ֆիլմի նկարահանման ընթացքում, որին հաջորդում է սիրո բուռն մելոդրամա և անհրաժեշտություն է առաջանում նկարահանել նոր ֆիլմը՝ արդեն իրական դեպքերի հիման վրա: Այսօր, այդքան տարիների համատեղ կյանքից հետո էլ, Կլաուդիան և Ադրիանոն այնքան քնքուշ են միմյանց նկատմամբ, որ անհնար է չնկատել նրանց անսահման երջանկությունը: Համոզվելու և զգալու համար այս աստղային զույգի մեծ երջանկությունը, ձեզ ենք առաջարկում դիտել նրանց կյանքի մասին պատմող հուզիչ ֆոտոպատմությունը:
Ադրիանոն և Կլաուդիան ծանոթացել են 1963 թվականին՝«Ինչ-որ տարօրինակ տիպ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ ընթացքում Կլաուդիան առանձնապես մեծ ուշադրության չէր արժանացնում Ադրիանոյին:
Աղջկա պահվածքը երիտասարդին վիրավորական է թվում և նա սկսում է փնտրել գեղեցկուհու ուշադրությունը գրավելու հնարավոր տարբերակները: Ցավոք, բազմաթիվ փորձերն անարդյունք էին մնում՝ աղջիկը շարունակում է լինել սառը և անառիկ, բայց ճակատագիրն, ի վերջո, իր միջամտությունն անում է:
Կլաուդիայի անզգուշության արդյունքում, նկարահանման հրապարակում, պայթում է լուսաջահը, որի ապակյա կտորները քերծվածքներ են առաջացնում Ադրիանոյի դեմքին: Գեղեցկուհին շտապում է ներողություն խնդրել նրանից և, միևնույն ժամանակ, բռնկվում սիրո հրդեհով, որն անմար է մինչ օրս:
Սկզբում Կլաուդիան կարծում է, որ իր սիրելին երկարատև հարաբերությունների համար չափազանց անլուջ մարդ է, սակայն իր կարծիքը փոխում է, երբ այս տաքարյուն իտալացին համերգի ժամանակ սիրո խոստովանություն է անում դերասանուհուն՝ ռոմանտիկ երաժշտական կատարումից հետո:
Չելենտանոն և Կլաուդիան օրինականացրին իրենց հարաբերությունները գիշերվա ժամը 3-ին, որպեսզի «կպչող» պապարացիները չփչացնեն իրենց կյանքի այդքան երկար սպասված պահը. այդ օրվանից մինչ օրս՝ մոտ կես դար, նրանք միասին են և սիրում են միմյանց անսահման:
Ընտանեկան կյանքի սկզբին Կլաուդիան կայացրել էր իմաստուն կնոջ որոշում: Նա իր ժամանակի մեծ մասը նվիրում էր ընտանիքին, երեխաներին և ամուսնուն, բայց ոչ կարիերան: Կլաուդիան օգնում էր Ադրիանոյին նաև գործնական հարցերում: Դերասանն իր կնոջն է պարտական բազմաթիվ հաջողությունների և հաղթանակների համար:
Այս զույգն ունեցել է բազմաթիվ դժվար պահեր: Ադրիանոն չկարողացավ լինել հավատարիմ ամուսիուն, իսկ նրա սիրավեպը Օռնելա Մուտիի հետ դարձավ իսկական սկանդալ: Կլաուդիան կրկին մեծահոգի էր. նա ներեց ամուսնուն և թույլ տվեց վերադառնալ ընտանիքին: Այն հարցին, թե ինչո՞ւ է նա սիրում Չելենտանոյին, Կլաուդիան պատասխանում է, որ իր կյանքում որևէ հետաքրքիր մեկի երբեք չի հանդիպել:
Այժմ զույգը ապրում է Միլանից ոչ հեռու գտնվող մի հարմարավետ տնակում: Տան մուտքի մոտ կանգնեցված է Կլաուդիայի արձանը՝ ջրաղբյուրով: Կլաուդիան և Չելենտանոն նախընտրում են հանգիստ և մեկուսի կյանք վարել ՝ հեռու մնալով աղմկոտ երեկույթներից:
Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի սիրո պատմությունը սովորեցնում է այն մասին, թե ինչպես պետք է պայքարել սեփական ընտրության համար՝ կառուցելով համերաշխ և ներդաշնակ ընտանեկան կյանք: