Հոդվածներ
Էքսկլյուզիվ: Երբ սիրում ես, կյանքին սկսում ես այլ աչքերով նայել. Միհրան Ծառուկյան
Այս տարի հունվարի 31-ին Հայ առաքելական եկեղեցին տոնեց Սուրբ Սարգիսը՝ սիրո և երիտասարդների օրհնության տոնը: Իսկ այսօր սիրո մեկ այլ տոն է՝ Սուրբ Վալենտինը: Թեև շատերը չեն ընդունում այս օրը՝ համարելով, որ այն օտարազգի մշակույթից եկած և ոչ հայկական տոն է, սակայն անհերքելի է, որ այս տոնը ևս մեծ սեր է վայելում երիտասարդների շրջանում: Սիրո տոների կապակցությամբ Wedding.am-ը բոլոր երիտասարդների համար մեծ նվեր է պատրաստել, և այսօր ներկայացնում է հարցազրույց համահայկական սեր վայելող երգիչ Միհրան Ծառուկյանի հետ: Ինչպե՞ս է նշում սիրելի երգիչը սիրո տոները, արդյո՞ք նրա սիրտը զբաղված է, ինչպիսի՞ աղջիկ կարող է լինել նրա կողքին և ստացած ամուսնության առաջարկների մասին կարդացեք ստորև:
-Ո՞ր տոնն է առավել նախընտրում նշել Միհրան Ծառուկյանը` Սուրբ Սարգի՞ս, թե Սուրբ Վալենտին:
-Ես ավելի կողմ եմ Սուրբ Սարգսի տոնին, զուտ այն պատճառով, որ մեր հայկականն է. առաջինը Սուրբ Սարգիս, հետո Սուրբ Վալենտին: Շատ ուրախ եմ, որ հայերիս մոտ Սուրբ Սարգիսն է արդեն շատ ակտիվ տոնվում, քան` Վալենտինը: Իսկ Սուրբ Վալենտինը ավելի շատ եվրոպական տոն է, սիրահարներին նվիրված գեղեցիկ տոն:
-Ինչպե՞ս եք նշում սիրո տոները:
-Այս տարի Սուրբ Սարգսի տոնին Հայաստանում չէի և մի փոքր պասիվ մասնակցություն եմ ունեցել, Վալենտինին նույնպես բացակայելու եմ: Սակայն որտեղ էլ որ լինեմ, ինչ-որ ձևով տոնվում են այդ օրերը, և պարտադիր չէ սիրահարված լինել: Պարզապես ընկերներով տոնում ենք սիրո տոնը: Եթե ընկերներից մեկն էլ սիրահարված լինի, միանում ենք, միասին տոնում:
-Սիրահարված ընկերները դիմո՞ւմ են Ձեր օգնությանը աղջկա սիրտը գրավելու համար:
-Այո, բազմիցս եղել է, օգնել եմ: Դա, իհարկե, սիրով ես անում և ինձ համար էլ հետաքրքիր է:
-Նախորդ տարի Սուրբ Վալենտինից առաջ Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ ժամանակն է` այս տոները Ձեզ նույնպես վերաբերվեն: Ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում:
-Թեև շատ չեմ ցանկանում անդրադառնալ անձնական թեմաներին, սակայն կարող եմ ասել, որ ինչ-որ չափով փոփոխություններ կան: Մեկ տարին ինչ-որ բան ասել է:
-Փնտրո՞ւմ եք Ձեր սիրելիին, թե սպասում եք ճակատագրական հանդիպման:
-Կարծում եմ, չես կարող նստել և սպասել սիրուն, այն ինքնըստինքյան գալիս է, և դու էլ չես հասկանում՝ դա ինչպես է լինում: Իսկ ինչ վերաբերում է փնտրելուն, չեմ կարծում, որ որոշել, թե այս տարի պարտադիր ուզում եմ սիրահարվել կամ ընկերուհի ունենալ, ճիշտ է:
-Ինչպիսի՞ աղջիկ կարող է գրավել Ձեր ուշադրությունը:
-Երբ մարդու հետ շփվում ես և ճանաչում նրան, պարզ կլինի՝ կարող ես շարունակել նրա հետ ճանապարհը կամ զույգ լինել: Ամենակարևորը զույգի հետ հարաբերություններում միմյանց ճանաչելն է: Հնարավոր է առաջին հայացքը խաբուսիկ լինի:
-Չե՞ք հավատում սեր առաջին հայացքից երևույթին:
-Կարծում եմ՝ առաջինը սիրահարվածությունն է, որը հետո վերածվում է սիրո: Սիրելու համար ժամանակ է պետք, որ հասկանաս` իսկապես սիրում ես այդ մարդուն: Կարճ ժամանակահատվածում դժվար է ասել՝ վերջ սիրում եմ:
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեզ ամուսնացնելու բազմաթիվ խոսակցություններին:
-Խոսակցություններ միշտ լինում են, պարզապես դրանց այլևս ոչ մի ուշադրություն չեմ դարձնում: Շատ եմ նյարդայնանում, երբ փորձում են մտնել քո անձնական կյանք: Մինչև իրոք չամուսնանամ, երևի դրանք չեն ավարտվի: Ես շատ եմ սիրում իմ երկրպագուներին, ինչ անում եմ, բնականաբար, նրանց համար եմ անում, որպեսզի նրանց հաճելի պահեր պարգևեմ, բայց ես չեմ ուզում, չեմ սիրում և թույլ չեմ տա, որ որևիցե մեկը իմ անձնական կյանք ներխուժի և ակտիվ քննարկի: Համացանցում երբեմն նկատում եմ, թե ինչպես են ակտիվ քննարկում, կարծիքներ հայտնում՝ ես արժանի եմ տվյալ մարդուն կամ արժանի չեմ, մեկին պետք է սիրեմ, մյուսին` ոչ: Պաշտոնապես ասեմ, որ չի կարելի նման անշնորհք բաներ անել:
-Գեղեցիկ սեռի երկրպագուների լայն բանակ ունենալը ինչպիսի՞ զգացողություններ է առաջացնում:
-Շատ հաճելի է, երբ դու շրջապատված ես քեզ սիրող և գնահատող մարդկանցով, դու քեզ շատ լավ ես զգում և փորձում ես ավելին անել: Շատ հաճելի է այդ ամենը, սակայն լինում են պահեր, որ ցանկանում ես այդ ամեն ինչից հանգստանալ, կտրվել: Ես բոլորի պես սովորական մարդ եմ, ուղղակի մեր երկիրը շատ փոքր է, և ամեն ինչ այնքան շուտ և մի փոքր էլ չափազանցված է տարածվում, որ փորձում ես հնարավորինս այնպես անել, որ ավել բաներ չտարածվեն և խուսափես այդ ամենից:
-«Ֆուլ հաուս» սիթքոմում Ձեր կերպարի` Արսենի ընկերուհին բավականին խանդոտ աղջիկ է: Իրական կյանքում պատկերացնո՞ւմ եք Ձեր կողքին այդպիսի խանդոտ ընկերուհի:
-Յանայի կերպարը, բնականաբար, հումարային է: Եթե մի տան մեջ ապրում են երկու աղջիկ և երեք տղա, ընկերուհին էլ չգիտի այդ մասին, իրականում դա շատ ահավոր բան է կլինի: Սակայն հարաբերություններում խանդը պետք է լինի, եթե խանդը չլինի, ուրեմն սեր չի լինի, ինչ-որ մի բան այն չէ, եթե խանդ չկա զույգի միջև: Խանդը ավելի նույնիսկ հետաքրքրացնում է զույգի շփումը:
-Կարելի՞ է եզրակացնել, որ Դուք խանդոտ եք:
-Այո (ժպտում է), ես խանդոտ եմ, իսկ ինչ վերաբերում է նրան` պատկերացնում եմ իմ կողքին խանդոտ աղջիկ, թե ոչ, կարծում եմ` նա առաջին հերթին պետք է հասկանա աշխատանքի բնույթը: Ինձ համար էլ երբեմն նյարդայնացնող լինում, երբ թեկուզ գիշերվա շատ ուշ ժամի քնած ես լինում և մի անիմաստ զանգ ես ստանում, ուր մնաց, թե կողակիցդ չխանդի: Սակայն ես այնպես եմ անում, որ այդ ամեն ինչը շրջանցել լինի:
-Շատ հայտնի մարդկանց երկրպագուներ պատրաստ են ամեն տեսակ խենթության, նույնիսկ սիրելի արտիստին հրապարակային ամուսնության առաջարկ անելուն: Ձեզ հետ այդպիսի դեպք պատահե՞լ է:
-Հրապարակային ոչ, բայց եղել են: Համերգից հետո, երբ սկսել եմ լուսանկարվել երկրպագուների հետ, շատ են եղել, շատ ծիծաղելի դեպքեր էլ են եղել:
Մի անգամ Ռուսաստանից եկել էին և ցանկանում էին, որ ամուսնանամ իրենց աղջկա հետ: Կարծես տեղերով փոխված լինեինք: Սովորաբար նման դեպքերում աղջիկներն են ամաչում, իսկ այդ ժամանակ ես էի իրենց տեղը ամաչում: Իրենք խոսում էին, իսկ ես չգիտեի՝ ինչ պատասխան տալ, ինչ ասել, մի կերպ, բացատրելով հասկացրի, որ դրա մասին խոսել անգամ չարժե:
-Ինչպե՞ս եք վերաբերվում աղջկա կողմից արվող առաջին քայլին:
-Ես շատ նորմալ եմ վերաբերվում դրան, բայց, գտնում եմ, որ ավելի գեղեցիկ կլինի, որ աղջիկը հասցնի նրան, որ տղան էլ սիրահարվի, նոր այդ առաջարկությունը անի: Բայց եթե ուղղակի անծանոթ տղայի կամ պարզապես ծանոթի վերցնես ու առաջարկություն անես, դա անընդունելի է: Կարծում եմ՝ աղջիկը կարող է այնպես անել, որ տղան էլ զգացմունք ունենա և աղջկա հանդեպ անտարբեր չլինի:
-Սիրո խոստովանություն երբևէ արե՞լ եք, կպատմե՞ք առաջին սիրո մասին:
-Առաջին սերը եղել է դպրոցական տարիքում մինչև ուսանողություն: Սիրո խոստովանություն, իհարկե, արել եմ:
-Հանուն սիրո ի՞նչ խենթությունների, անակնկալների եք պատրաստ, Ձեզ ռոմանտիկ համարո՞ւմ եք:
-Այո, կարծում եմ` ռոմանտիկ եմ: Կփորձեմ և փորձում եմ այնպես անել, որ երջանիկ պահեր պարգևեմ, ուրախացնեմ: Պետք է իմանաս` կողակիցդ ինչից ավելի կերջանկանա, և փորձես այդ ամենը իր համար կատարել:
-Սերենադ կերգե՞ք սիրելի աղջկա համար:
-Պատուհանի տակ, դժվար, բայց իր համար, այո, կերգեմ, և բնականաբար, երգ կնվիրեմ նրան:
-Ի՞նչ տեղ ունի սերը ձեր կյանքում:
-Սիրո դերը շատ մեծ է իմ կյանքում: Առանց դրա երևի ոչինչ չես կարող առաջ տանել: Թեկուզ աշխատանքի մեջ, եթե առանց սիրելու աշխատանք ես անում, զգում ես, որ դա արդյունք էլ չբերեց: Ինչ անում ես, պետք է սիրով անել, և եթե մարդու մեջ սեր չլինի կամ քիչ լինի, դրանից նույնիսկ կչարանան:
-Եթե ընտրության առջև կանգնեք՝ սեր, թե կարիերա, ո՞րը կընտրեք:
-Ես այսպես պատասխանեմ. ընտրեցի սեր, իսկ այդ սերը ինչպե՞ս պետք է գոյատևի: Ես կարիերան ամեն դեպքում չեմ թողնի, կարող է պակասեցնեմ աշխատանքներս, բայց երբ դու և սիրով ես աշխատում, և դա է քո աշխատանքը, և ամբողջ կյանքումդ զբավել ես այդ աշխատանքով, կարծում եմ, կողակիցդ էլ պետք է հասկանա, որ դա անիմաստ է ընտրություն է: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ աղջկան թույլ չեն տալիս աշխատել, ես չեմ հասկանում, թե նա այդ ինչ պետք է աշխատի, որ ասես՝ ոչ: Ուրեմն նա պետք է ինչ-որ աննորմալ աշխատանքով զբաղվի, որ ասես կա սա կամ այն, իսկ աննորմալ աշխատանքով զբաղվողի հետ նորմալ մարդը ի՞նչ գործ ունի:
-Շատ եք շրջագայում և շփվում օտարազգի աղջիկների հետ: Ո՞ւմ կտաք Ձեր նախապատվությունը` հա՞յ, թե օտարազգի աղջիկ:
-Չեմ ցանկանա քննադատական ինչ-որ խոսք ասել, բայց, ես, բնականաբար, սիրում եմ մերը, հայկականը, ընդհանրապես, ես բնավորությամբ այնպիսինն եմ, որ հայկական ամենը սիրում եմ, և չեմ ձգտում եվրոպականին: Եվ չեմ էլ ուզում համեմատել մեր աղջիկներին ռուս կամ եվրոպացի աղջիկների հետ. մերոնք ինձ համար շատ լավն են և առաջնային: Չեմ էլ պատկերացնում, որ կարող եմ օտար ազգի աղջկա հետ կապ ունենալ, և կարող եմ վստահ ասել, որ դա չի էլ լինի:
-Աղջիկ-տղա հարաբերություններում Ձեզ համար ո՞ւմ դերակատարությունն է առաջնային:
-Մի փոքր ավելի շատ տղայի, բայց աղջկա կարծիքը հաշվի առնելը պարտադիր է: Միասին խոսելը, քննարկումները կարևոր են, բայց հարցեր կան, որ դե աղջիկ է, հնարավոր է ուրիշ ձև մտածի, պետք է ուղորդես, ճիշտը ցույց տաս:
-Ձեր ստեղծագործական կարիերայում դուետները շատ չեն, ինչո՞ւ:
-Հատուկ պատճառ չկա դրա համար, իսկ որն էլ եղել է, պարզապես այդպես ստացվել է: Հատուկ մտածված չի եղել, որ առաջարկ ենք, դուետով հանդես գանք: Այս պահին երկու զուգերգ ունեմ, հետագայում միգուցե էլի լինեն՝ այս կամ մյուս տարի: Հիմա նոր երգի, տեսահոլովակի վրա ենք աշխատում:
-Ձեր առաջին սկավառակի շնորհանդեսը մեծ իրարանցում բարձրացրեց: Ե՞րբ սպասել նոր ձայնասկավառակի և ինչպիսի՞ շնորհանդես կկազմակերպեք:
-Նոր ձայնասկավառակը արդեն պատրաստ է, նույնիսկ նկարները կան, պարզապես գործընթացը մի փոքր դանդաղ են առաջ գնում կողմնակի աշխատանքների պատճառով, սակայն այս տարի անպայման կթողարկվի: Շնորհանդես նույնպես կլինի, սակայն դեռ չգիտեմ` ինչ ձևով կարվի: Առաջին ձայնասկավառակի ժամանակ էլ չէի մտածում, որ նման բում կլինի, նույնիսկ այդպիսի նպատակ էլ չենք ունեցել:
- Առաջիկա պլաններում նախատեսո՞ւմ եք Երևանում մենահամերգ ունենալ:
-Մենահամերգ կազմակերպելը շատ բարդ հարց է և շատ ժամանակ է պահանջվում դրա համար: Շատ եմ ուզում մենահամերգ ունենալ, պլաններում էլ կա, սակայն թե երբ և ինչպես կստացվի, չգիտեմ:
-Ձեր շնորհավորանքը սիրո տոների կապակցությամբ:
-Շնորհավորում եմ բոլոր սիրահարներին, երջանիկ եղեք, սիրեք միմյանց շատ, ովքեր սիրահարված չեմ, դեռ չեն սիրում, թող սիրեն, սիրահարվեն, և ընդհանրապես, երբ սիրում ես, երբ այդ զգացմունքը կա, ամեն ինչ փոխվում է, կյանքդ փոխվում է, ամեն ինչին այլ աչքերով ես սկսում նայել ու քեզ համար ամեն ինչ ավելի գեղեցիկ է դառնում: Դա այն զգացմունքն է, որը խոսքերով չես կարող նկարագրել: Ցանկանում եմ, ովքեր որ արդեն սիրում եմ, երջանիկ լինեն: Շնորհավորում եմ: