Հոդվածներ
Ինչ նվիրել սիրելի տղամարդուն Սուրբ Սարգսի տոնին. անկրկնելի և յուրահատուկ տարբերակներ
Սուրբ Սարգիսը այն գեղեցիկ տոներից մեկն է, երբ բոլոր երիտասարդները, ովքեր ունեն ընտրյալ կամ ցանկանում են գրավել միմյանց սրտերը, ընտրում են նվերներ, որոնց միջոցով կարող են արտահայտել իրենց զգացմունքները:
Եթե տղաները դա կարող են անել ծաղկեփնջի, շոկոլադի կամ «աղջկական» այլ նվերի միջոցով, ապա աղջիկների գործը շատ ավելի բարդ է: Wedding.am-ը առանձնացրել է մի քանի նվեր, որոնք շատ հարմար կլինի մատուցել ձեր սիրելի երիտասարդին:
Սուրբ Սարգսին պարտադիր չէ գնել շատ թանկարժեք նվեր, քանի որ ձեր ուշադրությունը և նրան նվեր մատուցելու ցանկությունը ինքնին շատ թանկ արժեն: Նույնիսկ մի փոքրիկ սրտաձև կախազարդը կարելի է այնպիսի սիրով նվիրել, որ ձեր սիրելիի աչքերում երջանկություն առաջանա:
Հոգուց բխող նվերներ
Ամենահասանելի նվերներից մեկը սիրո խոստովանությամբ բացիկներն են, որոնք կարող եք նույնիսկ ձեր ձեռքով պատրաստել: Օրիգինալ կդիտվի, օրինակ, փուչիկին կապված բացիկը, իսկ փուչիկը կարող եք լցնել սիրո խոսքերով բազմաթիվ թերթիկներով:
Բացի այդ, դուք կարող եք պատրաստել սիրո կակտուս: Ինչպե՞ս, շատ պարզ: Պլաստիրինից պատրաստեք կակտուսի կաղապար, ապա ատամմաքրիչների վրա ամրացրեք սրտիկներ, որոնց վրա կարող եք գրել սիրո խոստովանություններ, ապա դրանք ամրացրեք կակտուսի վրա, և եթե ցանկանում եք` մեջտեղում էլ կարող եք ամրացնել ձեր լուսանկարը:
Տաղանդավոր աղջիկների համար դժվար չի լինի մի գեղեցիկ երգ ձայնագրել իրենց սիրելիի համար, իսկ եթե ձայնային տվյալները թույլ չեն տալիս, կարող եք օրինակ SMS-գրոհ սկսել և ամեն ժամը մեկ սիրո և քնքշանքի խոսքերով նամակներ ուղարկել նրան, կամ էլ շշնջալ նրա ականջին, եթե ձեր կողքին է:
Համեղ նվերներ
Դժվար է գտնել մի տղամարդ, ով անտարբեր է համեղ ուտելիքի նկատմամբ: Սուրբ Սարգսի տոնը հիանալի առիթ է ձեր սիրելիին երջանկացնելու ձեր ձեռքերով պատրաստած համեղ ուտելիքներով: Կարող եք պատրաստել այն ամենը, ինչ անցնում է ձեր մտքովմ կամ նա շատ է սիրում: Ամենակարևորը ուտելիքին սրտիկի ձև տալն է:
Օգտակար նվերներ համակարգչի համար
Եթե այս օրվա համար ունեք նախատեսված գումար, ապա կարող եք ուղևորվել անմիջապես համակարգչային խանութ, քանի որ բոլոր տղաներն էլ համակարգչամոլ են, և դրանց համար նախատեսված աքսեսուարները շատ օգտակար նվեր կլինեն: Այդպիսի նվերներից կարող եք ընտրել հիշողության USB քարտեր, սակայն դա թող չլինի սրտիկի տեսքով, այլ այն ավելի լավ է պարզապես համալրել ռոմանտիկ բացիկով:
Եթե ձեր սիրելին մինչև հիմա խճճվում է մկնիկի լարի մեջ, կարող եք նրան անլար մկնիկ նվիրել:
Նվերներ ուժեղ տղաների համար
Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է, որ իր կողքի տղամարդը լինի իր ամենաուժեղը, այդ պատճառով նրան կարող եք նվիրել մարզվելու պարագաներ, կամ եթե նա սիրում է ֆուտբոլ կամ այլ սպորտաձև, ապա գնդակ, սիրելի թիմի մարզաշապիկ և այլն:
Էլի գաղափարներ
Մեծ հաշվով, տղային Սուրբ Սարգսին կարելի է նվեր գրեթե ամեն ինչ, միայն այն լինի ի սրտե: Սիրելի տղամարդուն կարող եք երջանկացնել գեղեցիկ գոտիով, անձնագրի օրիգինալ պատյան, անձրևանոց, դրամապանակ, կրակայրիչ և այլն:
Եթե ձեր սիրելին մեքենա է վարում, ապա կարող եք ինչ-որ օգտակար բան գնել նրա մեքենայի համար և այլն: