Հոդվածներ
Աշխարհահռչակ հայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանի բացառիկ հարցազրույցը. «Ես հպարտ եմ, որ հայ եմ»
Wedding.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում բացառիկ հարցազրույց հանրահռչակ հայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանի հետ:
2005 թվականին համաշխարհային նորաձևության տները իրենց համար բացահայտեցին նոր անուն, նոր ձեռագիր. բեյրութաբնակ 18-ամյա հայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը կարողացավ գրավել բարձր նորաձևության տների ուշադրությունը: Նա իր քայլերը դեպի համաշխարհային նորաձևություն սկսեց Բեյրութի l'Ecole Superieure des Arts նորաձևության դպրոցից: 2007 թվականին նա արդեն աշխարհռչակ Elie Saab ընտանիքի անդամ էր: 2008-ին նա իր Une noce funebre հավաքածուն ցուցադրեց Դուբայի նորաձևության շաբաթում ընտրվեց Միջին Ասիայի երեք լավագույն դիզայներներից մեկը: 2009 թվականից Գրիգորը հիմնեց իր սեփական նորաձևության տունը՝ Բեյրութում:
Այնուհետև, 2011 թվականին Գրիգորը տեղափոխվում է Թաբարիս, և այնտեղ մեծ շուքով ներկայացնում է իր La fille du temple հավաքածուն:
Գրիգորին մեծ հռչակ և լայն ճանաչում բերեցին նրա երկու առանձնահատուկ հավաքածուները, որոնք աշխարհին ներկայացվեցին հայկական խորագրերով՝ «Ախթամար» և «Ամալ»:
- Գրիգոր, պատմեք, խնդրում ենք, ինչպե՞ս որոշեցիք դառնալ դիզայներ և որո՞նք եղան ձեր առաջին քայլերը երազանքը իրականացնելու ճանապարհին:
-Կարծում եմ, որ ես միշտ էլ գիտակցել եմ, որ ցանկանում եմ դառնալ դիզայներ, նույնիսկ փոքր հասակում: Ես երբեք ստիպված չեմ եղել նստել և մտածել այդ մասին, ես պարզապես գիտեի, թե ինչով եմ ուզում զբաղվել իմ կյանքում: Հիշում եմ՝ խաղում էի փոքր քրոջս հետ՝ հագցնելով նրան անկողնու սավանները կամ այն ամենը ինչ-որ գտնում էի տանը:
- Տեղյակ ենք, որ ուսումը ավարտելուց անմիջապես հետո անցաք աշխատանքի Elie Saab հեղինակավոր նորաձևության տանը: Արդյո՞ք այնտեղ աշխատանքը ձեզ համար բախտորոշիչ դարձավ և այժմ դուք ձեր հավաքածուները ստեղծելիս կիրառո՞ւմ ենք այնտեղ ստացած փորձը:
- Ժամանակը, որ ես անցկացրել եմ՝ աշխատելով Elie Saab-ի ստեղծագործական բաժանում, եղել է ամենաբեղմնավորը, այդ ամենը մեծ ներդրում է ունեցել այս հետաքրքիր ոլորտում և ես գնահատում եմ այդ աշխատանքի ամեն մի պահը:
-23 տարեկանում դուք արդեն ունեիք ձեր սեփական նորաձևության տունը. ինչո՞ւ որոշեցիք հիմնել այն:
- Աշխատանքը նորաձևության աշխարհում հիմնականում նշանակում է մաս կազմել մի շատ ստեղծագործական բնագավառի: Երբ դու աշխատում ես ուրիշի համար, դու կարիք ունես քո ստեղծագործական միտքը հարմարացնելու նրանց: Ինչ-որ պահի ես հասկացա, որ կարիք ունեմ զարգացնելու իմ սեփական դիզայնը և ինքնությունը, և կերտելու իմ սեփական ստեղծագործական ուղին, այդ պատճառով ես հիմնեցի իմ սեփական նորաձևության սրահը:
-Ո՞րն էր ձեր մասնագիտական կարիերայում ձեր առաջին մեծագույն նվաճումը:
- Անշուշտ, դա այն անհերքելի փաստն է, որ ես այդքան երիտասարդ տարիքում իմ սեփական նորաձևության ստուդիան հիմնեցի:
-Հավաքածուներ, զգեստներ ստեղծելիս ի՞նչն է ձեզ ամենից շատ ոգեշնչում: Առավել շատ ո՞ր գույների, գործվածքների հետ եք սիրում աշխատել:
- Երբեք չի եղել գործվածքի կամ գույնի մի տեսակ, որը դառնա ներշնչանքի աղբյուր կամ մուսա: Ստեղծագործական գործընթացը ամեն անգամ նոր է, տարբեր, հետաքրքիր, որը սկսում է ինչ-որ տեղ, բայց ավարտվում է բոլորովին այլ տեղում, անբողջովին տարբեր քան նախատեսվում էր սկզբում:
-Ձեր հավաքածուներում` հատկապես Ախթամար և Ամալ, նկատելի է, որ կիրառված են հայկական տարրեր: Այդպիսով դուք ցանկանո՞ւմ եք բոլորին ասել, որ դուք հայ եք, թե ոգեշնչվում եք հայկական էսքիզներից:
- Ես հպարտանում եմ իմ ծագումնաբանությամբ, և միշտ փորձում եմ այն համատեղել իմ իմ մասնագիտական գործունեության հետ: Դա, անշուշտ, իմ անձի ինքնության մեծ մասն է կազմում:
-Ձեր ո՞ր հավաքածուն է առավել մեծ հաջողություն վայելել:
- Իմ հավաքածուներից յուրաքանչյուրը ինձ համար յուրովի շատ կարևոր են, և դրանք շատ են տարբերվում մեկը մյուսից, այդ պատճառով կարծում եմ, որ դրանք չարժե համեմատել մեկը մյուսի հետ կամ տեսակավորել:
- Պլանավորո՞ւմ եք Հայաստանում ցուցադրություն ունենալ. եթե այո, ապա ե՞րբ:
-Անշուշտ, ես կցանկանայի ցուցադրության հնարավորություն ունենալ Հայաստանում: Մոտ ապագայում ոչինչ չի պլանավորվում, բայց դա ինձ համար նպատակ է և միշտ կմնա իմ մտքում:
- Հետևո՞ւմ եք հայ դիզայներների հավաքածուներին. եթե այո, ապա կարո՞ղ եք առանձնացնել անուններ, որոնց աշխատանքները ձեզ ավելի են դուր գալիս:
- Ես հարգում և հիանում եմ հայ դիզայներ Էդի Անեմյանի գործունեությամբ: Նրան իսկապես պայծառ ապագա է սպասվում:
- Ունե՞ք հայտնի հաճախորդներ, ովքե՞ր են նրանք:
- Մեր հաճախորդներից շատերը պատկանում են Միջին Արևելքի տարբեր արքայական ընտանիքների: Նրանցից երբեք չեմ մոռանա Հորդանանի թագուհի Ռանիային:
-Կա՞ դիզայներ, ով ձեզ համար կուռք է, և ձեր մեծագույն ցանկությունն է նրա հետ համագործակցել:
- Անշուշտ, ես կերազեի համագործակցել Շանելի նորաձևության տան հետ:
-Ի՞նչ անակնկալներ են մեզ և ձեր բոլոր երկրպագուներին սպասվում 2015-ին:
- Հուսով եմ, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածին համաձայն, կլինեն մի քանի անակնկալներ: Մենք պլանավորում ենք ներգրավվել ոսկերչական իրերի հիասքանչ աշխարհում և պատրաստ ենք ներկայանալ համաշխարհային այդ շուկայում:
Ստորև ներկայացնում ենք Գրիգոր Ջաբոթյանի հավաքածուներից տարբեր նմուշներ՝