Հոդվածներ
Ընտանեկան վեճերի հրահանգը
Մի հին հեքիաթում կինը մշտապես վիճում էր իր ամուսնու հետ: Ամուսինը նրան մի բառ էր ասում, իսկ նա տասը պատասխանում: Եվ այդպես շարունակ: Կինը գնում է կախարդի մոտ` խորհրդակցելու: Վերջինս նրան տալիս է ջրով լի մի կուժ. “Այս ջուրը հասարակ չէ, այլ` կախարդական: Հենց ամուսինդ սկսի վիճել, նրան պատասխանելու փոխարեն ջուրն առ բերանդ և պահիր այնքան, մինչև նա հանդարտվի”: Կինը լսում է նրան: Այդ օրվանից նրանք համերաշխ են ապրում: Հեքիաթի խորհուրդն այն է, որ կողակցի հետ վիճել պետք չէ: Բայց արդյո՞ք սրա հետ համամիտ են ժամանակակից մասնագետները:
-Իմ կարծիքով բացարձակ համերաշխ ամուսիններ չեն լինում: Նույնիսկ ամենաներդաշնակ, միմյանց սիրող զույգերը ժամանակ առ ժամանակ միմյանց հետ վիճում են, սակայն դա չի նշանակում թե անհաջող ընտանիք է կազմվել, ընդհակառակը նրանց զգացմունքները կենդանի են, երբ այդ հարաբերություններն անընդհատ զարգանում են,- սա բժշկուհի Տատյան Պուշկարևայի կարծիքն է:
Տարաձայնություններից խուսափելչի կարելի միայն այն պարզ պատճառով, որ մարդն ի ծնե կոնֆլիկտային է: Որքան էլ զույգերը միմյանց սիրեն, անպայման մի հարցում նրանք տարաձայնություն կունենան: Մի խոսքով, խոսակցություններից չի կարելի խուսափել:
Բարդ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորվում է յուրաքանչյուր անհատի ներաշխարհը: Եթե մեկը կատարվածը բուռն, զգացմունքային է ընդունում, մյուսը ցուցաբերում է համբերատարություն և դիվանագիտություն` փորձելով հարթել այդ ամենը, երրորդն այդ ամենին հումորով է վերաբերվում:
Կոնֆլիկտային իրադրությունները կախված են մարդու տաքարյունությունից, բնավորությունից, սովորություններից, դաստիարակությունից և կյանքի փորձից: Կան այնպիսի ընտանիքներ, որտեղ ամուսինները մշտապես վիճում են, այդուհանդերձ, նրանք իրենց շատ լավ են զգում: Հետաքրքրությունների բախումը հնարավորություն է ընձեռում խոսել, ստանալ էմոցիոնալ լիցքավորում և ավելի լավ հասկանալ մեկմեկու, արդյունքում` ավելի մտերմանալ: Գաղտնիքը հետևյալն է, այստեղ վեճը թելադրված է զուգընկերոջ նկատմամբ սիրո արտահայտմամբ: Բոլորին քաջ հայտնի է, որ սիրո մեջ միշտ էլ կա ատելության տարր: Մենք սիրում ենք և հարգում, սակայն միաժամանակ ատում ենք նրա բնավորության որոշ գծերը կամ հակումները, որոնք նրան խանգարում են արժանվույնս ներկայանալ: Օրինակ` ծուլությունը, թափթփվածությունը, հաստատակամությունը, ոգելից խմիչքների նկատմամբ հակումը և այլն: Իհարկե, յուրաքանչյուր կոնֆլիկտ իր հետ բերում է փլուզիչ ուժ, սակայն եթե այն թելադրված է հոգածությամբ, օգնելու պատրաստակամությամբ, ապա հարաբերությունները չեն փլուզվի և կդառնան ավելի պարզ և հասկանալի: Դա նման է ամպրոպին պատրաստ բնությանը, երբ երկինքը ծածկվում է ամպերով, և այդ ժամանակ շատերն են իրանց անհանգիստ զգում: Մթնոլորտը դառնում է լարված և ճնշող: Սակայն երբ ամպրոպում է, վերջապես ճեղքում է անձրևը, բոլորը սկսում են հանգիստ շունչ քաշել: Մասնագետների կարծիքով, ավելի հաճախ ամուսինները ներկայացնում են վարքագծի այն կանոնները, որոնք դրսևորվել են մանուկ հասակում: Եթե ծնողները հաճախակի էին վիճում և այդ հարաբերությունները պարզաբանում էին բարձրաձայն, միանգամայն հնարավոր է, որ երեխան մեծանալով դրսևորի այդ վարքագիծը: Եթե ծնողները հաճախակի էին վիճում և այդ հարաբերությունները պարզաբանում էին բարձրաձայն, միանգամայն հնարավոր է, որ երեխան մեծանալով դրսևորի այդ վարքագիծը: Եթե ընտանիքում ընդունված է փոխզիջումը և վեճերից խուսափելը, ապա հարաբերությունները միանգամայն այլ կլինեն:
Ըստ ավանդույթի` կոնֆլիկտային են համատեղ կյանքի առաջին տարիները: Այդ շրջանում վեճեր կարող են ծագել նույնիսկ աննշան բաներից: Վեճի առարկա կարող են լինել կենցաղային սովորությունները: Այդ ժամանակահատվածում ծագած խնդիրները պայմանավորված են բնավորությունների փոխհարմարեցմամբ: Աստիճանաբար զույգերը սովորում են միմյանց, ընտրում միմյանց համարընդունելի վարքագիծ: Այժմ առաջնային են դառնում այլ խնդիրներ:
Վիճակագրության համաձայն` ավելի հաճախ տարաձայնությունների առիթ են դառնում տնտեսական խնդիրները: Ընդ որում դա որևէ կապ չունի բարեկեցության աստիճանի հետ: Թե ապահովված, թե չունևոր ընտանիքներում նույն մոլուցքով վիճում են, ինչպե՞ս ավելի ճիշտ ծախսել վաստակած միջոցները, ինչի՞ն տալ նախապատվություն և ինչի՞ հաշվին տնտեսել: Եվս մեկ արգելք. դա երեխաների դաստիարակության հարցն է: Նույնիսկ համերաշխ զույգերը դժվարանում են նման բարդ հարցերում գտնել փոխզիջման եզրեր:
Ինչպե՞ս սկսել սուր խոսակցությունները, որոնք կարող են վեճի պատճառ դառնալ
Կոնֆլիկտային իրավիճակների համար գոյություն չունի որևէ դեղատոմս:
-Ամեն ինչ կախված է տաքարյունությունից և փոխհարաբերությունից… _ շարունակում է Տ. Պուշկարևան,- բաըց ամեն դեպքում, կարևոր կառուցողական մոտեցումն է: Առաջին հերթին հարկավոր է գիտակցել, թե ինչ եք ակնկալում այս կամ այն խոսակցությունից և որն է ցանկալի արդյունքը: Եթե նպատակը միայն զուգընկերոջը գանգատներ ներկայացնելն է, ապա չեք կարող հասնել փոխըմբռման : Չէ՞ որ ոչ մեկին դուր չի գալիս նվաստացումն ու վիրավորանքը: Այսպիսի կոնֆլիկտները հակակառուցողական են: Կառուցողական կոնֆլիկտի նպատակը ընտանեկան միության ամրությունն է. հարկ է որոնել խելամիտ փոխզիջում, միասին գտնել այս կամ այն խնդրի լուծումը: Այդ պատճառով պետք է պատրաստ լինել լսելու և հաշվի առնելու հակառակ տեսակետը: Բացի այդ` չափազանց կարևոր է խոսելու համար պատեհ ժամանակ ընտրելը: Կարիք չկա այն հետաձգել մինչ ուշ գիշեր, երբ երկուսդ էլ հոգնած եք: Լավ կլինի ընտրել ազատ ժամանակ, երբ լեցուն եք ուժով և լավ տրամադրությամբ: Կարելի է նախօրոք պայմանավորվել. “Ես կցանկանայի քեզ հետ քննարկել այսպիսի հարց: Ե±րբ և որտե՞ղ կարող ենք այդ անել”: Դա վկայում է, որ արդեն իսկ կարևոր հարցի քննարկումից առաջ դուք պատրաստ եք փոխզիջման:
Ի դեպ` պարտադիր չէ հարաբերությունները պարզել խոհանոցում: Երբեմն շատ օգտակար է կտրվել հարազատ պատերից, խոսել չեզոք գոտում` սրճարանում, այգում: Սա հնարավորություն կտա այլ կերպ նայել իրադարձությանը: Եվ ևս կարևոր պահ. եթե խոսակցության ժամանակ զգում եք, որ կորցում եք ինքնատիրապետումը, ավելի լավ կլինի դադարեցնել խոսակցությունը և այդ թեմային անդրադառնալ հետո: Կարիք չկա գիտակցաբար սրել իրավիճակը: Խուսափեք միմյանց հետ բարձրաձայն խոսելուց, արցունքներից , տրտնջալուց , եղեք հանգիստ, կշռադատ, փորձեք հիմնավորել ձեր խոսքերը, արարքները: Զուգընկերն անպայման պետք է զգա, որ Ձեր գործողությունները թելադրված են միայն ու միայն նրա նկատմամբ սիրուց ու հոգածությունից:
Այն կոնֆլիկտները, երբ մարդիկ միմյանց են ներկայացնում իրենց պահանջները, կարելի է դրական համարել այնքանով, որքանով կարող է միանգամից բացահայտվել իրադրությունը: Սակայն այս դեպքում վնասակարն այն է, որ երկու կողմն էլ ցուցաբերում է ավելի շատ բացասական զգացմունքներ: Այս կոնֆլիկտը նման է հրդեհի, որն անխղճորեն այրում է կամուրջները, որով դեռևս կարելի էր միմյանց վերադառնալ: Միևնույն ժամանակ ճիշտ վեճն ավելի շատ հիշեցնում է մոմի լույս, որտեղ այրվում են ավելորդությունները, բայց անսասան են մնում իրական արժեքները:
Հաճախ գժտությունից հետո ամուսինները նոր զգացմունք են ապրում : Հենց դրա համար էլ մասնագետները նախազգուշացնում են` լռությունը ոչ միշտ է ոսկի: Բարդ իրադրություններում ավելի լավ է բացահայտ խոսել սեփական դիրքորոշման մասին, քան այն հոգու խորքում պահել: Չէ՞ որ, այս դեպքում կոնֆլիկտը չի լուծվի, այլ կդառնա խրոնիկ:
Այժմ շատ հեռուստասերիալներ քարոզում են հետևյալ վարքագիծը. մեծ վեճից հետո ամուսինն այցելում է խանութ և գնում թանկարժեք նվեր, մատուցում կնոջը, իսկ վերջինս ուրախ փարվում է ամուսնուն: Կոնֆլիկտը վերանում է: _Նման ձևը ոչ միշտ է արդյունավետ: Եթե խոսքը մանր, չնչին խոսակցության մասին է, հաճելի անակնկալը կարող է շտկել իրավիճակը, սակայն եթե կոնֆլիկտի հիմքում ընկած է լուրջ խնդիր (ամուսիններից մեկի դավաճանությունը, նրա վատ սովորությունները, օրինակ` հարբեցողությունը), ապա ոչ մի նվեր չի կարող այդ ճեղքը փակել,- այսպես է կարծում Տ. Պուշկարևան:
Ամեն դեպքում, հարկավոր է միմյանց հետ անկեղծորեն խոսել և հասկանալ կոնֆլիկտի էությունը: Հարաբերությունները չի կարելի շտկել միմյանց ֆինանսական ճնշմամբ: Ավելին, եթե ձևն արմատանա, զույգերը միանգամայն հակասական արդյունքի կհանգեն: Վտանգը հետևյալն է. ամուսիններից մեկը կսկսի ղեկավարել մյուսին. դիտավորյալ վեճեր ստեղծել` հաշվի առնելով նվերները: Հարկավոր է գիտակցել, որ բարդ հարաբերությունները սրվում են ճգնաժամային իրավիճակներից` հարազատներից որևէ մեկի հիվանդությունը, աշխատանքի կորուստը, սոցիալակն խնդիրները… Այդ շրջանում ամուսինները պետք է ողջախոհ լինեն: Չնչին բաներից կարող է վեճ ծագել, սակայն մեծանա ինչպես ձնագունդը: Այդ պատճառով կարիք չկա բարդացնել իրավիճակը: Ավելի լավ է դիմել “սուր անկյունները հարթելու” մարտավարությանը: Պետք է զինվել համբերությամբ և միմյանց խնայել: Ամենախելամիտ տարբերակը ձեռք ձեռքի ամուր բռնած` դժվարությունները միասին հաղթահարելն է:
Աղբյուր` "Լույս և Ստվեր" ամսագիր
________________________________________
________________________________________
Մեկնաբանություններ
Arsen
02:53 16.06.2009
Aysinqn chisht er? Vor heqiati masina xosqy? Piruza jan bacatri ban haskananq!!!!!!!
________________________________________
Փիրուզա
05:46 15.06.2009
Մի հին հեքիաթում կինը մշտապես ճիշտ էր, որ վիճում էր իր ամուսնու հետ: