Հոդվածներ
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏՆՈՒՄ
Ինչ կարգով է իրականացվում ամուսնության պետական գրանցումը Հայաստանում.
Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը:
Արգելվում է ամուսնություն կնքել`
ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների`ծնողների ու զավակների,պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.
գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.
դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն` հեռակա կարգով, չի թույլատրվում:
Որ մարմինն է կատարում ամուսնության պետական գրանցումը.
Ամուսնության պետական գրանցումը կատարում է`
- Ամուսնացողներից մեկի հաշվառման վայրի (բնակության վայրի`համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում) ՔԿԱԳ տարածքային մարմինը կամ
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գտնվող`ամուսնության և ծննդի հանդիսավոր գրանցման պալատը.
Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից:
Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ըստ ծառայության վայրի, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման վայրը: Զինծառայողի կողմից ներկայացվում է զինծառայության վայրից տեղեկանք:
Ինչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնության պետական գրանցման համար
Ամուսնության պետական գրանցման համար անհրաժեշտ է`
- ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.
Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին`համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը`ստորագրված ամուսնացող անձի կողմից կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:
- նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթղթերը, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ (օրինակ`ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն):
Ինչպես է որոշվում ամուսինների ազգանունը ամուսնության գրանցման ժամանակ.
Ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում):
Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով, որը պարունակում է կնոջ և ամուսնու ազգանունը միաժամական: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավելի և գրառվում է գծիկով (օրինակ`այրը Սիմոնյան, կինը`Ասատրյան ընդհանուր Սիմոնյան- Ասատրյան): Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը:
Ինչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում ամուսնության պետական գրանցումը.
Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետևանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում:
Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ (ստորև`օտարերկրացու մասնակցությամբ ամուսնություն).
Ինչ կարգով և որ մարմինն է իրականացնում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցումը Հայաստանում.
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության թույլտվության հիման վրա` ՔԿԱԳ տարածքային մարմնում:
Ինչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար
Ամուսնության պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
- ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը .
- ամուսնության բացակայության մասին տեղեկանք`օտարերկրյա իրավասու մարմինների կողմից`<<Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին>> 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով, հաստատմամբ`նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որևէ հաստատում անհրաժեշտ չէ):
- նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ` ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը <<Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին>>1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ`մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական, տեղեկանք և այլն).
- Անձնագրի պատճենը` Հայաստանի Հանրապետության նոտարական թարգմանությամբ հաստատված:
Ինչ ժամկետում է կատարվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցումը.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության թույլտվությունը տրվում է մինչև 10-օրյա ժամկետում, որից հետո ամուսնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով:
Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից`պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը:
Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում:
Հայաստանում ամուսնալուծության ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել [email protected], www.jurist.am