Հոդվածներ
2015-ի հարսանեկան զգեստների ամենանորաձև ոճերն ու գույները
Եթե դուք պլանավորում եք ամուսնանալ 2015-ին և սկսել եք հարսանեկան զգեստի փնտրտուքների բարդ գործը, ապա Wedding.am-ի խորհուրդները հենց ձեզ համար են: Ներկայացնում ենք 2015-ի ամենանորաձև զգեստները:
Գունավոր հարսանեկան զգեստներ
Ով է ասել, որ հարսանեկան զգեստը պետք է միայն սպիտակ լինի: Այս տարի հարսի զգեստի համար նորաձև են համարվում վարդագույնը, մոխրագույնը, երկնագույնը և այլն: Այդ գույներին նախապատվություն են տվել այնպիսի հայտնի դիզայներներ, ինչպիսիք են` Monique Lhuillier-ն, Sareh Nouri-ն, Jenny Packham-ն և այլք:
V-աձև կտրվածքով զգեստներ
V-աձև կտրվածքը կրկին խիստ նորաձև է դառնում հարսների շրջանում: Եվ զարմանալի էլ չէ, քանի որ այդպիսի զգեստները գրավում են հիացած հայացքներ: Կարևոր է հիշել, որ երբ դուք հիմնական շեշտը դնում եք V կտրվածքի վրա, ապա մարմնի մյուս հատվածները ընդգծող զգեստը պետք է ունենա բավական հասարակ դեկոր, այլապես դուք կարող եք ձեր կերպարը պարզապես աղավաղել:
Հարսանեկան զգեստներ` իջեցված թևքերով
Այսպիսի զգեստները կանացիության և քնքշության իսկական արտացոլում են, որոնք հարսի կերպարին տալիս են խորհրդավորություն և կոկեկտություն: Այդպիսի հիասքանչ զգեստներ կարելի է գտնել Pronovias-ի, Marchesa-ի և այլոց հավաքածուներում:
Հարսանեկան զգեստներ` ժանյակավոր թևերով
Ժանյակը նորաձևության անփոխարինելի թրենդ է: Իսկ ժանյակավոր թևերով զգեստները հարսի կերպարին հաղորդում են ռոմանտիկություն, նրբություն, բարձրաշխարհիկությոն և առանձնահատուկ շքեղություն:
Տարբեր շերտերով զգեստներ
Այս տարի նորաձև են դառնում տարբեր գործվածքների և կտրվածքների համադրության ստեղծված զգեստները, որոնք հարսի կերպարը դարձնում են անկրկնելի և թեթև: Այդպիսի զգեստներ կարելի է գտնել Vera Wang-ի, Marchesa-ի, Monique Lhuillier-ի, Papilio-ի և այլ դիզայներների մոտ:
Հարսանեկան զգեստներ` բաղկացած երկու մասից
Տոպից և կիսաշրջազգեստից կազմված զգեստները դարձան անցած ամառվա ամենաթրենդային համադրությունները, որոնք 2015-ին արդեն կիրառվեցին հարսանեկան նորաձևության մեջ: Այդպիսի զգեստներ են առաջարկում Hayley Paige-ը, Theia, Reem Acra-ն, Riki Dalal-ը և այլք: