Հոդվածներ
Ռոմանտիկ և անսահման գեղեցիկ լուսանկարներ հայկական հարսանիքներից
Հարսանեկան լուսանկարչությունը յուրահատուկ տեղ է գրավում ամբողջ հարսանեկան խնջույքի և միջոցառման մեջ, քանի որ հենց դա է լավագույն միջոցը հավերժացնելու այն գեղեցիկ ակնթարթները, որոնք էլ երբեք չեն կրկնվի: Անհերքելի է, որ հայ լուսանկարիչների աշխատանքները վստահորեն կարող են մրցակցել լայն ճանաչում ունեցող լուսանկարիչների գործերի հետ: Wedding.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարչական ասպարեզում բավականին ինքնատիպ և յուրահատուկ գործերով աչքի ընկնող լուսանկարիչ Արման Կարախանյանի աշխատանքները: Անշուշտ, նրանցից յուրաքանչյուր կարելի է տեսնել մեծ վարպետություն և գործին նվիրվածություն, քանի որ բոլոր լուսանկարները այնքան կենդանի ու շնչող են ստացվել, որ թվում է` փոքր-ինչ երկար նայելիս կհայտնվես այն միջավայրում, որտեղ ստեղծվել են այդ գործերը:
-Ե՞րբ եք սկսել զբաղվել հարսանեկան լուսանկարչությամբ
-2006 թվականն էր, երբ ԱՄՆ-ից ընկերս ինձ համար բերեց առաջին թվային տեսախցիկս, և հենց նրա հարսանիքն էլ առաջինը նկարեցի: Մինչև այդ լուսանկարչությամբ զբաղվել եմ որպես հոբբի ու լուսանկարում էի ժապավենով աշխատող տեսախցիկով:
-Ի՞նչ առանձնահատկություններ ունի հարսանեկան լուսանկարչությունը այլ ոլորտների հետ համեմատած
-Հարսանիքների ժամանակ կան կարևորագույն դրվագներ, որոնք տևում են վայրկյաններ` օրինակ մատանիների փոխանակում կամ երբ կոտրում են ափսեները: Պետք է միշտ պատրաստ լինես, այլապես բաց կթողնես պահը: Պատասխանատվությունը մեծ է, քանի որ այդ արագ ընթացող մեկ օրվա մեջ պետք է հասցնել հավաքել համապատասխան ֆոտոնյութերը, որոնք վերջում կգոհացնեն և ինքդ քեզ, և հաճախորդին:
-Ի՞նչ բարդություններ են առաջանում հարսանիքներ լուսանկարելիս
-Դրանք շատ տարբեր կարող են լինել. սկսած նրանից, որ փեսան չի սիրում նկարվել, վերջացրած նրանից, որ մեկ խցանման պատճառով կարող է փոխվել ամբողջ օրվադ գրաֆիկը, նախատեսված մեկժամանոց ֆոտոսեսիայի փոխարեն ամեն ինչ անես 5 րոպեում: