Հոդվածներ
Նախաամուսնական դեպրեսիա. ո՞րն է պատճառը և ինչպե՞ս հաղթահարել այն
Ծայրահեղ լարված նյարդեր, վատ տրամադրություն և անորոշության զգացում: Ամուսնության շեմին կանգնած գրեթե յուրաքանչյուր աղջիկ ունենում է այդօրինակ ապրումներ: Այդ օրերին հարսնացուների մտքով հաճախ անցնում է խզել հարաբերությունը սիրելիի հետ և վերջ դնել ստեղծված իրավիճակին: Շատերը սկսում են կասկածել իրենց սիրո անկեղծությանը, հիշում են նախկին ընկերներին կամ մտածում, որ ավելի լավին էին արժանի: Պրակտիկ հոգեբան Աննա Բադալյանը, որն ընտանեկան հոգեբանությամբ զբաղվում է 20 տարուց ավելի, վստահեցնում է՝ ամեն ինչ նորմալ է:
Wedding.am-ի հետ զրույցում նա ասաց.«Յուրաքանչյուր աղջիկ ամուսնանալիս գիտի, որ դա իր կյանքում եզակի որոշում է, մեկ անգամ է գնալու եկեղեցի, հագնելու հարսի շոր և չի ուզում այդ եզակի հնարավորությունը սխալ որոշման պատճառով փչացնել»: Հոգեբանի խոսքով`մարդը կյանքում այդօրինակ վճռական փոփոխությունների ամեն օր չէ գնում, և բնական է, որ «7 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր» խրատը դառնում է շատ ակտուալ: Սակայն նկարագրված վիճակն այդքան ընկճախտ չէ, որքան անորոշությամբ պայմանավորված անհանգստություն: «Արդյո՞ք կիրականանան իմ երազանքները, արդյո՞ք լավ կլինի:
Շատ հաճախ երիտասարդ աղջիկներն ունենում են դառը օրինակներ՝ շրջապատում, գենետիկ հիշողության մեջ, որոնք ակտիվանում են հենց նման հուզական պահերի»: Աննա Բադալյանի խոսքով` մեր՝ հայերիս, բախտն այդ հարցում բերել է, քանի որ յուրաքանչյուր հարսնացու շրջապատված է իրեն սիրող ընտանիքով և բարեկամներով, որոնք անընդհատ քաջալերում են և թույլ չեն տալիս հարսնացուին ընկճվել: «Իրավիճակը հաղթահարելի է, հուզականության վերջին, և թերևս, ամենաուժեղ փուլը սկսվում է, երբ հարսնացուն լսում է երաժշտության ձայներ բակում: Դրանից րոպեներ անց ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հարսնացուն համոզվում է, որ ճիշտ որոշում է կայացրել ու գնում է երջանիկ ապագա»: Ընտանիքը, իհարկե, իր հետ բերում է նոր անհանգստություններ և ճգնաժամեր, որոնց կանդրադառանք մեր հաջորդ հոդվածներում: