Հոդվածներ
Ի՞ՆՉ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ԵՎ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ
Հաշվի առնելով այն բազում հարցումները, որոնք արվել են արական սեռի ներկայացուցիչների շրջանում, Wedding.am-ը առանձնացնում է մի քանի կետեր, թե ի՞նչ չեն սիրում և չեն ընդունում տղամարդիկ կանանց մեջ: Երբեմն աղջիկները հաշվի չեն առնում այդ կետերը ու դրանցից էլ ծագում են խնդիրներ, վիճաբանություններ իրենց և իրենց զուգընկերների միջև:
Ստորև ներկայացնում ենք հետևյալ կետերը՝
Կազմվածքին անհամապատասխան հագուստ
Երբ փողոցում տղամարդը տեսնում է հաստ կոնքերի վրա մի կերպ նստեցրած շատ կարճ շրջազգեստ կամ կիպ տաբատ, որը մի կերպ է կոճկվել և իրանի հատվածի սալաշերտերն էլ դուրս են պրծել, նա դա չի համարում գրավիչ: Եթե տղամարդիկ սիրում են կանանց տեսնել կարճ հագուստով, սակայն ամենևին չի նշանակում, որ դա վերաբերվում է ցանկացած մարմնի կազմվածքի: Հագուստը պետք է համապատասխան լինի մարմնին:
Չափից դուրս բացվածքներով հագուստ
Այն ոչ թե գրավում,այլ ավելի շուտ` վանում է: Արական սեռը սիրում է չափավոր բացվածքներով, մարմնի գեղեցիկ հատվածները ոչ թե ամբողջությամբ ցույց տվող, այլ թեթև ակնարկող հագուստ:
Չափից շատ շպար
Երբեմն իգական սեռին թվում է, որ տղամարդկանց դուր է գալիս շատ շպարը, նրանք դրա մեջ տեսնում են խնամվածություն: Իրականում դա այդպես չէ, տղամարդիկ տանել չեն կարողանում չափից դուրս շատ շպարված աղջիկներին: Շպարով պետք է ըդգծել բնական գեղեցկությունը, այլ ոչ թե նկարել կամ աղավաղել այն:
Չխնամված ձեռքեր
Տղամարդիկ չափից դուրս մեծ ուշադրություն են դարձնում կանացի ձեռքերին: Դրանք միշտ պետք է լինեն խնամված, մաքուր, կոկիկ և ցանկալի է, որ ձեռքերի հատվածում ևս օծանելիք օգտագործեք:
Տարբեր բույրերի միախառնում
Խոսքը բնավ քրտնքի հոտի մասին չէ, սրա մասին, կարծում եմ, ավելորդ է նույնիսկ խոսել: Տղամարդիկ ուղղակի սիրում են երբ նրանց կողքին գտնվող աղջիկը հաճելի է բուրում: Դրա համար կարելի է օգտագործել նուրբ բույր ունեցող օծանելիքներ, հաճելի հոտով շամպուն, հոտավետ ձեռքի կրեմներ և այլն: Սակայն պետք է զգուշանալ տարբեր հոտերի միախառնումից, քանզի այն կարող է անտանելի և տհաճ լինել:
Հարցախեղդ անելու սովորություն
«Ու՞ր էիր», «ի՞նչ էր պատահել», «ինչու՞ չէիր զանգահարում» և այլն : Այս հարցերի ամենօրյա կրկնումը կարող է լուրջ խնդիրների առաջացնել: Փորձեք հարցեր տալ հնարավորինս քիչ, հավատացեք եթե տղան ուզենա ինչ-որ բան պատմել կամ բացատրել, դա կանի առանց ձեր հարցերի: Տղաների համար ամենանցանկալի և տհաճ թեմաներից են ՝ հարցեր նախկին ընկերուհիների մասին: «Ինչպիսի՞ն էր նա», «արդյո՞ք ինձ նման էր», «սիրու՞մ էիր նրան» : Մի՛ տվեք հարցեր, առավել ևս անցյալին վերաբերվող: Պետք լինի` կպատմի: Չի պատմում ` հարգեք լռությունը: Ժամանակը գա, ամեն ինչ կիմանաք, սովորեք համբերել:
Փնթփնթանություն և մշտական դժգոհություն
Մի՛բողոքեք ու մի՛ նվնվացեք: Եթե ունեք ինչ-որ խնդիրներ ու հարկ կա կիսվելու հակառակ սեռի հետ, կարելի է այդ ամենի մասին խոսել շատ հանգիստ, մտերմիկ տոնով: Բողոքելով ոչնչի չեք հասնի,ավելին` կսրեք իրավիճակը:
Կամակորություն
Սովորեք ընդունել դիմացինի ասածը, անմիջապես մի հակաճառեք: Եթե ձեր կամակորությունները սկսեն կրել հաճախակի բնույթ, դա կհոգնեցնի ձեր արական սեռի բարեկամին ու վերջիվերջո դուք նրա համար կդառնաք անհետաքրքիր ու անիմաստ, կամակոր աղջիկ:
Ժարգոնային և գռեհիկ արտահայտություններ
Մի՛ արեք ժարգոնային և գռեհիկ արտահայտություններ՝ ազիզ, անասուն, հորս արև, էշ, տուֆտա, ազիզ և այլն: Հանեք այս բառերը ձեր բառապաշարից: Տղաները տանել չեն կարողանում կոպիտ լեքսիկոնով աղջիկների: Նրանց կողմից կարող եք արժանանալ նույնիսկ շատ լուրջ ու կոպիտ հանդիմանության: Փորձեք հեռու մնալ այսպիսի բառերից:
Լաց ու կոծ
Լացը համարվում է ամենաուժեղ հակահարվածը արական սեռին: Կան տղամարդիկ, ովքեր ուղղակի ուժ չունեն դիմանալու արցունքներին: Սակայն երբ արցունքները կրկնվում են ամեն օր, դա դառնում է սովորական նվնվոց, նրանք ձեռք են բերում լացի դեմ դիմադրողականություն ու արդեն հանգիստ դիմանում են դրան: Հետո արդեն լացը սկսում է նյարդերը սղոցել: Այնպես որ գծեք ձեր լացելու գրաֆիկն ու լացեք ըստ անհրաժեշտության: Թե չէ դիմադրողականություն ձեռք կբերեն ու դուք էլ զենք չենք ունենա:
Անձնական իրեր քչփորել
Տղամարդիկ ամենաշատը գնահատում են վստահությունը, հավատացեք: Ամեն ինչից վեր նրանք իրենց հանդեպ վստահությունն են սիրում: Այդ իսկ պատճառով մի քչփորեք ձեր ընկերոջ հեռախոսը, մի հոտոտեք հագուստը, մի մտեք պայուսակի մեջ: Եթե ինչ որ բան է անհրաժեշտ նրա հեռախոսից կամ պայուսակից, դիմեք նրան, նա ինքը ձեզ կփոխանցի այն, ինչ անհրաժեշտ է:
Հրամաններ և կարգադրություններ
Չփորձեք տղամարդուն պահել ձեր բռի մեջ. «սա չանես» «ստեղ չգնաս», «սրա հետ մի շփվի»: Մի օգտագործեք շեշտ կրող նախադասություններ: Ամեն ինչ կարելի է ասել հանգիստ, խաղաղ տոնով:
Ընտրության առաջ կանգնեցնել: «Կամ ես, կամ նա», «կամ էսօր ենք գնում, կամ էլ ընդհանրապես չենք գնում» : Մի օր սա ուղղակի ափերից կհանի ու այդ ժամանակ դուք կհայտնվեք ոչ նախանձելի իրավիճակում:
Հաշվի առնելով վերոհիշյալ կետերը և դրանցից զերծ մնալով՝ կխուսափեք տհաճ խոսակցություններից և վեճերից, ամուր պահելով ձեր գեղեցիկ հարաբերությունները: