Հոդվածներ
Հարսանեկան ինչպիսի զգեստներ են կրում աշխարհի տարբեր երկրների հարսները
Հարսանիքը, որքան էլ այժմ տոնվում է արդիական և գերժամանակակից լուծումներով, այնուամենայնիվ, ավանդական ծիսակատարություն է, և մինչև այժմ էլ գրեթե բոլոր հարսանիքների ժամանակ կան արարողակարգեր, որոնք եկել են հին ժամանակներից: Մեծ փոփոխությունների այժմ ենթարկվել հարսանեկան նորաձևությունը և հայտնի ու նորահայտ բոլոր դիզայներները ամուսնացող աղջիկներին առաջարկում են մեկը մյուսից աննման զգեստներ: Այսօր Wedding.am-ը իր ընթերցողների համար պատրաստել է իսկապես հետաքրքիր հոդված այն մասին, թե հարսանեկան ինչ զգեստներ են կրում աշխարհի տարբեր երկրների հարսնացուները:
Նորվեգիա
Նորվեգացի հարսները քողի փոխարեն շատ հաճախ թագ են կրում, որը պատրաստված է լինում արծաթից կամ պղնձից, այն զարդարում են շղթաներով և զանգակներով: Համարվում է, որ զանգակների ղողանջը հարսնացուից հեռու է վանում չար ոգիներին:
Այժմ թագ ունենալու խնդիրը շատ ավելի հեշտ է լուծել, քանի որ թագերը նույնիսկ վարձով են տրվում: Իսկ եկեղեցուց վերցված թագը անմեղություն է խորհրդանշում:
Հարավաֆրիկյան Հանրապետություն
Աֆրիկյան այս երկրի հարսները հարսանիքի օրը, ըստ ավանդույթի, մերկացնում են կուրծքը: Հագուստից մնում է կիսաշրջազգեստը, ապարանջանը և գլխի զարդարանքը:
Ժամանակին հարսների համար հատուկ սանրվածք կար. մազերը ամբողջությամբ սափրում էին` գլխի մեջտեղի հատվածում թողնելով մի փոքրիկ ծամ, որը պատում էին տարատեսակ յուղերով: Այժմ այդ սանրվածքին փոխարինելու են եկել գլխի հատուկ զարդարանքներ, որոնք ստեղծվում են բնական մազերից, տարբեր բույսերից և գործվածքներից:
Գերմանիա
Մինչև XIX դարը գերմանացի հարսները իրենց գլուխները զարդարում էին կանաչ տերևներով հյուսված պսակներով: Այժմ նույնպես շատերը կրում են մրտենու տերևներից հյուսված պսակ, որը խորհրդանշում է անմեղություն և մաքրություն: Գերմանացիները հավատում են այս բույսի զորությանը:
Ղազախստան
Ղազախ հարսների հանդերձանքի մեջ ամենագեղեցիկ հատվածը համարվում է ազգային տարազի մաս համարվող սաուկելեն` գլխազարդ, որի բարձրությունը կարող է հասնել 70 սմ-ի:
Դրա բարձրությամբ նախկինում որոշել են հարսի դաստիարակությունը և նվիրվածությունը ավանդույթներին:
Բուլղարիա
Առանձնահատուկ հետաքրքիր ավանդույթներ ունի Բուլղարիայի արևմտյան հատվածում ապրող ազգը` պոմակները: Նրանց հարսանիքները տեղի են ունենում միայն ձմռանը:
Միջոցառման գագաթնակետը լինում է հարսի ցուցադությունը, ում որպես անգին զարդ ցուցադրում են ինչպես հյուրերին, այնպես էլ տոնով հետաքրքրված զբոսաշրջիկներին:
Հարսը զարդարված է լինում բազմաթիվ թանկարժեք քարերով, իսկ դեմքը նման է լինում գեղագիտորեն զարդանախշված դիմակի: Այն ծածկված է լինում սպիտակ կավի հաստ շերտով` նկարազարդված տարբեր նախշերով:
Եմեն
Եմենում հարսին զարդարում են այնքան արծաթյա զարդով, որքան նա ի վիճակի է իր վրա պահել, քանի որ համարվում է, որ որքան շատ արծաթ նա իր վրա կրի, այնքան հաջողակ ամուսնություն կլինի:
Զարդերի մեջ մտնում են տարատեսակ շղթաներ, ապարանջաններ:
Թուրքմենստան
Թուրքմեն հարսի կերպարում առավել աչքի է ընկնում կրկին գլխազարդը, որի բարձրությունը հասնում է 30 և ավելի սմ բարձրության: Դրա վերին հատվածը զարդարում են բույսերով, ապա կարմիր շղթաներով:
Թուրքմենների մոտ կարմիր գույնը ասոցացվում է պտղաբերության և բարեբերության հետ: