Հոդվածներ
Ում ընտրել (Գլուխ 1)
Հաճախ մարդիկ ընտրության առջև են կանգնում. ու՞մ ընտրել, ինչպե՞ս վարվել: Դժվար է որոշել ճիշտ ուղին: Մեկը լսում է սրտին, մյուսը` բանականությանը: Իսկ մեր օրերում արդյո՞ք սրտին են լսում:
Հաճելի երեկո էր: Արմանն ու Եվան զբոսնում էին միասի, երբ հանկարծ Արմանն իրեն վատ զգաց.
- Ի՞նչ պատահեց, սիրելի՛ս:
- Ոչինչ, պարզապես գլուխս պտտվեց:
- Արի՛ նստենք այստեղ,- ասաց Եվան` ուղղվելով դեպի մոտակա նստարանը:
- Արմա՜ն, սա առաջին անգամը չէ, ինչու՞ չես գնում բժշկի: Արի հենց վաղը գնանք:
- Սիրելի՛ս, դու լավ գիտես, որ ես բժշկի գնալ չեմ սիրում, և հետո, դրա կարիքը ամենևին էլ չկա` ուղղակի գլխապտույտ է, կանցնի:
- Ուղղակի գլխապտույտ: Չի կարելի այդպես վերաբերել առողջությանը, Արմա՜ն, ես արդեն անհանգստանում եմ:
- Խնդրում եմ քեզ, դու, ինչպես միշտ, ամեն ինչ չափազանցնում ես: Կտեսնես, որ շուտով կանցնի ու արի այդ մասին չխոսենք, լա՞վ:
- Լա՜վ, բայց խոստացիր, որ եթե մի անգամ էլ կրկնվի, անպայման կդիմես բժշկի:
- Խոստանում եմ,- ասաց Արմանը և ջերմորեն գրկեց աղջկան:
- Ես քեզ այնքա՛ն եմ կարոտել:
- Դե լավ, մենք ընդամենը երկու օր չենք հանդիպել:
- Իսկապես, իսկ ինձ թվում էր երկու շաբաթ: Ես երկու ժամով անգամ չեմ ուզում քեզանից բաժանվել:
- Ինձ համար էլ շատ թանկ են մեր` միասին անցկացրած րոպեները, սիրելի՜ս:
- Եվա՛, այնքան կուզեի հենց հիմա քեզ հետ գնալ այստեղից շատ հեռու, հայտնվել մի գողտրիկ վայրում, որտեղ կլինեինք միայն ես ու դու, իսկ դու չէի՞ր ցանկանա, կգայի՞ր ինձ հետ:
- Պարզվում է` դու ինձանից խենթ ես, դրա համար էլ շատ եմ քեզ սիրում: Իհարկե կգայի, քեզ հետ ես ամեն տեղ էլ կգամ: Իսկ հիմա, երիտասա՛րդ, բարի եղեք ինձ տուն ճանապարհել, եթե դժվար չէ:
- Իհարկե, շատ դժվար է, բայց դե ինչ կարող եմ անել, որ արդեն ձանձրացրի իմ գեղեցկուհուն:
- Դու շատ լավ գիտես, որ ես էլ գնալ չեմ ուզում, բայց արդեն ուշ է, մաման կանհանգստանա:
- Լավ, միայն թե զգույշ կլինես:
- Ինչու՞ ես ինձ ամեն ճանապարհելուց նույն բանն ասում, սիրելի՜ս, դու ի՞նչ է, վախենում ես, որ…
- Այո՛, երբ դու ինձ հետ չես, ես վախենում եմ, որ ինչ-որ մեկը կնեղացնի քեզ:
- Չափազանցնում ես, կարիք չկա անհանգստանալու: Դու լավ գիտես, որ եթե պետք լինի, ես կարող եմ ինձ պաշտպանել:
- Գիտեմ: Դե, առայժմ, իմ Վեներա:
- Առայժմ, սիրելի՜ս:
Պատահական չէր, որ Արմանը Եվային մեկ-մեկ Վեներա էր անվանում: Եվան չափազանց նման էր նրան. շեղ աչքերով, սուր քթով, անթերի կառուցվածքով ու բարձր հասակով խորհրդավոր Եվան իրոք, որ կարծես երկրորդ Վեներան լիներ:
Տուն գնալիս Արմանը դարձյալ վատ զգաց իրեն, մի պահ թվաց` ուր որ է կուշաթափվի: Թեև նա ցույց էր տալիս, որ իրեն չեն անհանգստացնում իր գլխապտույտները, ներքուստ վախենում էր, այդ էր պատճառը, որ չէր դիմում բժշկի: Մինչև տուն հասնելը Արմանը ամեն ինչ անում էր, որ գունատ դեմքը չմատնի իրեն, այլապես տիկին Ռոզան` նրա մայրը, միանգամից կնկատի, որ իր հետ ինչ-որ բան այն չէ և ինչ գնով էլ լիներ` կստիպեր հետազոտվել: Արմանը ապրում էր ծնողների և եղբոր` Սամվելի հետ: Սամվելը` ավագ եղբայրը, թիկնեղ, բարձրահասակ, կոպիտ դիմագծերով, սիրալիր երիտասարդ էր: Հայրը` պարոն Սեդրակը, քանդակագործ էր: Նա շատ էր սիրում իր մասնագիտությունը, կարծում էր, որ տղաներից մեկը կժառանգի իր մեծ տաղանդը, բայց նրա սպասումները չարդարացվեցին. Սամվելը ապագա իրավաբան էր, սովորում էր պետական համալսարանի հինգերորդ կուրսում, իսկ Արմանը սովորում էր համալսարանի տնտեսագիտական բաժնի երրորդ կուրսում:
Երբ տուն մտավ, տանը մենակ մայրն էր, շատ բարձր տրամադրությամբ ընթրիք էր պատրաստում խոհանոցում: Ոչ շատ գեղեցիկ, բայց շատ հմայիչ էր տիկին Ռոզան: Նա իր ամբողջ կյանքը նվիրել էր ընտանիքին և երբեք չէր բողոքում դրանից:
- Բարև մա՛մ,- ասաց Արմանը` ջերմ համբուրելով մորը:
- Բարև որդիս: Ճաշը պատրաստ է, լցնե՞մ, թե…
- Չէ մամ, թող գան` միասին կընթրենք, իսկ մինչ այդ գնամ մի քիչ հանգստանամ, մի տեսակ հոգնած եմ:
- Արմա՜ն:
- Ասա՜, մամ:
- Դու քեզ լա՞վ ես զգում, գույնդ ինձ դուր չի գալիս:
- Ինչ նման եք դու ու Եվան, երկուսդ էլ անտեղի անհանգստանում եք:
- Սպասի՜ր, ուրեմն Եվա՞ն էլ է նկատել, որ վերջերս դու մի տեսակ գունատ ես:
- Մա՜մ, ոչ մի բան չկա, պարզապես հոգնած եմ, այդքան բան:
- Բայց ես զգում եմ, որ…
- Դե բավական է ինձ հիվանդի տեղ դնեք,- բղավեց Արմանը: Նրա դեմքը այնպես փոխվեց, որ տիկին Ռոզան ապշեց, կարծես ուրիշ մարդ էր նրա դիմաց կանգնած, նա երբեք Արմանին այդ վիճակում չէր տեսել:
Արմանը շատ գրավիչ տղա էր. բարձրահասակ, կանոնավոր դիմագծերով, հատկապես արտահայտիչ աչքերով աչքի ընկնող երիտասարդ էր: Բայց վերջերս նրա դեմքը մի տեսակ փոխվել էր:
- Ներիր, մայրի՛կ, ես իրավունք չունեի քեզ հետ այդ տոնով խոսել:
- Որդի՜ս, ախր դու շատ համառ ես, ի՞նչ կլինի, որ ստուգվես, ի՞նչ կա դրանում: Ինչ-որ բուժում կնշանակեն: Խնդրում եմ քեզ, արա՛ դա հանուն ինձ, թե չէ ես հանգիստ չեմ ունենա:
Արմանը, տեսնելով մոր վշտահար դեմքը, չկարողացավ մերժել նրա խնդրանքը:
- Լավ, մամ, հենց վաղը կգնամ:
- Ինչպե՞ս թե կգնամ, ես քեզ հետ կգամ:
- Ո՛չ, ես մենակ կգնամ,- շեշտեց Արմանը` մտածելով, որ եթե ինչ-որ լուրջ բան լինի, մայրը չիմանա:
Տիկին Ռոզան, իմանալով համառ որդուն, չվիճեց.
- Դե ուրեմն, գոնե եղբորդ հետ գնա, խնդրում եմ:
- Լավ, Սամվելի հետ կգնամ, իսկ հիմա` իրոք ուզում եմ հանգստանալ, մա՛մ,- ասաց և գնաց իրենց սենյակը:
Արմանի ու Սամվելի սենյակը պատված էր գեղեցիկ նկարներով, որոնցից մի քանիսը ինքն էր նկարել, նա շատ լավ էր նկարում, բայց երբեք չէր մտածել այդ գծով մասնագիտանալ: Մի անկյունում տեղ էին գտել փոքրիկ քանդակներ, որոնց մեծ մասը հոր աշխատանքներն էին: Պատուհանին կից գտնվում էր Սամվելի գրասեղանը, որը նրա անբաժան ընկերն էր, որի մոտ նստած նա շատ գիշերներ էր լուսացրել:
Թուլությունից էր, թե հոգնածությունից, Արմանը փռվեց անկողնուն և աչքերը փակվեցին:
2.
Երկու ժամ էր արդեն, ինչ քնած էր Արմանը, երբ հայրն ու եղբայրը տուն եկան:
Երբ նստեցին ընթրելու, հայրը հարցրեց.
- Իսկ Արմա՞նը:
- Արմանը ցանկացավ մի քիչ հանգստանալ մինչև ձեր գալը, որպեսզի միասին ընթրեք, բայց քիչ առաջ տեսա` դեռ քնած էր:
- Նա այս ժամին երբեք չի քնել:
- Օ՛ֆ, Սեդրա՛կ, չգիտեմ ի՞նչ մտածեմ, Արմանը փոխվել է, սիրտս զգում է` ինչ-որ վատ բան է լինելու:
- Բայց դու ինձ ոչինչ չես ասել Ռոզա, ի՞նչ է պատահել Արմանին:
- Ինձ թվում է` նա հիվանդ է, տեսքը ինձ դուր չի գալիս:
- Իսկ ինչու՞ ես հիմա ասում ինձ, բժշկի մոտ գնացել եք:
- Այսօր մի կերպ համոզեցի: Ասաց` վաղը կգնա: Ինձ հետ չի ուզում, ասացի` գոնե Սամվելի հետ գնա:
- Սամվել ջան, կգնաս վաղը հետը, ես լավ ծանոթ բժիշկ ունեմ` Հրանտ Պողոսիչը, կպայմանավորվեմ կգնանք:
- Իհարկե կգնամ մամ ջան, բայց դու իզուր ես այդքան անհանգստանում: Կտեսնես, որ լուրջ բան չկա:
- Աստված ձայնդ լսի, որդի՛ս:
- Գնամ տեսնեմ չի՞ արթնացել:
Երբ Սամվելը գնաց, ծնողները նայեցին իրար ու խորը հառաչեցին:
3.
Երբ Սամվելը մտավ սենյակ, Արմանը դեռ քնած էր և քանի որ արդեն շատ ուշ էր, որոշեց չարթնացնել և անձայն պառկեց քնելու: Բայց չկարողացավ քնել, որովհետև ամբողջ գիշեր Արմանը անհանգիստ շուռումուռ էր գալիս: Սամվելին մի պահ թվաց թե նա զառանցում է:
- Արմա՜ն, Արմա՜ն, դու ինձ լսու՞մ ես:
Արմանը վեր թռավ ու միանգամից նստեց.
- Սա՛մ, ի՞նչ է եղել, ինչու՞ ես ինձ այդպես նայում:
- Ուղղակի անհանգիստ էիր քնիդ մեջ, ես էլ…
- Ների՛ր, երևի չեմ թողել քնես:
- Դա կարևոր չէ: Դե, քանի որ արդեն արթուն ես, ես ուզում եմ խոսել քեզ հետ:
- Խոսի՛ր, լսում եմ,- կարճ կտրեց Արմանը` կարծես գուշակելով ի՞նչ պետք է խոսի:
- Մաման ասաց, որ պետք է բժշկի գնանք ու այսօր կգնանք: Բայց ես քեզ մի բան եմ խնդրում, մենք միշտ վստահել ենք իրար, այնպես չէ՞:
- Այդպես է:
- Դե ուրեմն, ասա՜ ինձ, ի՞նչն է քեզ անհանգստացնում: Կարող ես վստահ լինել, այդ մասին ինձնից բացի ոչ ոք չի իմանա:
Այդ պահին Արմանին իրոք մեկը պետք էր, որ պատմեր իր ապրումները: Մտածեց, որ նա կարող է վստահել միայն եղբորը:
- Բանն այն է, որ իմ վիճակը ինձ էլ է շատ հուզում, բայց ես ամեն կերպ փորձում եմ դա թաքցնել, հատկապես մամայից ու Եվայից, դու լավ գիտես ինչու:
- Բայց ինչու՞ ինձ ոչինչ չէիր ասում, երբվանի՞ց է ի հայտ եկել քո թուլությունը:
- Մոտ մեկ ամիս առաջ: Սկզբում ինձ թվում էր սովորական գլխացավ է, շուտով կանցնի, բայց հետո…
Սամվելը կարծես նոր նկատեց խեղճացած, օգնության կարիք ունեցող եղբոր դեմքը, նրա սիրտը այնպես ճմլվեց:
- Ես մեղավոր եմ, ինչպե՞ս կարող էի չնկատել` քեզ հետ ի՞նչ է կատարվում:
- Դու մեղավոր չես, պարզապես ես լավ դերասան եմ:
- Ինչևէ, վաղը ամեն բան կպարզվի: Մի՛ մտածիր, ամեն ինչ լավ կլինի: Իսկ հիմա փորձիր մի քիչ քնել, շուտով կլուսանա: Առավոտյան քեզ ավելի լավ կզգաս:
Առավոտյան ժամը ութն էր արդեն, բայց լույսը կարծես չէր բացվել: Օրը մռայլ էր, ամբողջ գիշեր անձրև էր եկել: Տղաները արթնացան աղմուկից: Տիկին Ռոզան էր, նա ողջ գիշեր չէր քնել, շուտվանից հագնված նստած էր հյուրասենյակում` սպասելով որդիների արթնանալուն: Վաղ առավոտյան արդեն պայմանավորվել էր բժշկի հետ: Ժամը տասին բժիշկը սպասում էր նրանց:
- Բարի լույս, մամ ջա~ն:
- Սամվել, որդի՛ս, եղբորդ կողքին կլինես, սիրտս լավ բան չի գուշակում, ամեն ինչ ուշադիր կլսես, ինչ-որ կասի կասի պրոֆեսոր Պողոսյանը, որ ինձ մանրամասն ասես:
- Մամ, հանգիստ եղիր, դու չափազանցնում ես: Կտեսնես` ոչ մի վտանգավոր բան էլ չի լինի:
- Ա՛խ, ես ամբողջ գիշեր աղոթել եմ Աստծուն, որ պահպանի որդուս, որ…
- Շատ լավ ես արել, հավատա քո աղոթքները շատ կօգնեն նրան:
- Ես պատրաստ եմ,- ասաց Արմանը` մտնելով հյուրասենյակ:
- Բարև մամ ջան:
- Բարև, սիրելի՜ս: Ինչպե՞ս ես քեզ զգում:
- Շատ լավ, իսկ դու՞… Միանգամից երևում է, որ ողջ գիշեր աչք չես փակել: Ինձ համար մի անհանգստացիր, երբ վերադառնանք ու ասենք պատճառը, մի լավ կծիծաղես, փոքր բանից այսքան հուզվել ես:
- Դուք երկուսդ իմ կյանքի իմաստն եք, ու եթե ձեզ հետ ինչ-որ բան պատահի, ես կխելագարվեմ:
- Իմ չքնաղ մայրիկ, հանգիստ եղիր, մեզ ոչ մի վատ բան չի լինի: Դե, արդեն ժամանակն է, գնանք, թե չէ կուշանանք:
- Առայժմ մամ ջան:
- Առայժմ սիրելիներս, Աստված ձեզ հետ:
4.
- Եվա, տա՞նն ես աղջիկս:
- Այո, մայրիկ, պատշգամբում եմ:
Տիկին Հասմիկը` Եվայի մայրը, լավ կին էր, բավականին գեղեցիկ, սակայն նրա գեղեցկությունը քչերը կարող էին նկատել, պատճառը նրա գրեթե միշտ դեմքի խիստ արտահայտությունն էր: Օտար լեզուների մասնագետ էր, դասավանդում էր համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, որտեղ էլ սովորում էր Եվան: Եվան տան միակ երեխան էր: Նրա հայրը գործարար էր: Գործի բնույթով հաճախ էր գործուղման մեկնում, դրա համար էլ տարվա մեծ մասը մայր ու աղջիկ մենակ էին լինում:
- Ես էլ կարծում էի տանը չես լինի, մի՞թե այսօր Աննայի հետ կինո չէիր գնալու:
Աննան Եվայի լավագույն ընկերուհին էր, նրանք դեռ մանկուց անբաժան էին իրարից:
- Այո, բայց զանգեցի, ասացի, որ լավ չեմ զգում, ու հետաձգեցինք:
- Լավ չե՞ս զգում, իսկ ի՞նչդ է ցավում:
- Լուրջ բան չկա, պարզապես տրամադրություն չունեմ:
- Վիճե՞լ ես Արմանի հետ:
- Ոչ, մեզ մոտ ամեն ինչ լավ է: Զանգեցի նրան, նրա մայրն ասաց, որ բժշկի է գնացել: Ես էլ մի քիչ անհանգիստ եմ: Մի քանի ժամ է անցել, իսկ նա դեռ չի զանգել:
- Ի՞նչ է պատահել նրան, լուրջ բա՞ն կա:
Եվան, վախենալով, որ մայրը կարող էր կառչել Արմանի վատ զգալուց, տարբեր հիվանդություններ կասկածել, հազար անգամ զղջաց, որ պատմեց այդ մասին մորը, որովհետև, եթե լուրջ բան լիներ, նա կստիպեր թողնել Արմանին:
- Դե ոչ, ոչ մի լուրջ բան, դու լավ գիտես ինձ, ես սիրում եմ չափազանցնել, ուղղակի մի քիչ վատ էր զգում իրեն: Ավելորդ հետազոտումը չի խանգարի, չէ՞:
- Դե, եթե այդպես է, ավելի լավ:
5.
Արմանը հանձնեց բոլոր անհրաժեշտ անալիզները, որոնց արդյունքներին երկու օր հետո կտեղեկանար:
- Դե, շատ տանջեցինք քեզ, երիտասա՛րդ,- ժպտալով ասաց պրոֆեսոր Պողոսիչը: Մեր բուժքույրերը շատ բարի են ու համբերատար: Կարծում եմ` ինքներդ համոզվեցիք:
- Բայց նաև շատ համառ, պատկերացրեք, որ ինձ հաղթեցին իրենց համառությամբ, ես ստիպված եղա նահանջել:
- Ուրեմն սպասում ենք ձեզ վաղը չէ մյուս օրը: Մամային ջերմ բարևներ:
- Նա երևի հիմա տեղը չի գտնում:
- Բոլոր մայրերն էլ այդպիսին են:
- Շնորհակալ ենք բժիշկ, կտեսնվենք երկու օրից,- ասաց Սամվելը և երկուսով դուրս եկան բժշկի աշխատասենյակից:
- Ինչպե՞ս ես քեզ զգում, Արման:
- Նորմալ, չհաշված այդ տհաճ ստուգումները:
- Կարծես երեխա լինես, պատկերացնում եմ, եթե ստիպված լինես մի քանի դեղեր խմել, ինչքան ես մեզ տանջելու
- Ժամը քանի՞սն է:
- Մոտ 14.00
- Այ քեզ բան, լրիվ մոռացել էի: Ես պետք է Եվային հանդիպեմ: Ու միագամից նրա դեմքը մռայլվեց:
- Սամ, ի՞նչ ես կարծում, արժե՞ նրան ասել, որ բժշկի եմ գնացել:
- Իհարկե, իսկ ի՞նչ կա դրանում:
- Ես չեմ ուզում, որ Եվան մտածի…
- Արմա՜ն, դու անարդարացի ես նրա նկատմամբ: Դու կարծում ես, որ նա… Հիմարություններ ես մտածում, մի՞թե մոռացել ես, որ նա ինքն էր քեզ խնդրում հետազոտվել, դու լավ չես ճանաչում ընկերուհուդ:
- Ճիշտ ես, նա շատ է անհանգստանում ինձ համար: Կասեմ, բայց անալիզների պատասխանները ստանալուց հետո:
- Ինչպես կուզես:
- Իսկ հիմա գնանք տուն, մաման չանհանգստանա:
- Գնացի՜նք:
Ու չնայած նրան, որ տղաները լավ տրամադրության մեջ էին, տիկին Ռոզան չէր շտապում ուրախանալ, նա անհամբեր սպասում էր անալիզների պատասխաններին:
- Եվան էր զանգել, տղաս:
- Դու նրան ասացիր` ու՞ր եմ գնացել:
- Այո՛, իսկ ի՞նչ է, պետք է չասե՞ի:
- Լավ, արդեն կարևոր չէ, հիմա կզանգեմ նրան:
6.
- Մամ ես դուրս եմ գալիս, Արմանի հետ պետք է հանդիպեմ:
- Լավ, հետո կգաս տատիկենց տուն, պետք է այսօր այցելեմ նրան, հետո միասին տուն կգանք:
- Շատ լավ, ես կարոտել եմ նրան, նա ինձ այնքա՛ն լավ է հասկանում:
- Ի տարբերություն ինձ, չէ՞:
- Ո՛չ, ուղղակի առանց որևէ բան ասելու նա արդեն գիտի` ինձ հետ ինչ է կատարվում, միշտ ինձ ճիշտ խորհուրդներ է տալիս:
- Արմանին շատ է հավանում, դրա համար նա քեզ էլ ավելի է հարազատ, չէ՞:
- Այո մայրիկ: Ես շատ ուրախ եմ, որ ունեմ այնպիսի տատիկ, որին ամեն ինչ կարող եմ վստահել:
- Ես էլ եմ ուրախ, աղջիկս, քեզ ուրախ ժամանց, շատ չուշանաս:
7.
Դրսում դանդաղ անձրև էր մաղում: Ե՛վ Եվան, և՛ Արմանը պաշտում էին անձրևը:
- Ողջու՜յն, գարունս:
- Բարև, սիրելիս:
- Ու՞ր ենք գնում:
- Արի այսօր քայլենք ողջ Երևանով:
- Այս անձրևի՞ն, դու իրոք, որ խենթ ես:
- Բայց չէ՞ որ ցուրտ չի, մենք երկուսս էլ շատ ենք սիրում անձրևը:
- Ինչպե՞ս կարող եմ մերժել քեզ,- ասաց Արմանը և ջերմագին համբուրեց աղջկան:
Նրանք գտնվում էին Թումանյան փողոցում: Այնքան երջանիկ, այնքան գեղեցիկ զույգ էին Արմանն ու Եվան, որ հաճախ մարդիկ նայում էին նրանց ու ժպտում:
- Ես շնորհակալ եմ Աստծուն, որ դու ես իմ կյանքի միակ, անկրկնելի, սիրելի ուղեկիցը: Արման գիտե՞ս, երբ առաջին անգամ քեզ տեսա, զգացի, որ այլևս դու իմ կյանքում մեծ դեր ես խաղալու:
- Իսկապե՞ս, դու ինձ այդ մասին չէիր ասել, իսկ երբ ես քեզ առաջին անգամ տեսա, միանգամից մեծ ցանկություն առաջացավ ինձ մոտ առանց մտածելու մոտենալ քեզ և համբուրել:
- Այ քեզ բան, ճիշտ են ասում, որ բոլոր տղաներն էլ նույնն են:
- Այո՞:
- Ո՜չ, դու ուրիշ ես, դու իմ կյանքի ամենամեծ նվերն ես:
- Իսկ դու իմ կյանքի իմաստն ես, քեզ հանդիպելուց հետո, առանց քեզ ես ինձ չեմ պատկերացնում:
- Երբ սիրահարվեցի քեզ, այնքա՛ն էի վախենում, որ իմ զգացմունքները փոխադարձ չեն լինի, այդ ժամանակ դու այդքան էլ ցույց չէիր տալիս, որ ինձ սիրում ես:
- Դու քեզ այնքան հեռու ու սառն էիր պահում, որ ես կասկածում էի, որ քեզ նման հրեշտակը կարող է ինձ սիրել, չէի համարձակվում ասել քեզ այդ մասին:
- Բայց մենք շատ անմիջական շփվում էինք որպես ընկերներ:
- Հենց դրանից էլ ես վախենում էի, որ դու ինձ որպես ընկեր էիր վերաբերվում, ի՞նչ իմանայի, որ…
- Մի խոսքով մենք երկուսս էլ արտակարգ դերասաններ ենք:
- Այո, բայց դա արդեն կարևոր չէ, կարևորն այն է, որ մենք միասին ենք այժմ և հավիտյան:
- Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ ինձ խոստովանեցիր: Ես շատ անտարբեր էի, բաըց չես էլ կարող պատկերացնել ներքին ուրախությունս, հազիվ էի ինձ զսպում, որ չփաթաթվեմ քեզ ու շշնջամ`վերջապես:
- Իսկ ես այդ գիշեր չկարողացա քնել, ինձ թվում էր` կմերժես անպայման, միանգամից «չէ» չասացիր միայն նրա համար, որպեսզի մի քանի օր էլ տանջես:
- Հա, հա, հա,- ծիծաղեցին:
- Ի դեպ, ի՞նչ ասաց բժիշկը:
- Ոչինչ, երկու օրից անալիզների պատախանները կիմանամ:
- Խոստացի՛ր, որ եթե ինչ-որ հաբեր նշանակեն, անպայման կխմես:
- Խոստանում եմ, միայն թե արի էլ այդ մասին չխոսենք: Ես մի առաջարկ ունեմ:
- Լսում եմ:
- Մենք հիմա որտեղ ենք:
- Մաշտոցի պողոտայում:
- Սուրբ Սարգիս եկեղեցին հեռու չէ, արի գնանք միմյանց հավերժ սիրելու երդում տանք:
- Հիանալի գաղափար է, հոգիս, ու թող, որ Սուրբ Սարգիսը մեր հովանավորը լինի: Չէ՞ որ նա բոլոր սիրահարների հովանավորն է:
- Ամե՜ն:
- Ամե՜ն:
Երբ դուրս եկան եկեղեցուց, նրանց երջանկությանը սահման չկար:
- Ինձ թվում է` մենք արդեն ամուսնացել ենք,_շշնջաց Արմանը:
- Ինձ էլ: Հիմա դու ինձանից չես փախչի:
- Ես այդքան էլ հիմար չեմ:
- Ինչ հետաքրքիր է, երկար ժամանակ է, ինչ մենք քայլում ենք, բայց ես ընդհանրապես չեմ հոգնել: Այնքան եմ ուզում` միշտ այսպես լինի:
- Քո կողքին ես չեմ նկատում` երբ է օրը սկսվում, երբ` վերջանում:
- Չեմ ուզում հրաժեշտ տալ քեզ, սիրելի՜ս, բայց պետք է տատիկենց տուն գնամ, մաման էլ է այնտեղ, երևի արդեն սպասում է ինձ:
- Ե՞րբ պետք է միասին ապրենք, որ հիանալի օր անցկացնելուց հետո, դու ինձանից չփախչես, միշտ կողքիս լինես
- Դա այնքան էլ հեռավոր ապագա չէ, շուտով:
- Այդ պայմանով համաձայն եմ քեզ հիմա բաց թողնել: Տատիկիդ ջերմ-ջերմ կբարևես:
- Անշուշտ, տատիկս քեզ շատ է հավանում:
- Ես էլ նրան:
- Բարի գիշեր, սեր իմ:
- Բարի գիշեր, իմ Վեներա:
8.
- Բարև տատիկ, որքա՛ն էի քեզ կարոտել, ո՞նց ես:
- Դու լավ լինես, բալես, եթե դու լավ ես, տատին միշտ լավ կլինի:
- Իսկ մամա՞ն, նա չի՞ եկել:
- Մաման սպասեց, տեսավ չես գալիս, գնաց, մտածեց` էլ չես գա:
- Մի՞թե արդեն այդքան ուշ է, նա երևի բարկացել է ինձ վրա:
- Զանգի՛ր, ասա՛, որ այսօր այստեղ կմնաս: Այս ժամին իմաստ չունի էլ տուն գնալը: Համ էլ կպատմես` ինչ նորություններ կան:
- Հաճույքով:
- Քաղցած կլինես, ի՞նչ պատրաստեմ քեզ համար:
- Ո՛չ, ո՛չ, տատ ջա՛ն, քաղցած չեմ, բայց քո պատրաստած թեյից չեմ հրաժարվի:
- Մեկ էլ փախլավայից:
- Փախլավա էլ ունե՞ս, ես ուղղակի պաշտում եմ քեզ:
Եվան մեկ շաբաթից ավելի էր չէր տեսել տատին: Մինչև կեսգիշեր նա պատմեց այդ ժամանակահատվածում տեղի ունեցող ամեն ինչ, անգամ ամենաաննշան բաները: Նա մինչև վերջ միայն տատիկի հետ էր կիսվում, որովհետև նա բոլորից լավ էր իրեն հասկանում:
- Աչքերդ փակվում են, երևի շատ ես հոգնել, բալե՛ս, գնա՛, քնի՛ր, անկողինդ պատրաստ է:
- Շնորհակալ եմ տատ ջա՛ն, դու աշխարհի ամենալավ, ամենաբարի տատիկն ես:
Պայծառ, արևոտ օր էր: Կարծես երեկ չէր, որ ամբողջ օրը անձրև էր եկել: Եվան արդեն արթնացել էր, արագ նախաճաշեց, ջերմագին համբուրեց տատիկին և շտապեց համալսարան: Երբ մտավ լսարան, ահավոր խառնաշփոթ էր, որտեղ, ինչպես միշտ, կենտրնում գտնվում էր Աննան: Բանն այն էր, որ ցուցակ էին գրում, թե ովքեր են ուզում գնալ ուսանողական ճամբար:
- Բարև ձեզ:
- Եվ, շատ լավ ժամանակ ես եկել: Գալիս ես չէ՞, քեզ արդեն գրել եմ:
- Չգիտեմ, իսկ ու՞ր ենք գնում:
- Հանքավան, չգիտեմ չկա, պետք է անպայման գնանք, շատ լավ կհանգստանանք:
- Կհարցնեմ Արմանին, եթե դեմ չլինի` կգամ: Չեմ կարծում, որ երկու շաբաթով թողնի:
- Լավ, գոնե մեկ շաբաթ, համոզիր, լավ, ես շատ եմ ուզում, որ գաս ընկերուհիս:
- Կփորձեմ համոզել:
9.
- Արմա՛ն, Սամվե՛լ, վեր կացեք, ի՞նչ է, մոռացե՞լ եք, որ այսօր պետք է բժշկի մոտ գնաք անալիզների պատասխանների ետևից:
- Մայրի՛կ, խնդրում եմ, մի՞թե պարտադիր է, որ առավոտ շուտ գնանք, կեսօրին կգնանք,- մրթմրթաց Արմանը քնաթաթախ:
- Այո՛, պարտադիր է, առանց այն էլ երկու օրը ինձ երկու շաբաթ թվաց: Եթե հիմա չգնաք, ես ինքս կգնամ:
Արմանը վեր թռավ, նա ոչ մի դեպքում չէր ուզում, որ մայրը գնա, միգուցե ինչ-որ բան այն չլինի, իսկ տիկին Ռոզան դրան չի դիմանա:
- Մամ, դրա կարիքը չկա, արդեն վեր ենք կենում,- ասաց և շտապեց արթնացնել նաև Սամվելին:
Կես ժամից նրանք պատրաստ էին:
10.
- Բարև Ձեզ պրոֆեսոր:
- Բարև տղաներ, ինչպե՞ս ես քեզ զգում, Արման ջան, նորից գլխացավ կամ գլխապտույտ ունեցե՞լ ես:
- Ո՛չ, պարոն Պողոսիչ, ես ինձ լավ եմ զգում, իսկ անալիզների պատասխանները պատրա՞ստ են:
- Այո՛, առավոտյան արդեն իմ սեղանին էին, վաղվանից բուժումը կսկսենք:
- Լուրջ բա՞ն կա, բժիշկ, ես երկա՞ր պետք է բուժվեմ:
- Լուրջ բան չկա, բայց բուժումը պարտադիր է: Ի դեպ, կխնդրեի քեզ հենց հիմա գնալ ու ձեռք բերել իմ նշանակած հաբերը. հենց մեր հիվանդանոցի առաջին հարկում դեղատուն կա, որպեսզի ժամանակ չկորցնենք ու հենց այսօր կասեմ, որն ինչպես պետք է օգտագործես:
- Լավ, տվեք դեղատոմսը:
- Միայն թե մի՛ դժգոհիր, կտեսնես` բուժումից հետո դու քեզ լավ կզգաս: Հիշի՜ր, առողջությունը ամեն ինչից վեր է:
Արմանը դուրս գնաց, ընկճված էր. նա իր ողջ կյանքում մի քանի անգամ էր դեղ խմել, իսկ հիմա իր ձեռքում է գտնվում տարբեր տեսակի դեղերի ցանկը:
Երբ Արմանը դուրս գնաց, Սամվելը անհանգիստ հարցրեց.
- Բժիշկ, ինձ ճիշտն ասեք, եղբորս մոտ լուրջ բա՞ն կա:
Պրոֆեսոր Պողոսիչը խորը հոգոց հանեց:
- Դրա համար ես հիմա նրան ուղարկեցի, որպեսզի կարողանամ քեզ ճշմարտությունն ասել:
- Ի՞նչ ճշմարտություն:
- Դուք պետք է ուժեղ լինեք, տղաս, Արմանի մոտ գլխուղեղի չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Ու ցավոք սրտի այն լիովին բուժելը մեր ուժերից վեր է, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն արագ չզարգանա, կփորձենք… մի խոսքով ոչ մի ջանք չենք խնայի:
Սամվելը լսում էր, բայց ականջներին չէր հավատում, նրա հայացքը սառել էր բժշկի դեմքին, անասելի տագնապի մեջ էր խեղջ տղան: Այսպես անցան մի քանի անհնարին րոպեներ, երբ հանկարծ ներս մտավ Արմանը:
- Ահա, բժիշկ, ինչ նշանակել էիք բերել եմ, միայն թե չգիտեմ կկարողնա՞մ առանց խախտումների խմել դրանք և միայն այդ ժամանակ Արմանի հայացքը հանդիպեց եղբոր հայացքին, նա սառեց: Երբ Արմանը ներս մտավ, Սամվելը հանկարծակիի եկավ ու ամեն ինչ անում էր իր տագնապը քողարկելու համար, բայց նա վատ դերասան էր, Արմանը նրան շատ լավ էր ճանաչում:
- Տվե՛ք ինձ անալիզների պատասխանները, բժիշկ:
- Ինչի՞ համար, դու ինձ չե՞ս վստահում:
- Ոչ, չեմ վստահում, տվեք, ես ուզում եմ ինքս կարդալ:
Սամվելը, տեսնելով եղբոր վրդովմունքը, ստիպված եղավ միջամտել:
- Արման, հանգստացիր, պետք չէ այդպես նյարդանանալ, դու արդարացի չես բժշկի նկատմամբ, մի՞թե նա քեզ կխաբեր:
- Իսկ դու՞, դու՞ ինձ ինչու ես խաբում, ես քո դեմքին կարդում եմ բժշկական եզրակացությունը: Ինձ որքա՞ն է մնացել ապրելու, բժի՛շկ:
- Դու շատ վաղ ես հետևություններ անում, Արմա՛ն, այդպես չի կարելի, ես խոստովանում եմ, որ քեզ մոտ բարդ հիվանդություն է, բայց պետք չէ այդպես հուսահատվել:
- Խնդրում եմ, կոնկրետ ասեք ինձ, որքա՞ն է մնացել ինձ ապրելու:
- Եթե իմ նշանակած բուժման կուրսն ընդունես, հետևես իմ ցուցումներին, մեկից երկու տարի:
- Ես կմտածեմ: Եվ խնդրում եմ ձեզ, տվեք ինձ այդ անալիզները, ու եթե մայրս զանգի ձեզ կամ գա ձեզ մոտ, ոչ մի դեպքում նրան ճշմարտությունը չասեք, ես չեմ ուզում, որ նա տառապի:
- Չեմ խոստանում, տիկին Ռոզան շատ համառն է, նա կստիպի ինձ ճիշտ ասել, որքան էլ, որ ցավալի լինի, բայց կաշխատեմ:
- Շնորհակալ եմ, ցտեսություն:
- Արմա՛ն, հետևեք իմ բուժմանը, խնդրում եմ:
11.
Կես ժամից ավել քայլում էին Արմանն ու Սամվելը, որ մեկը չէր կարողանում խոսել, Սամվելը իր անզորությունից տանջվում էր, բայց գիտեր, որ եթե Արմանը խղճահարություն նկատի իր հանդեպ, էլ ավելի կտառապի, այնուամենայնիվ էլ չկարողացավ լռել:
- Չե՞ս ուզում խոսել:
- Ինչի՞ մասին:
- Շատ լավ գիտես:
- Իսկ մի՞թե էլի ասելու բան կան:
- Դու պետք է պայքարես, մենք կարող ենք գնալ արտասահման, այնտեղ ավելի զարգացած է բժշկությունը, ես համոզված եմ, որ դու կբուժվես:
- Սա՛մ, խնդրում եմ, պետք չէ, ես գիտեմ, որ դու շատ ես մտածում իմ մասին, բայց ես հիմար չեմ ու լավ եմ հասկանում իրավիճակը: Ես հիմա ավելի շատ մտածում եմ մամայի ու Եվայի մասին, նրանք շատ ծանր կտանեն իմ…
- Իսկ Եվային ասելու՞ ես:
- Իհարկե ոչ: Ես ինչպե՞ս կարող եմ իմ սիրելիին վշտացնել, նա կստիպի ինձ արտասահման գնալ, կսկսի ուժեղ ձևանալ, բայց ես հո գիտեմ, թե նա որքա՛ն նուրբ, փխրուն էակ է, ոչ, նա չի իմանա իմ հիվանդության մասին: Ավելի լավ է…
- Ավելի լավ է ի՞նչ:
- Որ մենք բաժանվենք:
- Դու գժվե՞լ ես, մի՞թե այդպես նրան չես վշտացնի:
- Թող նա կարծի, որ ես սրիկա եմ, ես կձևացնեմ, որ էլ իրեն չեմ սիրում, ուրիշի հետ եմ, ավելի լավ է նա ինձ ատի, քան խղճա:
- Ինձ թվում է` դու սխալ ես վարվում:
- Հնարավոր է: Ես միշտ լսել եմ քո խորհուրդները, բայց այս անգամ թույլ տուր հակառակվել քեզ: Դու ինձ համար շատ թանկ ես, եղբայրս, դու ինձ ինձանից լավ ես ճանաչում: Իմ կյանքի թե լավ, թե վատ պահերին միշտ կողքիս ես եղել, խնդրում եմ քեզ, հիմա էլ ինձ մի լքիր, շուտով ես իմ հոգսերով էլ քեզ չեմ ձանձրացնի:
- Հիմարություններ մի՛ ասա, ես միշտ քո կողքին կլինեմ, դու երբեք թե եղբոր, թե ընկերոջ պակաս չես զգա և ինչ էլ որոշես, ես քեզ կօժանդակեմ, միայն թե խոստացիր, որ կընդունես բուժումը:
Արմանը նայեց եղբոր հուսահատ դեմքին, նրա աչքերում զգաց խոր կսկիծ, հուսահատություն, անկարողություն, ու նա չկարողացավ մերժել եղբոր խնդրանքը, թեև որոշել էր հրաժարվել բուժումից:
- Ես դա կանեմ, կանեմ այն, ինչ Պողոսիչն է ասում, խոստանում եմ,- ասաց` պատռելով բժշկական հետազոտությունները:
Նրանք ամուր գրկեցին իրար ու մի քանի րոպե չէին կարողանում պոկվել իրարից:
12.
- Մա՛մ ջան, շատ սոված ենք, հուսով ենք մեզ կկերակրես:
- Իհարկե, բայց մինչև այդ ասեք տեսնեմ Պողոսիչն ինչ ասաց:
- Ամեն ինչ նորմալ է, բայց պետք է բուժման կուրս ընդունեմ:
- Բայց չասա՞ց, թե ինչ հիվանդություն է:
Սամվելը չդիմացավ, դուրս եկավ իբրև թե ջուր խմելու: Փաստորեն նա Արմանից թույլ էր, վերջինս բավական հանգիստ պատասխանեց.
- Ինչ-որ բժշկական տերմին ասաց, մամ ջան, չեմ հիշում:
- Ինչպե՞ս թե չես հիշում, իսկ դիակնոզը, քեզ մոտ չի՞:
- Ոչ, էլ ինչի՞ս էր պետք, բուժման թղթերը մոտս են, դա ինձ բավական է: Մամ, հանգստացի՛ր, ինձ հետ ոչինչ չի պատահի, մի՛ մտածիր, խոսք եմ տալիս բոլոր հաբերը ժամանակին ընդունել:
- Համենայն դեպս ես ուզում եմ Պողոսիչից լսել, որ վտանգավոր բան չկա:
- Մա՛մ, խնդրում եմ, դու ինձ նեղացնում ես, ես քեզ երբևէ խաբե՞լ եմ,- զայրացավ Արմանը:
- Ո՛չ, ոչ, որդի՛ս, ների՛ր, ես քեզ հավատում եմ:
- Ուրեմն արի՛ էլ դրա մասին չխոսենք:
- Լավ, գնամ հայրիկիդ շորերը հավաքեմ, վաղը գործուղման է:
- Մա՜մ:
- Ի՞նչ տղաս:
- Եվան զանգե՞լ է:
- Ա՛, լրիվ մոռացել էի: Այո, այն էլ երկու անգամ: Նա էլ էր շատ անհանգստանում:
- Եթե էլի զանգի, կասես, որ ամեն ինչ կարգին է ինձ մոտ:
- Իսկ ի՞նչ է, դու չե՞ս կարող ասել, զանգիր ու ասա:
- Չեմ կարող:
- Ինչու՞, դու վիճե՞լ եք:
- Ոչ, բանն այն է, որ ես ուզում եմ խզել մեր հարաբերությունները:
Տիկին Ռոզան ցնցվեց: Այդպիսի բան նա չէր սպասում լսել Արմանից: Նա շատ էր հավանում Եվային ու լավ գիտեր, թե նրանք որքան են սիրում իրար:
- Բայց չէ՞ որ դու խենթանում ես նրա համար, նա ինչ-որ բա՞ն է արել:
- Ոչ, պատճառը նրա մեջ չէ, այլ` իմ: Ես ուրիշ աղջկա եմ սիրահարվել, դա ինձնից անկախ ստացվեց:
- Ականջներիս չեմ հավատում:
- Ես շատ եմ ցավում, որ ստիպված եմ Եվային ցավ պատճառել, բայց ի՞նչ անեմ:
- Բայց դու պարտավոր ես անձամբ այս ամենը նրան ասել, ոչ թե փախչել վախկոտի նման: Այդպես չի կարելի, նա դրան արժանի չէ:
- Այո, գիտեմ, բայց չեմ համարձակվում, նա ախր այնքան փխրուն է:
- Արմա՛ն, լա՜վ մտածիր, գուցե քեզ մոտ ժամանակավոր հրապուրանք է այդ աղջկա նկատմամբ, իսկական սերը այդքան շուտ չի մարում, իսկ քո սերը իսկական է: Ես քեզ լավ եմ ճանաչում, դու իրոք սիրում ես այդ աղջկան:
- Այ, սիրում էի, բայց հիմա… մամ, ես արդեն մտածել եմ. մեր միջև ամեն ինչ վերջացած է: Ես կաշխատեմ հնարավորինս մեղմ նրան ամեն ինչ բացատրել: Չէ՞ որ մենք հենց սկզբից խոստացել ենք անկեղծ լինել իրար հետ: Հենց հիմա էլ նրան կզանգեմ:
- Ոնց կուզես, բայց չեմ կարծում, որ ճիշտ ես վարվում: Եվան շատ լավ աղջիկ է և իրոք քեզ սիրում է, տես չզղջաս,- ասաց և դուրս եկավ:
13.
- Ալո, բարև ձեզ տիկին Հասմիկ, Եվան տա՞նն է:
- Բարև Արման ջան, հիմա կկանչեմ:
- Եվա՛, արի՛ հեռախոսի մոտ, Արմանն է:
Եվան միանգամից դուրս թռավ սենյակից:
- Ողջույն սիրելիս, ո՞նց ես:
- Բարև, եթե անալիզների մասին ես հարցնում, ասեմ, որ ամեն ինչ կարգին է, միայն պետք է մեկ բուժման կուրս անցնեմ:
- Շատ ուրախ եմ, այ հիմա հանգստացա: Ի դեպ, մի բան պետք է քեզ հարցնեմ:
- Լսում եմ:
- Կուրսով գնում ենք ուսանողական ճամբար, Հանքավան, Աննան շատ է ուզում, որ ես էլ գնամ, ի՞նչ կասես:
- Գնա, ես դեմ չեմ:
- Երկու շաբաթով:
- Ավելի լավ, կօդափոխվես, հետաքրքիր ժամանակ կանցկացնես:
- Ճիշտն ասած ես չէի սպասում, որ դու այդպես հանգիստ կընդունես, ինչ-որ բա՞ն է եղել:
- Չէ, ինչու՞:
- Դու մի տեսակ քեզ նման չես, չգիտեմ, մի տեսակ անտարբեր ես:
- Եվա՛, այսօր կարո՞ղ ենք հանդիպել:
- Ա՛յ սա արդեն ինձ դուր է գալիս:
- Որտե՞ղ, քանիսի՞ն:
- Հենց հիմա Թումանյանի արձանի մոտ:
- Կես ժամից այդտեղ կլինեմ:
Եվան արագ հագնվեց, հարդարվեց և դուրս եկավ տնից:
- Մա՛մ, ես գնացի, ընթրիքին չսպասես:
14.
Արմանը նյարդայնանում էր: Պարզ է, հեշտ չէ սիրած էակին, որին անչափ շատ ես սիրում, ապագայի քո բոլոր երազանքները նրա հետ եա կապել, կանգնել ուասել, որ իրեն լքում ես: Նա տարված էր մտքերով, երբ Եվան ետևից փակեց աչքերը:
- Արդեն եկա՞ր:
- Գիտես մենք այսօր կարող ենք ավելի երկար միասին մնալ` մամային ասել եմ ինձ ընթրիքին չսպասի:
- Եվա՛, արի մի տեղ գնանք, նստենք, ես շատ լուրջ պետք է խոսեմ քեզ հետ:
- Գնանք, բայց դու մի տեսակ ուրիշ ես, հաստատ մի բան է պատահել, ես դա դեռ հեռախոսով խոսելիս զգացի:
- Այ՛ո, պատահել է:
Նրանք նստեցին մոտակա սրճարանում, մինչև Արմանը կխոսեր, Եվան ասաց.
- Ասա, սիրելիս, ի՞նչ է պատահել, եթե առողջությանդ հետ է կապված, կարող ես հույսդ ինձ վրա դնել, ես քեզ կօգնեմ, ինչով, որ կարողանամ, միշտ կողքիդ կլինեմ:
Արմանը հազիվ էր զսպում, որ չփարվի Եվային, միայն մի պահ նա ուզում էր հրաժարվել իր մտադրությունից, ճիշտն ասել Եվային և խնդրել նրան մնալ իր կողքին մինչև վերջ: Բայց հետո սթափվեց. նա մտածում էր, որ իրավունք չունի Եվային ստիպել մնալ իր հետ, նա վախենում էր, որ Եվան կխղճա իրեն: Ոչ, նա կանի այն, ինչ մտադիր էր: Եվան կատի իրեն, կսկսի ուրիշին փնտրել, որոշ ժամանակ անց ընդհանրապես կմոռանա իրեն: Որոշեց առանց երկար-բարակ խոսելու միանգամից ասել.
- Եվա՛, մենք պետք է բաժանվենք:
- Ի՞նչ, դու երևի գժվել ես, չէ՜, դու հարբած ես:
- Ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ես միանգամայն սթափ վիճակում եմ, ների՛ր, որ այսպես ստացվեց:
- Ների՞ր, բայց ինչու՞, ես ի՞նչ եմ արել, որտե՞ղ եմ սխալվել:
Արմանը չէր կարողանում նայել Եվային, նրա սիրտը կտոր-կտոր էր լինում, երբեք չէր մտածի, որ ինքը ի վիճակի է Եվային այսչափ վշտացնել:
Իսկ Եվան չէր կարողանում հավատալ, որ Արմանը լքում է իրեն, նա այնքան անպաշտպան, անօգնական տեսք ուներ:
- Արման, ասա՛ ինձ պատճառը, ինչու՞ ես ինձ տանջում,- հորդ արտասուքները խեղդեցին նրա ձայնը:
- Դու վստա՞հ ես, որ ուզում ես իմանալ:
- Ուրիշ մեկը կա այո՞, դու ուրիշի՞ն ես սիրահարվել:
- Այո՛:
- Ո՞վ է նա, ո՞վ է քեզ խլել ինձանից:
- Ների՛ր, խնդրում եմ քեզ, ներիր, բայց ես չէի ուզում քեզ խաբել:
- Ուրեմն ինչու՞ երկու օր առաջ ինձ հավերժ սեր էիր խոստանում, մենք անգամ եկեղեցում օրհնվեցինք, ուրեմն այդ ամենը կեղծի՞ք էր:
Արմանը էլ չէր դիմանում, ևս մի քանի րոպե ու նա չէր դիման, կգրկեր Եվային ամբողջ ուժով ու կհամբուրեր անդադար:
- Փորձիր ինձ հասկանալ, եթե կարող ես, մնաս բարով,- ասաց և կայծակնային արագությամբ դուրս գնաց` հազիվ իրեն զսպելով, որ ետ չնայի:
Իսկ Եվայի արցունքները չէին դադարում: Նա իրեն աշխարհի ամենամենակ, ամենադժբախտ մարդն էր զգում: Նա հազիվ կարողացավ մի քիչ իրեն հավաքել ու դուրս գալ սրճարանից: Նա որոշեց տատիկի տուն գնալ, չէր կարող այդ վիճակով տուն վերադառնալ:
15.
- Տատի՛կ, նա լքեց ինձ, իմ Արմանը էլ ինձ չի սիրում:
- Հանգստացիր աղջիկս, պատմիր, տեսնեմ ինչ է պատահել:
Եվան պատմեց ամեն ինչ` չդադարելով լաց լինել: Իսկ տատիկը ապշած էր Արմանի պահվածքից: Այդ տղան նրա մոտ լավ տպավորություն էր թողել, իսկ ինքը շատ հազվադեպ էր սխալվում մարդկանց ճանաչելու հարցում:
- Դու վստա՞հ ես, որ աղջիկ է պատճառը:
- Նա ինձ անձամբ ասաց:
- Իսկ ես կարծում եմ, որ նա քեզ ճիշտ չի ասել:
- Ինչպե՞ս թե:
- Այստեղ մի ուրիշ պատճառ կա, երկու օրում նա չէր կարող այնպես տարվել մեկ ուրիշով, որ քեզ լքեր:
- Չգիտեմ տատիկ, նա այնքան սառն էր այդ ամենն ասում, կարծես ոչ մի խղճի խայթ չէր զգում իմ հանդեպ, ես չեմ կարող առանց նրա, նա շատ թանկ է ինձ համար, ես երբեք չեմ կարողանա հանել նրան իմ մտքից, սրտից, չնայած երբ հիշում եմ նրա անտարբեր հայացքը, չգիտեմ… Ո՛չ, դա իմ Արմանը չէր, դա լրիվ ուրիշ մարդ էր: Չգիտեմ` ինչ անեմ:
- Սպասիր աղջիկս, սպասիր թող մի քիչ ժամանակ անցնի, նա հաստատ չի գիտակցել, թե ինչ է անում:
- Նա ինձ ասաց, որ լրիվ սթափ վիճակում է:
- Ինչ ուզում ես ասա, այս ամենը ինձ շատ տարօրինակ է թվում:
- Աննան էլ ինձ համոզում էր, որ ճամբար գնամ, այսքանից հետո էլ ինչպե՞ս գնամ:
- Հիանալի է, անպայման կգնաս, կհանգստանաս, կօդափոխվես ու երբ վերադառնաս, ամեն ինչ կկարգավորվի, այ կտեսնես:
- Դու իրոք այդպե՞ս ես կարծում:
- Ես վստահ եմ: Իսկ հիմա գնա քնիր, այսօր հեշտ օր չէր քեզ համար:
- Եթե կարողանամ քնել: Լրիվ մոռացել էի: Մամային զանգի՛ր, ասա՛, որ քեզ մոտ եմ:
- Արդեն զանգել եմ, գնա հանգստացի՛ր:
16.
- Ռոզա՛, որտե՞ղ են երեխեքը:
- Սամվելը մի քիչ կուշանա, զանգեց ասաց:
- Իսկ Արմա՞նը:
- Չգիտեմ: Եվայի հետ պետք է հանդիպեր ու մինչև հիմա չկա:
- Ա՛, այդ դեպքում կարելի է նրան հասկանալ: Ի՛նչ գեղեցիկ զույգ են: Շատ լավ աղջիկ է Եվան, շատ էլ լավ հարս կլինի մեզ համար: Այդ ի՞նչ դեմք ես ընդունել, Արմանի մոտ ամեն ինչ կարգին է, Սամվելս զանգեց ասաց ինձ ցերեկը, հիմա՞ ինչ ես մտածում:
- Արմանը որոշել է վերջ դնել իր ու Եվայի հարաբերություններին:
- Ի՞նչ, բայց ինչի՞ համար:
- Ասում է` ուրիշին է սիրում:
- Խեղճ աղջիկ, ես կխոսեմ Արմանի հետ, նա չի կարող լքել այդ հրեշտակին ինչ-որ չգիտեմ ում համար, մ՞իթե իմ տղան այդքան հիմար է:
- Արդեն ուշ է, նա երևի ամեն ինչ ասել է Եվային, հիմա էլ երևի այդ նոր աղջկա հետ է թափառում:
- Դեռ թող տուն գա, դու սպասի՛ր…
- Սոված չե՞ս:
- Էլ ի՞նչ, ախորժակս փակվեց:
17.
Գիշերվա ժամը երկուսն էր, երբ Արմանը հարբած տուն եկավ: Ընտանիքի բոլոր անդամները նրան էին սպասում զայրացած:
- Դու ժամին նայե՞լ ես,- ահավոր բարկացած հարցրեց հայրը:
- Ես չափահաս եմ և իրավունք ունեմ մի քիչ ուշ տուն գալու:
- Մի քիչ ու՞շ, դու բոլորովին քեզ նման չես, արդեն պարզ է, թե ում հետ ես կապվել և այդ անառակի պատճառով այն մաքուր, կիրթ աղջկան... Ինչպե՞ս չես ամաչում:
- Ես քնել եմ ուզում:
- Դու պատասխանատվության զգացում չունե՜ս:
- Հայրիկ, չե՞ս տեսնում, նա այնպիսի վիճակում չէ հիմա, որ կարողանա նորմալ խոսել,- միջամտեց Սամվելը,- ես նրան սենյակ կտանեմ, վաղը նրա հետ կխոսենք, հիմա անիմաստ է:
- Վաղը ես մեկնում եմ: Սամվե՛լ, եղբորդ ուշադիր հետևի, որպեսզի մի փորձանք չբերի իր գլխին:
- Լավ, հայրիկ, հանգի՛ստ եղիր: Առավոտ շու՞տ ես գնում:
- Այո, մեկ շաբաթով: Կքնես, պետք չէ այդքան շուտ արթնանալ:
- Դե ուրեմն բարի ճանապարհ:
- Բարի՛ գիշեր, տղա՛ս:
18.
Երբ մտան սենյակ, Արմանը դեռ ուշքի չէր եկել:
- Արման, դու ինձ լսու՞մ ես, որտե՞ղ էիր:
- Չգիտեմ, որ գրողի ծոցը: Ես ինձ ամենավերջին սրիկայի պես պահեցի, ես կորցրի նրան, ասացի, որ ուրիշին եմ սիրում, միայն տեսնեիր…
- Դու զղջում ես, եթե ասես, որ այդ ամենը սուտ է, վստահ եմ` նա կների քեզ:
- Ոչ, էլ հետ դարձի ճանապարհ չկա, հիմա նա ինձ ատում է: Անիծվի այս հիվանդությունը, որ ինձ հավիտյան բաժանեց իմ սիրելիից:
Սամվելը չգիտեր ինչ ասել, ինչով եղբորը մխիթարել, բառեր չէր գտնում:
19.
Եվան չգիտեր ինչպես ասել մորը, որ Արմանը լքել է իրեն: Բայց ամեն դեպքում պետք է ասեր և երբ մի օր տիկին Հասմիկը հարցրեց, թե ինչու Արմանը չի զանգում, Եվան պատասխանեց.
- Մենք բաժանվել ենք:
- Ինչպե՞ս թե, դուք վիճե՞լ եք:
- Ո՛չ, չենք վիճել, ուղղակի այլևս միասին չենք:
- Ու դու այդպես հանգի՞ստ ես դա ասում:
- Այո, իսկ ի՞նչ կա որ, աշխարհում հազարավոր զույգեր են բաժանվում:
- Եվա…
- Բավական է մայրի՛կ, մի՛ տանջիր ինձ քո հարցերով, չե՞ս տեսնում, որ տառապում եմ, մի հարցրու էլ նրա մասին: Ես ուզում եմ մոռանալ Արմանին և նրա հետ կապված ամեն ինչ:
- Ների՛ր, սիրելի՛ս, ես չէի ուզում վշտացնել քեզ: Փաստորեն քո Արմանն էլ իդեալական չէր, ինչպես դու էիր կարծում: Ճամբար գնալու՞ ես,- փոխեց թեման տիկին Հասմիկը, որպեսզի աղջիկը ցրվի:
- Այո, գնալու եմ:
- Ե՞րբ էր, չեմ հիշում:
- Վաղը չէ մյուս օրը:
- Իսկ շորերդ հավաքե՞լ ես:
- Դեռ ոչ: Վաղը կհավաքեմ:
- Ա՛յ կտեսնես, դու դեռ կգտնես քո միակին, ո՞վ գիտե, գուցե այնտեղ էլ գտնես:
- Մա՛մ, ինձ մոտ մի՛ խոսիր սիրո մասին, ճիշտ են ասում, որ սերը ավելի շատ վիշտ է տալիս քան ուրախություն: Ես էլ չեմ կարող ինչ-որ մեկին հավատալ:
- Այդպես մի՛ ասա, քո կյանքը դեռ առջևում է, ուղղակի դու հիմա հուսահատված ես, բայց դա էլ կանցնի, կտեսնես:
Ում ընտրել (Գլուխ 2)
________________________________________
________________________________________
Մեկնաբանություններ
lilit
04:45 21.03.2012
amen inch uxaki hrashali er nerkaeacvac
________________________________________
C
04:05 02.02.2012
SHAT ARTAKARG PATMUTYUN E. SA IRAKANUTYUN E? ANKEXC ASAC ES HISHECI IM SIRO PATMUTYUN@, VORI PATCHAROV MINCH HIMA TARAPUM EM
________________________________________
mara
06:49 29.01.2012
shat txur ev cawali patmutyun er
________________________________________
nara
05:40 28.01.2012
shat txur patmutyun er
________________________________________
XENTUK
00:42 08.10.2011
ANKEXC ASAC SHAT HUZICHER,SHAT TXUR.........
________________________________________
Alex
04:14 13.09.2011
Hrashali patmvazq e...