Հոդվածներ
Էքսկլյուզիվ. Մարտ Բաբայանը և Շուշաննա Թովմասյանը գաղտնի ամուսնացել են. ուշագրավ մանրամասներ
Ամիսներ առաջ համացանցում ակտիվ քննարկումներ սկսվեցին երկու շատ սիրելի հայտնիների` Մարտ Բաբայանի և Շուշաննա Թովմասյանի միասին լինելու շուրջ:
Քննարկումների առիթ հանդիսացան երկու արտիստների` սոցցանցերի էջերում հրապարակված համատեղ լուսանկարները, որտեղ նրանք բավականին մտերմիկ տեսք ունեին:
Զույգի` միասին լինելու մասին խոսակցությունները էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ Մարտ Բաբայանը հայտնեց, որ իր նոր տեսահոլովակի հերոսուհին լինելու է հենց Շուշաննա Թովմասյանը, և որքան էլ նա հերոսուհու ընտրության հարցը բացատրեց իրենց պրոդյուսերների կայացրած որոշումով, միևնույնն է, երկրպագուները նրանց չհավատացին` «Ты любовь моя» երգը համարելով սիրո խոստովանություն Շուշանննային:
Ապա դրան հաջորդեց Շուշաննայի ծննդյան օրը և Մարտի ջերմ շնորհավորանքը, որը էլ ավելի լուրջ հիմքեր տվեց նրանց միասին լինելուն հավատալուն:
«Սիրելի Շուշաննա Թովմայան, շնորհավորում եմ ծննդյան տարեդարձդ, հարազատս: Դու լուսավոր ու մաքուր մարդ ես, ուժեղ բնավորության տեր անձնավորություն: Քո մեջ կան այն հատկանիշները, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր աղջիկ` երջանիկ լինելու համար: Շնորհակալ եմ ծնողներիդ, որ քեզ այսպիսին են դաստիարակել: Թող Աստված նրանց ամուր առողջություն տա: Ես քեզ պաշտում եմ եւ չեմ դադարում հիանալ քեզանով: Շնորհակալ եմ, որ կողքիս հայտնվեցիր ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում: Միշտ կարող ես հույսդ ինձ վրա դնել եւ վստահ լինել քո հանդեպ իմ վերաբերմունքին: Ծնունդդ շնորհավոր: #դուիմսերնես»:
Եվ ահա, Wedding.am-ին հայտնի դարձան բացառիկ մանրամասներ գեղեցիկ զույգի սիրավեպի մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:
Պարզվում է Մարտն ու Շուշաննան, ովքեր միմյանց ճանաչում են արդեն 3 տարուց ավելի, ոչ միայն միասին են, այլև օրերս օրինականացրել են իրենց հարաբերությունները` այսպիսով դառնալով ամուսիններ:
Մոսկվայում տեղի ունեցած փակ միջոցառմանը ներկա են եղել միայն զույգի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները: Չցանկանալով հանրայնացնել կյանքի այդչափ կարևոր լուրը` նրանք այդ ամենը կազմակերպել են խիստ գաղտնի պայմաններով:
Իհարկե, շատերս կցանկանայինք, որ այս գեղեցիկ զույգը մի օր իսկապես հաստատեր միմյանց հետ լինելու լուրերը, բայց քանի որ այսօր ապրիլի 1-ն է, ապա Wedding.am-ը չէր կարող մի գեղեցիկ «սուտ» չհորինել և չշնորհավորել իր շատ սիրելի ընթերցողներին: