Հոդվածներ
Հարսանեկան հյուրասիրություն. ինչպես ընտրել կյանքի ամենակարևոր օրվա մենյուն
Գաղտնիք չէ, որ հարսանիքի նախապատրաստությունը բավականին ընդգրկուն և, ինչու ոչ, ժամանակատար ու բարդ գործ է. չէ որ յուրաքանչյուր քայլի ճշգրիտ հաշվարկից ու պլանավորումից է կախված, թե ինչպես կանցնի կյանքի այդ ամենակարևոր օրը:
Նախապատրաստական աշխատանքների մեջ, թերևս, ամենագլխավոր դերերից մեկը հարսանեկան խնջույքի անցկացման ճիշտ վայրի և հյուրասիրության ընտրությունն է:
Կախված հարսանիքի թեմատիկայից՝ դասական, մոդեռն, վինտաժային և այլն, հյուրերի քանակից, տարվա եղանակից և այլ հյուրասիրությունը ամեն անգամ կարող է տարբերվել, սակայն մի բան միանշանակ է. ամեն ինչ պետք է լինի անկրկնելի համեղ, առատ և իհարկե ակնահաճո, որպեսզի ձեր տոնը իսկապես ստացված լինի և ձեր, և ձեր հյուրերի համար:
Այդ իսկ պատճառով, Wedding.am-ը ձեզ համար նախապատրաստել է հարսանեկան մենյուն կազմելու որոշակի խորհուրդներ, որոնց հետևելու դեպքում միանշանակ, դուք հաջողությամբ և պատվով կհյուրասիրեք ձեր խնջույքի մասնակիցներին:
Հարսանեկան մենյու կազմելու գլխավոր պայմանը այն է, որ պատվիրեք այն ամենը, ինչ դուք երբևէ փորձել եք, կամ հակառակ դեպքում, խնդրեք, որպեսզի ձեզ ներկայացվի անծանոթ անուններով ճաշատեսակների բաղադրությունը, որպեսզի չընկնեք թյուրաիմացության մեջ և կազմակերպեք կատարյալ հյուրասիրություն:
Ընտրեք մենյու, որը դուր կգա մեծամասնությանը
Եթե մեծ հարսանիք եք կազմակերպում (իսկ հայկականները, սովորաբար, հենց այդպիսինն են), ապա գուշակել բոլորի ճաշակներն ու նախապատվությունները հնարավոր չէ: Այդ պատճառով նախապատվությունը տվեք եվրոպական խոհանոցին, քանի որ այն այնպես է մտածված, որ կարող է գոհացնել գրեթե բոլոր հյուրերին, և որ ամենակարևորն է, մատուցվում է բոլոր ռեստորաններում:
Հիշեք խորտիկների բազմազանության մասին
Հայկական հարսանիքներում կենացները կարևոր դեր ունեն, այդ պատճառով բազմատեսակ խորտիկները պետք է լինեն ուշադրության կենտրոնում: Սովորաբար հարսանեկան սեղանների համար ընտրվում է նվազագույնը երեք տեսակի աղցան. աղցաններ ընտրելիս փորձեք նախապատվությունը տալ այնպիսիններին, որոնք երկար պահպանում են իրենց նախնական տեսքն ու համը:
Դե իհարկե, ինչ հայկական հարսանիք առանց Մեծն Խորովածի :) , բայց պետք է հիշել, որ միայն խորովածով մի ամբողջ հանրության հնարավոր չէ գոհացնել: Սովորաբար, եթե հարսանեկան խնջույքը տևում է 6 ժամից ավելի, մատուցվում է երեք տեսակի տաք ճաշատեսակ:
Ոչ ստանդարտ հյուրասիրություն
Հիշեք, որ յուրաքանչյուր հարսանիքի կարող են լինել հյուրեր, ովքեր չեն կարող օգտվել ստանդարտ հյուրասիրությունից: Ձեր միջոցառմանը ներկա երեխաները, տարեց հյուրերը, ինչու ոչ, բուսակերները, իրենց անգնահատելի շոյված կզգան, եթե յուրաքանչյուր սեղանի նրանց համար նախատեսված փոքրիկ հյուրասիրություն լինի:
Լուսանկարները տրամադրել է Վահակնի բարձրակարգ ռեստորանը