Հոդվածներ
Ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները գրանցել իրենց ամուսնությունը օտարերկրյա պետություններում
Հարց. Ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները գրանցել իրենց ամուսնությունը օտարերկրյա պետություններում, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ ժամկետներում պետք է դիմել համապատասխան մարմիններին և արդյոք ցանկացած պետությունում հնարավոր է գրանցել ՀՀ քաղաքացիների և/կամ ՀՀ օտարերկրյա քաղաքացու միջև ամուսնությունը:
Հարցին պատասխանում է «Արատտա» ընկերության իրավախորհրդատու Սաթենիկ Վարդանյանը
Պատասխան.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում։
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա պետություններում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները.
ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների միջև ամուսնությունը կատարվում է տվյալ պետությունում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկներում: Ամուսնացող անձինք հյուպատոսարան են ներկայացնում համատեղ դիմում, որը ստորագրում են և կատարում նշում այն ներկայացնելու ժամանակի վերաբերյալ: Համատեղ դիմումի հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված տեղեկանք` ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ: Եթե ամուսնացող անձանցից մեկը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի ապա վերջինս ևս պետք է ներկայացնի ընտանեկան դրության մասին տեղեկաք:
Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը:
Օրենսդրությամբ սահմանված չեն այն պետությունները, որտեղ ամուսնությունը կարող է գրանցվել ընդհանուր կանոնը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնալուծությունը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում: