Հոդվածներ
Ինչպե՞ս համացանցային շփումը տեղափոխել իրական կյանք և չխուսափել հիասթափությունից
Հարց. Համացանցային ծանոթություն: Ի՞նչ խորհուրդներ կտաք՝ հակառակ սեռի ներկայացուցչի հետ ծանոթանալիս ինչի՞ն առավել շատ ուշադիր լինել, ինչպե՞ս կարող ենք բացահայտել դիմացի իրական մտադրությունները
Հարցին պատասխանում է "ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Էմմա Արզիևան
Պատասխան. Շփումները՝ անկախ նրանից, համացանցային են, թե իրական, ունեն իրենց հստակ նպատակը՝ շփում հաստատողի համար: Նույնիսկ աննպատակ ու անիմաստ շփման դեպքում էլ մենք կարող ենք նպատակ սահմանել: Համացանցային շփման պարագայում ևս, ամեն մեկը շփվում է՝ ելնելով այդ պահի ունեցած իր պահանջմունքներից: Որոշների համար դա իրական զուգընկեր, զուգընկերուհի գտնելու նպատակ է հետապնդում, ոմանց համար՝ ուղղակի ժամանակ անցկացնելու, ոմանց համար՝ ինքնաարտահայտվելու և այլն:
Թե ինչին պետք է ուշադրություն դարձնել՝ հակառակ սեռի հետ շփման ժամանակ, բնականաբար, կապված է նախասիրությունների հետ: Շատ աղջիկներ, միգուցե, նախընտրում են այնպիսի տղաների, ովքեր չափից շատ խանդոտ են ու խանութ իջնելն ու պատուհանից նայելն էլ նույնիսկ խնդրահարույց թեմա է դառնում, չնայած որ, նրանք անընդհատ փայլող աչքերով տրտնջում են ընկերոջ՝ շատ խիստ ու խանդոտ լինելու փաստից: Իսկ այլ աղջիկների համար կարևոր է զարգացվածության ու ինտելեկտուալ հնարավորությունների շրջանակը: Եվ այսպես շարունակ՝ ելնելով հստակ իրավիճակից: Իսկ այն հարցը, թե ինչպե՞ս կարելի է բացահայտել դիմացինի մտադրությունները, կարծում եմ, մենք այդ հարցում շատ ենք սիրում ինքնուրույն վարկածներ առաջ քաշել, հետո ելնելով ինչ-որ վարքից, հաստատել, հետո նորից մերժել, խորհուրդներ հարցնել, առաջնորդվել այնպիսի խորհուրդներով, որոնք միայն խորհուրդ տվողի կյանքում են արդյունք տվել: Շատ ավելի հեշտ է՝ ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչ հիմքեր կան կասկածելու դիմացինի մտադրությունների վրա: Եթե կան ռացիոնալ հիմքեր, օրինակ, եթե դիմացինն է պարզ ասում, որ իր մտադրություններն անլուրջ են կամ բոլոր հնարավոր եղանակներով խուսափում է շփումից և այլն, ուրեմն արժե վերանայել ձեր վերաբերմունքը դիմացինի նկատմամբ: Իսկ եթե շփումն իր ներդաշնակ հունով ընթանում է ու չկան լուրջ հիմքեր մտահոգվելու, պետք չէ լրացուցիչ անգամ ծանրաբեռնվել:
Համացանցային շփումը իրական կյանք տեղափոխելու միակ ինձ հայտնի տարբերակը՝ առաջարկել հանդիպել իրականում: Հիասթափություններից ոչ ոք ապահովագրված չէ, ուղղակի դրան էլ ավելի նպաստում են մեր՝ դիմացինին «կպցրած» որակները, որոնք իրականում գոյություն չունեն: Այդ իսկ պատճառով, եթե դուք համացանցային շփման մեջ եք այս պահին և չեք ուզում հիասթափվել, առավելագույնս իրականին մոտեցնեք ձեր մտապատկերը վիրտուալ ընկերոջ վերաբերյալ: