Հոդվածներ
Ջինսե հարսանիք. նորաձև և ոճային լուծում անմոռանալի տոն ունենալու համար
Ջինսը, առաջին հայացքից այնքան էլ հարսանեկան նյութ չէ, սակայն եթե ավելի հետաքրքիր մտածեք, ապա ինչու ոչ: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր ընկերները և հարազատները շատ երկար ժամանակ հիշեն ձեր հարսանիքը որպես ամենապայծառ, անսովոր և նորաձև հարսանիք, ապա ջինսե թեմատիկան հենց այն է, ինչ ձեզ պետք է:
Այսպիսով, Wedding.am-ը ցանկանում է ձեզ ներկայացնել այդչափ յուրահատուկ հարսանիքի կազմակերպման մանրամասները:
Նորապսակների կերպարը
Առաջին հերթին հարսնուփեսան պետք է մտածեն իրենց զգեստների մասին: Դրանք կարող են լինել և ուղղակի ջինսե էլեմենտներով, և ամբողջությամբ ջինսե: Շատ գեղեցիկ են դիտվում հարսանեկան զգեստները, որի վերին հատվածը ջինսից է, իսկ կիսաշրջազգեստի հատվածը դասական հարսի զգեստ: Եթե հարսը ցանկանում է կրել դասական զգեստ, ապա կերպարը կարող է համալրել ջինսե ժիլետով: Պետք չէ մոռանալ նաև աքսեսուարների մասին, որոնք նույնպես պետք է ջինսային լուծումներով ունենալ:
Փեսան իր ընտրությունը կարող է կատարել հօգուտ ջինսե տաբատի և համապատասխան վերնաշապիկի:
Ձեր հրավիրատոմսերում կարող եք շեշտել, որ հարսանիքը լինելու է թեմատիկ, և ցանկալի է դրան ներկայանալ դրեսս կոդով: Համոզված եղեք, որ ձեր երիտասարդ հյուրերը գոհ կմնան:
Կարևոր ուշադրություն պետք է դարձնել հենց հարսանեկան հրավիրատոմսին: Դրանք նույնպես պետք է ստեղծված լինեն ջինսե գործվածքից:
Շատ հետաքրքիր տեսք ունեն մատանիների համար նախատեսված ջինսե բարձիկները, որոնք կարող եք պատրաստել ինչպես սեփական ձեռքերով, այնպես էլ պատվիրել:
Ջինսե ձևավորում կարող է ստանալ այն ամենը, ինչ կապված է ձեր հարսանիքի հետ` աքսեսուարներ, դեկորներ և այլն:
Ջինսը կարող է գերիշխող լինել նաև քաղցրավենիքի սեղանին: Օրինակ` կարող եք կոնֆետների համար պատվիրել ջինսե տակդիրներ:
Ջինսից չի կարողանա «խուսափել» նաև հարսանեկան տորթը: Այն կարելի է ձևավորել ջինս հիշեցնող նյութերով. չէ որ այսօր հրուշակագործները իսկապես գլուխգործոցներ են ստեղծում:
Որպես վերջաբան կարող ենք ասել` եթե ձեր հարսանիքի համար ընտրել եք ջինսե ոճ, ապա դուք կունենանք իսկապես պայծառ, ոճային, նորաձև և հիշարժան տոն: