Հոդվածներ
ՀՀ և օտարեկրյա քաղաքացու ամուսնության օրինական գրանցում Հայաստանում. ինչպես է կարգավորվում այդ գործընթացը
Ամուսնությունների օրինական գրանցման համար զույգերի մոտ մշտապես բավականին շատ հարցեր են առաջանում այդ գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման և համապատասխան մարմիններ ներկայացման հետ կապված: Շատ հարցերի պատասխաններ են փնտրում այն զույգերը, երբ ապագա ամուսիններից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի: Wedding.am-ը զրուցել է փաստաբան Վարդան Խեչյանի հետ, ով մանրամասն մեկնաբանում է օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանում օրինական ամուսնություն գրանցելու համար կատարվող քայլերի մասին:
-Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ամուսնությունների գրանցման համար
-Օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանում ամուսնությունների գրանցման համար առաջին հերթին ներկայացնում են իրենց անձնագիրը, հետո իրենց երկրից պետք է ստանան և ներկայացնեն համապատասխան փաստաթուղթ, տեղեկանք կամ հայտարարություն, որտեղ պետք է նշված լինի, որ նրանք տվյալ երկրում ամուսնություն չունեն գրանցված: Եթե, օրինակ, տվյալ երկրի քաղաքացին Իրանի քաղաքացի է, նա պետք է Իրանից ներկայացնի ամուսնությունների գրանցման համապատասխան մարմնից տեղեկանք:
Ապոստիլ երկիր (ՀԱԱԳԱ-յի կոնվենցիայի անդամ երկիր) չհամարվող պետությունների քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերը օրինականացվում են համապատասխան երկրի ԱԳՆ-ում, ապա փաստաթուղթը պետք է տանել տվյալ երկրի հայկական հյուպատոսարան կամ դեսպանատուն, որտեղ կրկին պետք է վավերացվի այդ փաստաթուղթը:
Հաագայի Կոնվենիցիայի անդամ երկրները, այսինքն` այսպես ասված «ապոստիլ անդամ-երկրները»՝ որոնք են Հայաստանը, Եվրոպական երկրները, ԱՄՆ և այլն, անձի ամուսնության բացակայության մասին փաստաթուղթը պետք է վավերացնեն իրենց երկրների համապատասխան պետական մարմիններում:
Բացի դրանից, եթե ամուսնացող զույգերից մեկը, ով օտարերկրացի է նախկինում ամուսնացած է եղել և ամուսնալուծվել է, նաև պետք է ներկայացնի ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, օրինակ ամուսնալուծության վկայական, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն:
Նշված փաստաթղթերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու անձնագրի նոտարական կարգով վավերացված թարգմանությունները, ներկայացվում են ՀՀ Արդարադատության նախարարություն, որտեղ համատեղ դիմում է ստորագրվում, ամուսնության գրանցման թույլտվություն ստանալու համար:
Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմնում, համատեղ դիմումի հիման վրա, ոչ շուտ քան 10-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ քան երեք ամսյա ժամկետում: Որոշ դեպքերում ամուսնության գրանցումը հնարավոր է ավելի կարճ ժամկետում կատարվի, եթե առկա են հարգելի պատճառներ`, օրինակ համատեղ երեխայի կամ հղիության դեպքերում, ծանր հիվանդության և այլ դեպքերում:
Ամուսնության գրանցման թույլտվության ժամկետի ավելի կրճատ ժամկետներ նույնպես կան, որը կատարվում է պայմանագրային հիմունքներով:
-Ի՞նչ ժամանակահատված է անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման համար:
Օտարերկրյա պետությունից ներկայացվող ամուսնության բացակայության վերաբերյալ փաստաթղթի /տեղեկանք ընտանեկան կարգավիճակի մասին/ վավերականության ժամկետը ամրագրված է հենց այդ փաստաթղթում: Այդ ժամկետը լրանալուց հետո անհրաժեշտ է ստանալ ժամկետային թարմացված նույն փաստաթղթից:
Այն դեպքերում, երբ ամուսնացող անձինք երկուսն էլ օտարերկրյա քաղաքացիներ են, պետք է երկուսն էլ իրենց երկրից ներկայացնեն համապատասխան ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք, եթե նախկինում նրանք ամուսնացած են եղել, ապա պետք է ներկայացնեն նաև ամուսնության դադարեցումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև այդ զույգերից որևէ մեկը պետք է Հայաստանում ունենա կացության քարտ և բնակության վայր /հաշվառում/:
-Օտարեկրրյա քաղաքացիների ՀՀ-ում գրանցված ամուսնությունը որքանո՞վ է օրինական տվյալ երկրում:
-ՀՀ-ում գրանցված և օրինականացված ամուսնությունները այլ պետություններում համարվում են օրինական միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների հիման վրա:
-ՀՀ հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների քաղաքացիների ամուսությունների գրանցումը ինչպե՞ս է կատարվում ՀՀ-ում:
Ընդհանուր կանոնին համաձայն ` Օտարերկրյա քաղաքացիների միջև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
-Պատասխանատվության ինչպիսի՞ տեսակներ կան կեղծ փաստաթղթեր ներկայացնելիս:
-Եթե հետագայում պարզվի, որ տվյալ անձը այլ պետությունում գրանցված ամուսնություն ունի, իսկ նման դեպքեր շատ հաճախ են լինում հատկապես երկքաղաքացիության հետ կապված, այդ դեպքում Հայաստանում այդ ամուսնությունը կարող է ճանաչվել անվավեր, իսկ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար գրեթե բոլոր երկրներում դա համարվում է հանցագործություն:
ՀՀ ընտանեկան օրենսգիրքը շատ հստակ նշում է, որ արգելվում է ամուսնություն կնքել այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ:
-ՀՀ-ում գրանցված օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունները ո՞ր երկրում են կատարվում, ո՞ր երկրի օրենսդրությամբ:
-Եթե ամուսնությունը գրանցվել է ՀՀ ՔԿԱԳ մարմնում, ապա ամուսնալուծությունը կարող է կատարվել ՀՀ տարածքում, այն ՔԿԱԳ մարմնում, որտեղ կատարվել է ամուսնության պետական գրանցումը, ինչպես նաև օտարերկրյա պետություններում, որտեղ գտնվում է ամուսինը /երը/ դատական կարգով: Իսկ այն դեպքերում, երբ ամուսիններից մեկը անձամբ չի կարող ներկայանալ ՀՀ ՔԿԱԳ մարմին, ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա բացակայող ամուսնու կողմից կարող է տրվել համաձանություն իր բացակայությամբ ամուսնալուծությունը գրանցելու համար, ինչպես նաև լիազորագիր: Այդ դեպքում ամուսիններից մեկի ներկայությունը պարտադիր է:
Սակայն, եթե, օրինակ, ամուսիններից մեկը ինչ-ինչ պատճառներով բացակայում է երկրից և նրա տեղը անհայտ է, իսկ մյուս ամուսինը ցանկանում է ամուսնալուծվել, այդ դեպքում, նա կարող է դիմել դատարան, ամուսնուն ճանաչել անհայտ բացակայող և դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծվել: Կամ, եթե ամուսնու հասցեն գիտի, կարող է դիմել ՀՀ դատարան, որը պետք է ամուսնուն ծանուցի Ռուսաստան, որ դատարանում այդպիսի գործ է լսվում, որից հետո կարող է դատական կարգով ամուսնալուծություն տեղի ունենալ:
Ամուսնալուծության ժամանակ ի հայտ եկող վեճի լուծումները կարող են կատարվել նաև օտարեկրկրյա պետության օրենսդրությամբ: Այդ դեպքում պետք է ճշտել՝ տվյալ երկրի օրենսդրությունը թույլ է տալիս ամուսիններին ամուսնալուծվել իրենց երկրում, թե ոչ:
Եթե օտարերկրյա քաղաքացիները ամուսնացել են իրենց երկրում և ունեն մշտական բնակություն ՀՀ-ում, նրանք կարող են ամուսնալուծվել նաև դատական կարգով ՀՀ տարածքում:
Հարցազրույցում ներկայացված փաստաթղթաշրջանառության հետ առնչվում են նաև քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել փաստաբան Վարդան Խեչյանին (http://jurist.am/)