Հոդվածներ
2015-ի հարսանեկան ամենանորաձև միտումները
Եթե ձեր հարսանիքը տեղի է ունենալու 2015-ին, ապա դուք պարտադիր պետք է իմանաք հարսանեկան ոլորտի բոլոր նորաձև միտումները և ուղղությունները: Այդ դեպքում ձեզ կհաջողվի ստեղծել շքեղ միջոցառում, որը անջնջելի հետք կթողնի ձեր հյուրերի և ձեր հիշողության մեջ: Wedding.am-ը ներկայացնում է 2015-ի հարսանեկան թրենդները:
Գունապնակ
2015-ի նորաձև գույներն են`
- կապույտ
- վարդագույն, դեղձագույն և կորալագույն
- կարմիրի երանգները
- դարչնագույն, կրեմագույն
- կանաչ
- մանուշակագույն
- մետաղական երանգներ
Դեկորատորները հարսանիք կազմակերպելիս խորհուրդ են տալիս կիրառել հենց այս գույները: Եթե խոսենք գունային համադրությունների մասին, ապա նորաձև են համարվում հետևյալները`
- մանուշակագույն+ դեղին
- վարդագույն + մոխրագույն
- ոսկեգույն + մուգ բորդո
- կորալագույն + կապույտ
- կապույտ + կանաչ:
Հարսանեկան զգեստ և աքսեսուարներ
2015-ին հարսանացուները ունեն ընտրության լայն հնարավորություն` վինտաժայինից մինչև ժամանակակից ասիմետրիկ զգեստներ: Այս տարի դիզայներները համաշխարհային հանրությանը ներկայացրեցին տարբեր դետալներով զգեստներ` գրպաններ, ժանյակավոր թևանքներ, փայլուն ապլիկացիաներ և այլն: Հատուկ ուշադրություն է դարձված ուռուցիկ ներքևով զգեստներին:
Այս տարվա սուպեր նորույթներից են մետաքսյա զգեստները, որոնց գեղեցիկ համադրություն կլինի հասարակ ծաղկեփունջը` մետաքսյա երկար զգեստով:
Հարսանեկան զգեստների համար ամենանորաձև գույները ճանաչված են վարդագույնը, անանուխագույնը, երկնագույնը և մոխրագույնը:
Որպես նորաձև աքսեսուար հարսնացուն կարող է ընտրել ծաղկային պսակ, որը հարսի կերպարին տալիս է ռոմատիկ տեսք: Այս տարի կրկին նորաձև է դառնում քողը`իր տարբեր դրսևորումներով: Իսկ հարսի կերպարը կարող են ակցենտավորել մեծ ականջողերը կամ վզնոցը:
Փեսայի կերպարը
2015-ին փեսայի կերպարում առկա են վինտաժային տարրեր: Դիզայներները վերադարձել են իրական անգլիացու ոճին և փեսաներին առաջարկում են ընտրել դարչնագույն թվիդե կոստյումներ: Իսկ եթե փեսան նախընտրում է դասական ոճ, ապա նրա կերպարը կամբողջացնեն ժիլետները:
Հարսանեկան ձևավորում
2015-ի հարսանեկան ձևավորման հիմնական ոճ է համարվում գյուղականը, որի միջոցով հնարավորություն է ընձեռվում ստեղծելու հարմարավետ, համարյա ընտանեկան մթնոլորտ: Այս ոճը առաջարկում է փայտյա սեղաններ և աթոռներ, բնական նյութեր` ձևավորման համար:
Էկո ոճի հարսանիքները այս տարի ևս առաջատար դիրքերում են: Ձևավորման ժամանակ մեծ ուշադրություն պետք է դարձնել բնությանը` օգտագործելով պարզ և բնական նյութեր:
Թրենդների մեջ կարելի է առանձնացնել նաև հետևյալները`
- ծաղկային պատեր
- փայտի և վինտաժային կահույքի օգտագործում
- առաստաղի շքեղ ձևավորում` ծաղիկներով և գործվածքներով
- կենդանական պրինտի օգտագործում
- ծաղկային ուղեգորգեր` ավանդական սփռոցի փոխարեն
Հարսանեկան ֆլորիստիկա
2015-ին ֆլորիստները խորհուրդ են տալիս հարսի շքեղ և նուրբ ծաղկեփունջ ստեղծելիս օգտագործել դաշտային ծաղիկներ: Իրենց հանրաճանաչության գագաթնակետին են թափթփված տեսքի, եթերային և նուրբ ծաղկեփնջերը: Բնական ծաղիկների հետ կարելի է օգտագործել շագանակ, սոճի, բամբակի ծաղիկներ և այլն:
Հարսանեկան հյուրասիրություն
2015-ին հարսանեկան խնջույքի անցկացման համար նորաձև են լինելու 3 բացարձակապես տարբեր ոճեր` ֆուրշետ` ճաշատեսակների համտեսումով, Միշլեն ոճի շքեղ հյուրասիրություն կամ տնական ճաշատեսակների հյուրասիրություն:
Ինչ վերաբերում է հարսանեկան տորթին, ապա կրկին նորաձև են դառնում բազմահարկ և դասական տորթերը:
Ավանդական քաղցր սեղաններին փոխարինելու են գալիս պանրե սեղանները` բաղկացած պանրի տարատեսակ ձևերից, մրգերից և ընդեղենից:
Ինչպես տեսնում եք, 2015-ի հարսանեկան միտումները խիստ տարբեր են և հետաքրքիր, հետևաբար յուրաքանչյուր զույգ կարող է իր հարսանիքի կազմակերպման համար ընտրել իր ճաշակին հարմար տարբերակ: