Հոդվածներ
Օժիտը եվ նրա քրեաիրավական հետեվանքները
Գլխագնի դիմաց աղջկա ծնողները պարտավոր էին օժիտ տալ աղջկան: Դա իրենից ներկայացնում էր ամենաքիչը երեք ձեռք անկողին, աղջկա ներքնազգեստների հավաքածու մինչեւ կյանքի վերջ հագնելու համար, դետալներ կահ-կարասիներից, հողատարածք եւ այլն: Օժիտի քանակն ուղիղ համեմատական էր աղջկա համար ստանալիք գլխագնի հետ: Նշենք, որ օժիտի ցուցադրման արարողությունը պակաս կարեւոր երեւույթ չէր: Հավաքվում էին բոլոր ազգականները եւ սկսում հաշվել բաժակների, ափսեների, վերնաշապիկների քանակը, համեմատել այս հարսի օժիտը նախորդների հետ: Օժիտային պատմությունները ուղեկցում էին ամբողջ գյուղին մինչեւ հաջորդ հարսանիք: Այս ամենը անհամեմատելի է մեր օրերի հետ: Հիմա աղջկա հայրը գրպանից հանում է մեկ բանալի` տան կամ ավտոմեքենայի, երբեմն էլ` երկուսն իրար հետ, եթե փեսայի բախտը այդչափ բերի:
Այս ամենի տրամաբանական շարունակությունը
Եկեղեցիական արարողություններից հետո հարսին տանում էին հորանց տուն: Հարսին բերում էին փեսայի տուն հաջորդ օրը միայն, որը հիմնականում կիրակի էր լինում: Հայրն աղջկա ձեռքից բռնած բերում-հանձնում էր փեսային ու ասում. "Քեզ եմ փոխանցում իմ բարիքը, օգտագործիր երջանկությամբ": Փեսան խոստանում էր աչքի լույսի պես պահել "բարիքը", համենայն դեպս սկզբում նա պահում էր իր խոստումը: Հետո երեք անգամ օջախի(տան) կողքով պտույտ էին գալիս (մեր օրերում այդ պտույտը տեղափոխվել է Հանրապետության Հրապարակ): Տնից դուրս գալուց հարսեղբայրը մուտքի մոտ կանգնում էր եւ ոչ ոքի չէր թողնում դուրս գալ մինչեւ որոշակի գումար տալը: Հնում այդ գումարը կարող էր փակել հարսանիքի ծախսերը, իսկ այժմ այն միայն ուրախացնում է հարսեղբորը և նրա ընկերներին: Մինչեւ հարսանքավորների գալը փեսայի տուն ուղարկում էին "աղվես" կոչվող մեկին, ով տեղեկացնում էր նրանց ժամանման մասին: Սկեսուրը "աղվեսին" տալիս էր նրա ամենասիրած ուտելիքը` հավ: Փեսայի տանը հենց մուտքի մոտ գառ կամ աքլոր էին մատաղ անում` կախված գրպանի պարունակությունից, տան կտուրից նրանց վրա լցնում էին չո րացած մրգեր, ցորեն, կոնֆետներ, մանրադրամ, մի խոսքով այն ամենը, ինչ խորհրդանշում է բարեկեցիկ կյանք:
Ախալքալաքում ընդունված էր, որ սկեսուրը նորապսակների բերանի մեջ շաքարի կտոր դներ, որպեսզի կյանքը քաղցրանա:
Երաժիշտները հարսանիքների անբաժան մասն էին կազմում: Հատուկ նրանց համար հորինված էր "շաբաշ" հասկացությունը: Առանձնահատուկ եռանդով իրականացրած երգի համար նրանք ստանում էին բավականին կլորիկ գումար: Ցավոք, այժմ այդ երեւույթը ավելի հաճախ հանդիպում է գիշերային ակումբներում պարերի ժամանակ: