Հոդվածներ
Վազգեն Սարգսյանի «անպատասխան սերը». բացառիկ դրվագ՝ սպարապետի կենսագրությունից
1996-98-ին ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալի, սպարապետի վաղեմի ընկերոջ` Հովիկ Չարխչյանը ներկայացնում է Վազգեն Սարգսյանի կյանքից մի փոքրիկ, բայց ուշագրավ պատմություն Վազգեն Սարգսյանի կյանքից:
Նրա խոսքով, Վազգենը շատ էր սիրում կինոարվեստը, երազում էր որևէ մասնագիտություն ձեռք բերել, որը կապված կլիներ կինոյի հետ: Հայտնի է, որ նա նույնիսկ նկարահանվել է «Ձնծաղիկներ և էդելվեյսներ» ֆիլմում, որտեղ խաղացել է զինվորի էպիզոդիկ դեր, ինչպես նաև մի քանի ֆիլմերում եղել է ռեժիսորի ասիստենտ:
1986-87 թվականներին, վերջնականապես որոշելով իրեն նվիրել այս բնագավառին, Վազգենը մի օր նստեց ինքնաթիռ ու մեկնեց Մոսկվա`ընդունվելու Մ.Գորկու անվան ինստիտուտի սցենարային բաժին:
«Բոլորս ուրախ ճանապարհ դրեցինք նրան Մոսկվա, սակայն, չէր անցել ընդամենը մի քանի օր, Վազգենը նորից հայտնվեց Արարատում, գնացինք իմանալու, թե ինչ է պատահել»,-հիշեց Հովիկ Չարխչյանը:
Երբ Վազգենին հարցնում են` ինչո՞ւ է նա վերադարձել, վերջինս պատասխանում է. «Առաջին քննության ժամանակ հանձնարարեցին 4 ժամում գրել որևէ պատմվածք: Եթե ես 4 ժամում կարողանայի պատմվածք կամ սցենար գրել, այն էլ` օտար լեզվով, էլ իմ ինչի՞ն էր պետք ինստիտուտ ընդունվելը»:
Հենց այս փորձն էլ Վազգենի վերջին և անպատասխան սիրո խոստովանությունն էր կինոյին:
Հեղինակ Աննա Բաբաջանյան (Life.Panorama.am)