Հոդվածներ
Թամադան ոչ թե կենաց ասող է, այլ` տրամադրություն ստեղծող. Սիմոն Ղանդիլյան
Ավելի քան 20 տարի հայ հանդիսատեսը առիթ ունի շփվելու և իր կյանքի ամենակարևոր իրադարձությունները համարձակորեն վստահելու Սիմոն Ղանդիլյան անուն-ազգանունով տաղանդաշատ դերասանին, երգչին և հանդիսավարին: Ավարտելով Գեղարվեստաթատերական ինստիտուտի Էստրադային և կրկեսային բաժինը և Էստրադային-ջազզային արվեստի ստուդիայի խոսակցական բաժինը` մեր այսօրվա հերոսին բախտ է վիճակվում դառնալու այն բացառիկ հաջողակ մարդկանցից մեկը, ովքեր հետագա կենսագործունեության ընթացքում զբաղվում են դիպլոմի մեջ գրված մասնագիտությանը համապատասխան աշխատանքով: Տարիների փորձառությունը և բազմավաստակ աշխատանքը հնարավորություն են տվել նրան այսօր դասվելու հայաստանյան ամենամեծ պահանջարկ ունեցող և պրոֆեսիոնալ հանդիսավարների դասին:
Wedding.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել նրա հետ` մեր ընթերցողների համար բացահայտելով հարսանիքի ամենակարևոր հյուրի` թամադայի ընտրության գաղտնիքները, սկզբունքները:
-Ի՞նչ սկզբունքով են ընտրում հարսանիքի վարողին:
-Ներկա պահիս պահանջները փոխվել են: Հասարակության տարբեր շերտեր տարբեր սկզբունքներով են ընտրում միջոցառման վարողին: Ոմանց համար կարևոր է մատչելիությունը, իսկ թե ինչ կկատարվի միջոցառման ընթացքում, նրանց չի հետաքրքրում. մարդիկ պարզապես կերուխում են անում: Ոմանք շատ ավելի վճարունակ են, էսթետիկապես էլ այլ կերպ են մտածում և հայտնիությանն են շատ մեծ տեղ տալիս, ու այդ դեպքում էլ նրանց համար ամենևին կարևոր չէ, թե ինչ կանի տվյալ հանդիսավարը. կարևորը այն է, որ նա կանի: Այդ տարբերակը շատ լավ կարող է աշխատել այն դեպքում, երբ հանդիսություն վարողը, ըստ էության ոչ թե կենաց ասող է, այլ` տրամադրություն ստեղծող: Կա նաև պատվիրատուների տեսակ, երբ անկախ սոցիալական դրությունից և ճաշակից, ընտրում են ավելի ավանդական, կենաց ասող, ազդեցիկ խոսքով վարողների, որոնք և՛ լսելի են, և՛ ընկալելի, և՛ ասելիքով հարուստ:
-Ինչի՞ն ուշադրություն դարձնել թամադա ընտրելիս:
-Առաջին հերթին ամենակարևորը ինտելեկտն է, զարգացվածությունը, որպեսզի ասելիքը միտք ունենա, որպեսզի նրան վստահեն այդպիսի պատասխանատու պաշտոն:
-Ի՞նչ մասնագիտություն պետք է ունենա թամադան:
-Դերասան, բայց` խոսքի վարպետ: Մյուս տարբերակը չեմ ընդունում, երբ տեխնիկական կրթություն ստացած վարսավիրը թամադայությամբ է զբաղվում, իսկ նման դեպքեր շատ կան, չնայած նման դեպքերի մասին խոսելը լուրջ էլ չէ, նույնիսկ եթե խոսքը թամադայության մասին է, այլ՝ ոչ թե վարելու, քանի որ թամադայությունը այլ կերպ է դիտվում, քան վարելը: Թամադան և վարողը ինձ համար տարբեր են:
-Իսկ որո՞նք են նրանց տարբերակող հատկանիշները:
-Թամադան ավելի շատ կենացներ ասող է, իսկ վարողը, այո, կենաց էլի ասում է, բայց այլ համեմունքով է տալիս` ավելի շատ շնորհավորական խոսքի տեսքով: Դերասանը այնքան ճկուն պետք է լինի, որ հասկանա՝ որ իրավիճակում պետք է թամադայություն անել, որ իրավիճակում՝ վարել: Այժմ այնքան կազմակերպված հարսանիքներ կան, որ ամեն մի քայլը նախօրոք գրված է, և վարողը պետք է շարժվի ըստ այդ սցենարի: Եվ դու չես էլ կարող շեղվել նախատեսված ուղուց, սակայն դու կարող ես այնքան ճկուն լինել, որ խոսքիդ մեջ թամադայությանը բնորոշ մասնիկներ օգտագործես:
-Լինո՞ւմ են դեպքեր, երբ թամադան կարող է հրաժարվել որևէ հանդիսություն վարելուց:
-Ինձ հետ շատ է եղել: Դա մերժել չէ, այլ պարզապես ինքդ քեզ ես սկսում հարգել, որ չհայտնվեցիր մի իրավիճակում, որը ոչ քեզ է հաճելի լինելու, ոչ էլ` դիմացինին: Ավելի փորձառու վարողները այդպես են վարվում, քանի որ ոչ թե վախենում են, որ աշխատանք կկորցնեն, այլ ելնելով հեղինակությունից, որ յուրաքանչյուրս մեր հանդիսատեսը ունենք և պատրաստ ենք նրանց համար աշխատել, նրանց համար մենք հետաքրքիր ենք և մեր խոսքն էլ հասանալի է նրանց:
- Իսկ հնարավո՞ր է հարսանիք կազմակերպել առանց թամադայի:
-Այժմ արդեն դժվար է, քանի որ հյուրերին գոնե բարևող, ուղորդող է պետք, որ տեղեկացնի՝ այժմ սա է լինելու, հետո նա:
-Ինչպե՞ս է թամադան կազմակերպում իր աշխատանքը:
-Ժամանակին հանդիսության կազմակերպման ամեն ինչ մեզ վրա էր: Խորհրդային շրջանում կային մարդիկ, որոնց պաշտոնը "эстечиский директор мероприятия" էր կոչվում, ով նույն թամադան էր, և հիմնականում պաշտոնական միջոցառումների կազմակերպմամբ էր զբաղվում: Նա ծրագրավորում էր հանդիսության ամեն մի մանրուքը՝ սկսած այն կետից, թե որտեղով են քայլելու հյուրերը, վերջացրած նրանից, թե որ աթոռը որտեղ պետք է դրվի: Այժմ նրա պարտականությունը կրում են թամադաները: Եվ ես դա մի քիչ սխալ եմ համարում, քանի որ այդ հարցերով կան զբաղվող հարսանեկան կազմակերպիչները, և նրանց մեջ շատ որակյալները և պրոֆեսիոնալները կան, ու իմաստ չունի, որ թամադան զբաղվի այս ամեն ինչով. նա պետք է շարժվի հենց նրանց կազմած սցենարական պլանով:
Եթե կա հարսանիքի կազմակերպիչ, ապա թամադայի առաջին քայլը պետք է լինի սցենարին ծանոթանալը: Եթե չկա կազմակերպիչ, այդ ամենը դրված է լինում վարողի վրա: Նա իր աշխատանքը սկսում է պատվիրատուի հետ հանդիպումից, որպեսզի հասկանա, թե նա ինչ է ուզում և որքանով է ինքը ի վիճակի դրանք իրագործելու: Այսօր ոչ մի խնդիր չկա որևէ ցանկություն իրականացնելու և քո արած գործը պետք է հաճույք պարգևի պատվիրատուին: Վարողի խոսքը այնքան պրոֆեսիոնալ, ճկուն, հաղորդակցվող, գեղեցիկ և համոզիչ պետք է լինի, որպեսզի ամեն ինչ կազմակերպված անցնի:
-Ի՞նչ սկզբունքով են ընտրվում միջոցառման ընթացքում ասվող կենացները, մաղթանքները:
-Ես որպես վարող ինձ երբեք իրավունք չեմ վերապահում ընտանիքին դիմել կենացի տեսքով, այլ երբ խոսքը ուղղում եմ ընտանիքի անդամներին՝ ծնողներին, քավորին, խոսքս կառուցում եմ շնորհակալության վրա: Այո, հիմնականում ընդունված է, որ կենացներ են ասում, մաղթանքներ հղում, սակայն ես դա համարում եմ մի փոքր սխալ՝ հատկապես երբ դու չես ճանաչում այն մարդուն, ում ինչ-որ մաղթանքներ ես հղում: Դու պետք է վարողի քո բարձունքից թույլ չտաս պարզամիտ խոսքեր ասել, այլ որպես վարող խոսքդ այնքան ծանրակշիռ ներկայացնես, որ բոլորին գրավես:
-Կենացների ո՞ր տարբերակներն են այժմ առավել ընդունված:
-Ցավոք, մինչև այժմ էլ կան վարողներ, ովքեր իրենց խոսքը շաբլոնների հիման վրա են կառուցում: Ո՞վ է ասում, որ տատիկի կենացը պետք է խմել ծնողից հետո, միգուցե այդ ընտանիքում տատիկի-պապիկի կենացը առաջի՞նն են խմում: Ինձ համար դա անհասկանալի է: Եթե տարբեր միջոցառումներից դու տարբեր էմոցիաներ ես ստանում, ինչպե՞ս կարող ես նույն բանը ասել կամ անել: Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր պատվիրատուի անհատական ցանկությունները, ընտանեկան ավանդույթները: Զվարճալի շատ դեպքեր են լինում այն վարողների հետ, ովքեր նախօրոք բոլորի համար ունեն նույն գրվածքները, ստացել են իրենց գումարը, և ընդհանրապես հաշվի չեն առնում, թե ինչ միջոցառում են վարում:
-Ո՞ր թամադաներն են այսօր առավել պահանջված և ինչպես են սահմանվում վարողների գները:
-Լինում են դեպքեր, որ, օրինակ, դեռևս նոր այդ ասպարեզ մտնող վարողները ավելի փորձառուներից ճշտում են, թե ինչ գներով են նրանք աշխատում: Ես այս աշխատանքով զբաղվում եմ արդեն համարյա 20 տարի: 1996-ին ես ստացել վարձատրվող թամադայության իմ առաջին պատվերը: Այն ժամանակ նաև DJ եմ աշխատել, և ես և այդ աշխատանքն էի անում, և դերասանի մասնագիտությունս օգտագործելով, նաև թամադայություն էի անում: Դրանից հետո Սոչիից եմ պատվեր ունեցել: Եվ հենց այդ շրջանում միջոցառման վարողի կուլտուրան սկսեց մուտք գործել մեր կյանք: Այդ ժամանակ երկուսով էինք հիմնականում գործում այդ շուկայում: Եվ մինչև հիմա էլ մեր պահանջարկը ունենք: Մենք մեր այդքան երկար տարիների աշխատանքային փորձի շնորհիվ ստեղծել ենք և՛ մեր պատվիրատուների բանակը, և՛ այն պրոֆեսիոնալիզմը, որ կարող ենք անցկացնել ցանկացած միջոցառում: Իսկ նորեկները մի փոքր անփորձ լինելով՝ շատ խորհուրդների կարիք ունեն:
Ես երկու տարի առաջ մի հարսանիք էի վարում, որի հարսի ու փեսայի կնունքը 3 տարեկանում նույնպես ես եմ անցկացրել:
Ամեն մեկին տրված չէ լավ վարող լինել, խոսքը այն մասին չէ, թե սա շատ բարձր արվեստ է, այլ պարզապես դու այնքան հմուտ պետք է տիրապետես քո գործին, որ մարդկանց քո արածով ոչ թե նյարդայնացնես, այլ հաճույք պատճառես: Մոտ 5-6 տարի առաջ Հայաստանում իսկական հարսանեկան բում էր, և այդ տարվա ընթացքում վարել եմ 285 միջոցառում: Շաբաթներ են եղել, երբ երկուշաբթիից կիրակի հանգստյան օր չի եղել: Թե ինչով էր պայմանավորված այդ բումը, չեմ կարող ասել: Ամեն ինչը թանկ չէր, հասարակության տնտեսական վիճակը ավելի լավ էր:
-Ի՞նչ գնային սահմաններում են աշխատում թամադաները:
-Երևանում գինը շատ կամընտրական է, և շուկան չէ, որ որոշում է գինը: Չկա սահմանված գին: Պարզապես յուրաքանչյուրը իր համար մի գին է որոշել և աշխատում է այդքանով: Եթե մարդիկ նախընտրում են ավելի մատչելի հարսանիք անել, բնականաբար, հարսանիքի համար նախատեսված բյուջեից ավելի գումար չեն տրամադրի թամադային: Կան շատ մատչելի գումարով աշխատող թամադաներ, ովքեր նաև շատ որակյալ են իրենց աշխատանքը կատարում: Եթե, օրինակ, ես համարվում եմ թանկ վարող, դա այն պատճառով չէ, որ ես շատ ավելի լավն եմ, պարզապես ես շատ ավելի փորձառու եմ: Շատերն էլ կան ուղղակի, աննպատակ գին են որոշել:
-Ինչպե՞ս կգնահատեք կին թամադաների աշխատանքը:
-Կին թամադայի մասին պարզապես պետք է մոռանալ: Ինքը կարող է լավ հյուր լինել, այդ կարգավիճակով ինչ-որ գեղեցիկ ստեղծագործություն նվիրել նորապսակներին և վերջ:
-Իսկ երբ նրանք դուետո՞վ են հանդես գալիս:
-Դուետները ընդունում եմ, քանի որ դրանք շոու են և իրենց հերթին էսթետիկ այլ երանգ են հաղորդում:
-Իսկ դուք դուետներով հանդես գալու փորձ ունեցե՞լ եք:
-Շատ և լավագույն արտիստների հետ: Մաշա Մատվեևա, Լերա Կուդրյավցևա, Գայանե Ասլամազյան և այլն: Իրենք լավագույն վարողներ են, ովքեր կարողանում խոսքը քեզանից վերցնել և ճիշտ փոխանցել հանդիսատեսին: Ես երբեք թույլ չեմ տվել, որ իմ կողքին կանգնած կին վարողը կենաց առաջարկի, քանի որ դա իր աշխատանքը չէ:
-Ռեստորանից դուրս հարսանիքների ժամանակ ինչպե՞ս է աշխատում թամադան:
-Այժմ կան կազմակերպիչներ, որոնց շնորհիվ ամենը այնպես մանրակրկիտ է մտածված` ընդհուպ մինչև այնտեղ, որ ցուցանակներով բոլորին կողմնորոշում են, որ այս ժամին լինելու է այսինչը, այն ժամին` այնինչը: Հայաստանցիների հետ այդ փորձը այնքան էլ կիրառելի չէ, քանի որ մերոնք սիրում են լավ ուտել-խմել, իսկ երբ դրսից են մարդիկ գալիս՝ հատկապես երբ ունենում են օտարերկրացի հյուրեր, ապա նրանց պետք է ինչ-որ մի բան էլ ավել ցույց տալ քո երկրից, մշակույթից, նրանց բոլորին ուղորդող պետք է լինի, իսկ թե ինչ կլինի այդ մարդու անունը՝ թամադա, թե վարող, թե էսթետիկական տնօրեն, կարևոր չէ:
-Արդեն բավականին հարուստ փորձ կա, որ օտարազգի ներկայացուցիչները գալիս են Հայաստանում հարսանիք ունենալու: Կա՞ն մի քանի լեզվով խոսող թամադաներ, ովքեր կարող են օտար լեզվով հանդիսության անցկացումը վերցնել իրենց վրա:
-Ժամանակին չկային, սակայն հիմա պահանջարկը բերել է առաջարկ: Ճիշտ է, հիմա էլ շատ չեն, բայց կան բավականին մեծ ինտելեկտով, զարգացած և գրագետ մարդիկ, ովքեր կարողանում են օտար լեզվով հարսանիք վարել: Եվ բացարձակ կարևոր չէ, օրինակ, անգլերենին տիրապետել, որպեսզի այդ լեզվով խոսող մարդկանց միջոցառումը անցկացնես, քանի որ դա թարգմանչություն չէ, այլ ավելի ընտանեկան միջոցառում, և վարողը արդեն էմոցիաներով կարող է ամեն ինչ փոխանցել, ու դա ավելի հիացական ազդեցություն կունենա, քան անգլերենով ասվող ոչ անկեղծ և քարացած խոսքը: Իսկ եվրոպացիները կարոտ են մնացել կենդանի շփմանը: Մարդիկ հաճախ ռուսալեզու վարող են պահանջում, քանի որ ԱՊՀ-ից շատերն են գալիս Հայաստան հարսանիք անցկանցնելու, իսկ ռուսերենին տիրապետող գրագետ վարողներ շատ չկան, ընդամենը մի քանիսն ենք:
-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Աշխատանքային նոր շրջան է սկսվում և կուզենայի բոլոր հայ ընտանիքներին ուրախ և երջանիկ բազմաթիվ առիթներ մաղթել, որոնց մեր ներկայությունը կարող է ցանկալի, հաճելի և պարտադիր լինել: