Հոդվածներ
Էքսկլյուզիվ. Սոֆյա Պողոսյանը` իր հարսանիքի, ամուսնու և ընտանիքի մասին. «Մեր հարաբերությունները նման էին «Ռոմեո և Ջուլետ»-ին»
Մոտ հինգ տարի առաջ հայկական հեռուստաեթերում հայտնվեց աննկարագրելի և արտասովոր գեղեցկությամբ մի դերասանուհի, ով միանգամից կարողացավ գերել բազմահազարանոց հեռուստադիտողների սրտերը, դառնալ հեռուստացույց դիտելու պատճառ: Բոլորին հետաքրքիր էր, թե ով է այդ խարտյաշ վարսերով և լազուրե աչքերով յուրահատուկ աղջիկը: Այսօր արդեն բոլորը գիտեն Սոֆյա Պողոսյանի անունը, ով սերիալային տարբեր կերպարներով հասցրել է սիրվել և դառնալ ամենապահանջված դերասանուհիներից մեկը:
Wedding.am-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել դերասանուհու հետ, և նրա երկրպագուների համար բացահայտել մի շարք գաղտնիքներ, որոնց մասին Սոֆյան մինչև այսօր չի պատմել:
-Ինչպե՞ս ծանոթացաք ձեր ապագա ամուսնու հետ, ինչպե՞ս տեղի ունեցավ առաջին հանդիպումը:
-Առաջին հանդիպումը տեղի է ունեցել ինը տարի առաջ, երկուսս էլ ուսանող էինք. Նարեկը (Սոֆյա Պողոսյանի ամուսինն է) սովորում էր Տնտեսագիտական համալսարանում, ես` ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետում, որոնք գտնվում են նույն բակում, և մենք հանդիպել ենք երկար ընդմիջման ժամանակ՝ նույն ճանապարհին: Կարելի է ասել, որ մենք միանգամից նկատեցինք իրար: Երբ արդեն երկուսս էլ փոխանակվեցինք հայացքներով և հավանեցինք իրար, պարզեցինք, որ Նարեկը իմ շատ մտերիմ ընկերուհու մանկության ընկերն է:
-Հարաբերությունների զարգացման ընթացքը ինչպե՞ս է եղել:
-Շատ հետաքրքիր, զվարճալի, տարիքին բնորոշ երիտասարդական վիճակներ էին մեզ մոտ: Հաշվի առնելով, որ մեր միջնորդը և իմ, և նրա շատ մտերիմ անձն էր, և հայտնվել էր երկու քարի արանքում: Զավեշտալի դեպքեր շատ էին լինում: Մեկ ես էի մի բան խնդրում Նարեին (ընկերուհին), մեկ Նարեկն էր ինչ-որ բան խնդրում նրան, որ կազմակերպի և ինձ այդ մասին չասի, բայց նա միանգամից ինձ ասում էր, մեկ ես էի նրան խնդրում հակառակ բանն անել: Նարեկը ուզում էր հանդիպումներ կազմակերպել, ես Նարեին խնդրում էի, որ հանկարծ չկազմակերպի, հետո լրիվ հակառակ երևույթն էր տեղի ունենում (ժպտում է):
Իրար գլխի զավեշտալի պատմություններ շատ ենք խաղացել: Եռակողմ հեռախոսային խոսակցություններ էին լինում մեզ մոտ: Նարեն և Նարեկը խոսում էին հեռախոսով, Նարեկը փորձում էր անակնկալ կազմակերպել կամ հանդիպում, որ ես հանկարծ չիմանամ, Նարեն ասում էր, իհարկե, ոչ մի տառ չեմ ասի, իսկ ես այդ ընթացքում իրենց տան երկրորդ հեռախոսով այդ ամեն ինչը լսում էի:
-Ե՞րբ լրջացան ձեր հարաբերությունները:
-Մեզ մոտ քանի որ և ընկերականն էր խառնված, և իրար հավանելու ընթացք էր, սկզբնական շրջանում շատ ընկերական էր ամեն ինչը, որը ուղեկցվում էր, բնականաբար, այլ զգացմունքներով, բայց դրան ընթացք չէր տրվում: Ամեն տեղի է ունեցել աստիճանաբար և սահուն: Մինչ նշանվելը չորս տարի հանդիպել ենք. ընկերություն, հետո իրար հետ առանձին հանդիպել, իրար ճանաչելու ընթացքը, ապա նշանվեցինք: Հանկարծակի ոչինչ չի եղել, և ես միշտ սխալ եմ համարել լուրջ հարաբերությունները միանգամից սկսելը, առավել ևս ամուսնանանալը:
-Ի՞նչը Նարեկի մեջ ամենաշատը Ձեզ գրավեց, և դուք հասկացաք, որ հենց նա պետք է լինի ձեր ամուսինը, կողակիցը:
-Քանի որ ես թե իմ համաստեղության նշանով (Սոֆյան տարով Վիշապ է, ամսով՝ Կշեռք), թե բնույթով տատանվող և անընդհատ կասկածների մեջ ընկնող, շատ դժվարությամբ որոշումներ կայացնող, իսկ Նարեկը, չնայած դեռևս այն ժամանակ երիտասարդ տարիքին, հստակ գիտեր ու գիտի՝ այս կյանքից ինչ է ուզում և այդ ուղղությամբ հստակ քայլեր է ձեռնարկում, ինքը ինձ կայունացնող, բալանսի բերող գործոնն է: Ես առանց իր խորհուրդների միգուցե մոլորվեմ՝ չիմանալով` ինչ եմ ուզում ցանկացած հարցում: Եվ չնայած իր՝ այդ կենտրոնացած տեսակին, դա նրան չի խանգարում լինել շատ ընկերասեր, հումորով: Նա պրագմատիկ մարդ է, սակայն դա չի խանգարում նրան արվեստին էլ մոտ լինել:
-Ինչպե՞ս եկաք ամուսնանալու որոշմանը:
-Քանի որ մենք մինչ այդ արդեն մոտ հինգ տարի հանդիպում էինք, ամուսնության առաջարկն էլ հանկարծակի չհնչեց: Մեզ մոտ եղել է «Ռոմեո և Ջուլետ» վիճակ, քանի որ մեր ծնողները՝ առավել ևս իմ ծնողները, կողմ չէին, որ մենք իրար հետ լինենք: Հինգ տարի, կարելի է ասել, ամեն օր պայքարել ենք իրար հետ լինելու համար: Մեզ մոտ կինոյական վիճակներ էին՝ իրար հասնելու համար: Այդ պատճառով մենք ամեն ինչ միասին էին որոշում, գնում որոշակի քայլերի, և ամուսնության առաջարկն էլ հանկարծակի չի եղել, մենք պայքարելով հասել ենք նրան, որ վերջիվերջո ամուսնանանք, և Նարեկը ամեն ինչ արեց դրա համար: Ես էլի տատանվում էի իմ բնավորության համաձայն, իսկ Նարեկը գործում էր:
-Ո՞վ էր ավելի շատ զբաղվում հարսանիքի կազմակերպման հարցերով:
-Սովորաբար կանայք են առավել ակտիվ զբաղվում այդ հարցերով, մեր պարագայում այլ էր: Ես այնքան էլ չեմ սիրում և այն ժամանակ խուսափում էի հայկական ավանդական հարսանիքները՝ սկսած տուն գնալու, ավելորդ ճոխացված ձևականություններից (չնայած հիմա՝ ավելի հասուն մտածելակերպով հասկանում եմ, որ դրա մեջ էլ իր գեղեցկությունը և իմաստը կա): Նարեկը, հասկանալով, որ եթե ինձ վրա մնա, կարող է այդպես էլ չլինի այդ հարսանիքը, ամեն ինչ վերցրեց իր վրա. հարսանեկան ամբողջ կազմակերպչական աշխատանքները իրականացրել է ամուսինս:
-Ունեցե՞լ եք հարսանիքի Ձեր երազած սցենարը:
-Միգուցե բոլորին հիասթափեցնեմ, բայց ես երբեք չեմ երազել հարսանիքի մասին, երբեք հեքիաթային ինչ-որ բաներ չեմ պատկերացրել: Իմ երազանքը ծովի ափին հարսանիք ունենալն էր, և Նարեկը փորձել է հնարավորինս իմ պատկերացումներին և Հայաստանի պայմաններին մոտ կազմակերպել մեր հարսանիքը: Երբ մենք ամուսնանում էինք, դեռ այնքան էլ ընդունված չէր բացօթյա, ոչ ռեստորանային պայմաններում հարսանիքներ կազմակերպելը: Նա մեր հարսանիքի համար այնպիսի վայր էր ընտրել, որտեղ շատ շատրվաններ և ջրային հատվածներ կային: Մեր ԶԱԳՍ-ի արարողությունն էլ եղավ շատրվանների մոտ: Ամառ էր, գեղեցիկ բնություն, ծաղիկներ. իսկապես հեքիաթային վիճակ էր: Ինձ համար շատ հաճելի էր, որ նա կարողացել է ամեն ինչ իմ սրտով կազմակերպել:
-Հարսի Ձեր կերպարը ինչպե՞ս եք ընտրել:
-Ես հստակ գիտեի, որ ուռած զգեստ չեմ ուզում, ցանկալի էր մինիմալիստական ոճի մեջ, բայց գեղեցիկ և ճաշակով, էլեգանտ, որպեսզի ճչացող ոչինչ չլիներ: Երբեք չեմ սիրել բարբիական ուռած զգեստները: Քանի որ այդ ժամանակ դժվար էր գտնել նման զգեստ, հիմնականում հենց ուռուցիկ զգեստներ էին, այդ պատճառով ինձ համար հատուկ կարվեց իմ զգեստը՝ հայ դիզայների կողմից:
-Ինչպե՞ս անցավ ձեր հարսանիքը:
-Ամեն ինչ Նարեկի կողմից մանրակրկիտ մտածված էր: Քանի որ հասկանում էինք, որ Հայաստանում ենք, կան տարիքով մեծ բարեկամներ, մեզ մոտ ամեն ինչ բալանսի էր բերված: Հարսանիքի մեծ հատվածը կազմակերպված էր դրսում, մի մասն էլ փակ սրահում էր, որպեսզի խուսափենք անակնկալներից՝ աչքներիս առջև ունենալով քրոջս հարսանիքը, որը նույնպես բացօթյա էր և վերջում անձրև եկավ: Ամեն ինչ շատ լավ անցավ: Դրսում հնչում էր ժամանակակից երաժշտություն, նվագում էին տարբեր բենդեր, երիտասարդական, ակումբային երաժշտություն: Մեր հարսանիքը կազմակերպված այնպես էր, որ բոլոր հյուրերը գոհ մնան:
-Կպատմե՞ք ձեր մեղրամսի մասին:
-Քանի որ իմ հարսանեկան արարողությունը ավելի շատ ամուսնուս նախաձեռնությունն էր, ես այնքան չէի սպասում մեր հարսանիքին, որքան մեր մեղրամսին: Իսկական երազը ինձ համար հենց մեր մեղրամիսն էր: Հարսանիքից մի քանի օր հետո մեկնեցինք Կիպրոս, և սկսվեց իսկապես հեքիաթային վիճակը: Սիրած անձնավորության հետ գտնվել այդպիսի դրախտային վայրում, կտրված ամբողջ աշխարհից, ամեն օրը մի անակնկալով, ռոմանտիկ ընթրիք ծովի ափին: Այդ ժամանակահատվածը ինձ համար իսկապես հեքիաթային էր, որը ամբողջ կյանքում կհիշեմ: Դա էլ դարձավ սկիզբը միասին ճանապարհորդելու:
-Ինչպե՞ս կբնութագրեք ձեր ընտանիքը:
-Մեր հարսանիքը կբնորոշեմ իրար շատ սիրող, բայց շատ խելառ ընտանիք: Երբ մտածում եմ, որ ամուսնությունից հետո արդեն հինգ տարի անցել է, իսկապես զարմանում եմ, որովհետև այդ ժամանակահատվածը շատ արագ թռչել է: Երկուսիս գրաֆիկն էլ շատ խիտ է և օրվա մեծ մասը տանը չենք լինում: Քանի որ դեռ բալիկ էլ չունենք, կարելի է ասել հանգիստ, ընտանեկան վիճակները մեզ մոտ դեռ չկան, այլ մենք դեռ շատ ակտիվ, մի կերպ հասցնելու վիճակում ենք, և երկուսս էլ շատ սիրում ենք այդ վիճակը, քանի որ բնույթով շատ ակտիվ ենք, իսկ իրար հետ լինելու ընթացքում միանշանակ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում, և անկախ նրանից, որ այդքան ժամանակ է անցել, մեզ մոտ կարծես հարաբերությունների սկզբնական փուլը լինի: Ոչինչ չի սառել, սիրում ենք կիրակիները միասին անցկացնել, ունենք արդեն ավանդույթ դարձած զբաղմունքներ, որոնցով միասին զբաղվում ենք կիրակի:
Փորձում ենք հնարավորինս շատ ճամփորդել, դա տարվա մեջ մեր ամենասիրելի հատվածն է: Կարծում եմ՝սիրած մարդու հետ ճանապարհորդելուց հաճելի բան չկա:
-Տղամարդիկ ամուսնությունից հետո սովորաբար փոխվում են: Իսկ Ձեր ամուսինը փոխվե՞ց հարսանիքից հետո:
-Միշտ եմ համարում մինչև ամուսնությունը մարդուն լավ ճանաչելը, որպեսզի հետո անակնկալի չգաս: Իրականում մարդը չի փոխվում, պարզապես դու նրան լավ ճանաչած չես լինում: Մենք քանի որ երկար ժամանակ էր, ինչ իրար ճանաչում էինք, մեզ համար անակնկալները քիչ էին: Ամուսնությունից հետո մեր հարաբերությունների անունը փոխվեց. եթե ընկեր-ընկերուհի էինք, հետո նշանածներ, հետո պարզապես մեզ սկսեցին անվանել ամուսիններ: Իհարկե, որոշակի պարտականություններ փոխվեցին, բայց գլոբալ առումով մարդու տեսակը, գոնե, բարեբախտաբար մեզ մոտ, չի փոխվել: Այդ պատճառով կարևորը մինչև ամուսնությունը միմյանց հնարավորինս լավ ճանաչելն է:
-Ինչպիսի՞ տնային տնտեսուհի է Սոֆյա Պողոսյանը:
-Ես իրականում շատ սիրում եմ ընտանեկան մթնոլորտը, էությամբ էսթետ եմ, և եթե մեկ ժամ գտնվեմ մի վայրում` կարող եմ այն ինձանով անել, ջերմություն ստեղծել, նույնն էլ տանը, բայց դա խոհանոցին չի վերաբերում, քանի որ իսկապես չեմ սիրում, և դա ինձ համար պարտականության պես է ինչ-որ բան պատրաստելը, այլ ոչ մեծ ցանկությամբ: Բարեբախտաբար, ամուսինս շատ պահանջկոտ չէ այդ առումով և կենցաղային հարցերում շատ զիջող ենք միմյանց: Դժվար պահին փրկության են գալիս մեր մայրիկները:
-Ինչպե՞ս եք լուծում առաջացող ընտանեկան խնդիրները:
-Երկուսս էլ շատ իմպուլսիվ ենք և բռնկվող, և այդ հողի վրա լինում են խնդիրներ: Նման դեպքերում փրկության է գալիս հումորի զգացումը և ինձ մոտ, և Նարեկի: Նա առավել հումորով է, և այն ամենաբարկացած ընթացքում կարող է այնպիսի հումոր անել, որ չդիմանաս, ծիծաղես և իրավիճակը հարթվում է, և լարվածությունը կոտրվում է:
-Ինչպիսի՞նն է Ձեր ամուսնու վերաբերմունքը դերասանուհու կարիերայի նկատմամբ:
-Խնդիրը այն էր, որ երբ մենք սկսեցինք հանդիպել, իմ ամուսինը գիտեր, որ ես հոգեբան եմ, այլ ոչ դերասանուհի: Մեկ այլ բան է, երբ ի սկզբանե գիտես, որ քո կինը դերասանուհի է, մեկ այլ բան, որ ընթացքում է փոխվում: Նա սկզբնական շրջանում պատրաստ չէր այդպիսի կտրուկ փոփոխության և խնդիրներ իսկապես առաջանում էին: Այս աշխարհ մուտք գործելս համընկավ մեր ամուսնության առաջին տարվա հետ, և այդ փուլը պահ էր, որ պետք էր հաղթահարել: Մենք փորձում ենք ամեն հարցում իրար սատար կանգնել, ոչ թե խանգարել, իսկ իմ ամուսինը այն ամուսիններից է, ով փորձում է ամեն հարցում ինձ օգնել, այլ ոչ թե ուրիշ ամուսինների պես իրենց ապահով և ինքնահաստատված զգալու համար կնոջը նստացնել տանը, և իրեն դրանից լավ զգալ:
-Բամբասանքները խանգարո՞ւմ են ընտանեկան անդորրը:
-Խոսակցությունները սկզբանական շրջանում էին, և երկուսիս համար էլ խորթ էին: Նոր էի մուտք գործել այդ ոլորտ և դժվարությամբ էի այդ ամեն ինչին հարմարվում, հիմա այդ ամենը մնացել է անցյալում: Մարդիկ արդեն տարբերում են կերպարը իրական մարդուց, էլ չեն անձնավորում: Բամբասանքները իսկապես պակասել են: Բարեբախտաբար, եղած բամբասանքները և չարախոսությունները չեն ներխուժում մեր ընտանիք:
-Հոգեբանի մասնագիտությունը օգնո՞ւմ է ընտանիքում, կյանքում:
-Հոգեբանի մասնագիտությունը ինձ օգնում է բոլոր բնագավառներում՝ իմ մարդ տեսակից սկսած մինչև մարդկանց հետ շփվելը, ինքդ քո վրա աշխատելու, թերությունները շտկելու հարցում, դիմացինին ընդունելու և հասկանալու այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե փորձես փոխել նրան և հետո հիասթափվել, որ նա քո ցանկացած մարդը չի դառնում:
-Այս տարի լրանում է ձեր ամուսնության հինգ տարին: Ինչպե՞ս եք պատրաստվում նշել «փայտե հարսանիքը»:
-Մեզ մոտ շատ լավ ավանդույթ է ձևավորվել ամուսնության օրը դրսում նշելը, և մենք գրեթե ամեն տարի տարվա նույն ժամանակահատվածում ենք հանգստանում: Եվ միշտ ունենում ենք շատ ռոմանտիկ ճամփորդություն, և հույս ունեմ, որ այս տարի էլ ամուսինս նման մի անակնկալ կկազմակերպի:
-Կա՞ նվեր, որ ստացել եք Ձեր ամուսնուց, և այն ամենաթանկ իրն է Ձեզ համար:
-Կա նման նվեր, որը ստացել եմ մեր հարաբերությունների սկզբնական շրջանում, բայց չեմ ցանկանա նշել՝ դա ինչ է, պարզապես վստահ եմ, որ այն ամբողջ կյանքում կպահեմ ինձ մոտ, քանի որ այն մեծ խորհուրդ ունի իր մեջ:
-Ինչպիսի՞նն է Ձեր պատկերացրած ընտանիքի իդեալական մոդելը:
-Ընտանեկան հարաբերություններում, կարծում եմ, ամենախանգարողը երևույթներից է այն, որ մտածում ես կամ պլանավորում ես, որ այսպես կամ այնպես պետք է լինի: Որպես հոգեբան կարող եմ ասել, որ ամենասխալ բաներից է, երբ նախօրոք հստակ պատկերացնում ես կամ երազում ինչպես պետք է լինի, և երբ քո պատկերացրածը չի հանընկնում իրականության հետ, հիասթափվում ես, բայց դա չի նշանակում, որ դա վատ է, պարզապես դու այլ բան ես պատկերացնում: Ամենակարևորը, ինչի վրա հիմնվում է ընտանիքը, սերն է, որքան էլ սենտիմենտալ դա հնչի, բայց եթե սերը չլինի, ոչինչ չես ցանկանա հաղթահարել, ինչքան էլ ժամանակ անցնի: Եթե հիմքում սեր չկա, չի լինի փոխըմբռնում, զիջում, համբերատարություն: Եթե սեր կա, ամեն ինչ էլ անում ես սիրած մարդու համար:
-Սոֆյա Պողոսյանի խորհուրդը նորաստեղծ ընտանիքներին:
-Իմ խորհուրդն է իսկապես չփոքրացնել և չթերագնահատելը սերը և հիշել, որ ամեն ինչ դրա հիման վրա է ստեղծվում: