Հոդվածներ
Հայազգի 30 դիզայներ՝ նորաձևության մեկ հարթակում
Սեպտեմբերի 14-ին Oriflame Fashion Weekend նորաձևության և գեղեցկության ամենամյա մասշտաբային ցուցադրություններին ընդառաջ կայացավ հատուկ ընդունելություն նախագծին մասնակցող դիզայներ-մոդելավորողների, նորաձևության բլոգերների, գործարար ոլորտի և ԶԼՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Oriflame Fashion Weekend նախագծի միջոցով նպատակ ունենք նպաստել հայկական նորաձևության զարգացմանը՝ աջակցելով նաև տաղանդավոր սկսնակ դիզայներներին, հնարավորություն տալ նրանց հետևել իրենց երազանքին:
Արդեն 2-րդ տարին է՝ մենք սկսնակ դիզայներներին ոչ միայն տրամադրում ենք հարթակ՝ ցուցադրելու իրենց հավաքածուները հանրության լայն շրջանակներում, այլև սահմանել ենք հատուկ մրցանակ հաղթողի համար»,- միջոցառման ընթացքում նշեց «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը:
2017 թվականին Oriflame Fashion Weekend նախագիծն ընդլայնել է իր մասշատբները` միավորելով հայազգի 30 ճանաչված և սկսնակ հագուստի դիզայներ-մոդելավորողների ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաներից դուրս (ԱՄՆ, Ֆրանսիա), ովքեր իրենց նոր հավաքածուներով հանդես կգան երկօրյա ցուցադրությունների ժամանակ:
«Ինձ համար երազանքի պես մի բան էր Հայաստանում ցուցադրություն ունենալը: Այս անգամ ներկայացնում ենք 15 լուքից բաղկացած հավաքածու»,-ասում է դիզայներ-մոդելավորող, ճարտարապետ Վիգէն Տէրտէրեանը: Ամերիկահայ հայտնի դիզայները Հայաստան է ժամանել իր գործընկերոջ, «Վիգէն Տէրտէրեան» բրենդի համահիմնադիր Կյանգ Վա Կիմի հետ: Oriflame Fashion Weekend 2017-ին նրանք ներկայացնում են հավաքածու, որն արտացոլում է կնոջը՝ թռիչքի ժամանակ: Դիզայներները ցանկանում են ոգեշնչել և ոգեշնչվել այն կանանցից, ովքեր կոտրում են այսպես կոչված «ապակե առաստաղը»: Վիգէն Տէրտէրեանն արդեն հասցրել է ծանոթանալ Oriflame Fashion Weekend-ի մյուս մասնակիցների ներկայացրած աշխատանքներին և հավանել է: Oriflame Fashion Weekend –ի շրջանակում առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայանա Ճանաչված դիզայներ, E-Fashion Awards 2016-ի մրցանակակիր փարիզաբնակ Արմինե Օհանյանը, ով բազմիցս մասնակցել է Փարիզի և Վանկուվերի նորաձևության շաբաթներին, Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակներում անցկացվող շոուրումին:
«Հայրենի երկրում առաջին անգամ եմ ներկայացնելու իմ հավաքածուն, հույզերս կրկնակի շատ են, քանի որ մենք՝ հայերս, ավելի պահանջկոտ ենք և քննադատ: Բացի այդ, իմ առաջին քայլերը սկսել եմ այստեղից՝ ավարտելով Երևանի գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժինը: Ինձ համար պարտավորեցնող է ներկայանալ հայ հանրությանը: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կանցնի, որովհետև մենք կազմակերպել ենք մեծ շոու»,- նշում է Արմինե Օհանյանը:
Այս տարի Oriflame Fashion Weekend-ը անցկացվելու է սեպտեմբերի 16-17-ին, մայրաքաղաքի պատմամշակութային նշանակության վայրերից մեկում՝ Երևանի երկաթուղային կայարանում: Միջոցառման սկիզբը՝ 19:30: «Օրիֆլեյմ Հայաստան» շվեդական ապրանքանիշի պատկերացմամբ գեղեցկությունը կենսակերպ է: Հավատարիմ մնալով այս դիրքորոշմանը՝ ընկերությունը կազմակերպում է նորաձևության ամենամյա տոն: