Հոդվածներ
Ինչպե՞ս ընտրել հարսանյաց հանդիսավարին
Հարսանյաց հանդիսավարը մեծ դեր է կատարում հարսանիքի ամբողջ ընթացքում: Նա ոչ միայն վերահսկում է, որ ամեն ինչ ընթանա ըստ հավուր պատշաճի, այլև՝ ստեղծում է ընդհանուր տրամադրություն նորապսակների և հյուրերի համար: Սակայն, միևնույն ժամանակ, շատ բարդ է ընտրել լավ հանդիսավարի:
Այսօր, Wedding.am-ը կկիսվի Ձեզ հետ այն խորհուրդներով, թե ինչպես կարելի է հեշտացնել այդ ընտրությունը և գտնել իսկական պրոֆեսիոնալի:
Ինչի՞ց սկսել
Երբ որոշեք հարսանեկան բյուջեն, հրավիրված հյուրերի թիվը, հարսանիքի օրը, այդժամ ճիշտ ժամանակը կլինի սկսել փնտրել հարսանյաց հանդիսավարին: Այդ գործընթացը ձգձգել և ուշացնել պետք չէ, քանզի լուրջ հանդիսավարը պետք է Ձեր հարսանիքին պատրաստվելու բավականաչափ ժամանակ ունենա, որպեսզի կազմի սցենարը և շոու ծրագիրը: Այս ամենը պահանջում է ոչ միայն ջանքեր, այլև՝ ժամանակ, այնպես որ, եթե ուզում եք, որ հանդիսավարի աշխատանքը լինի որակյալ, ապա սկսեք հանդիսավարի փնտրտուքները ոչ ուշ, քան հարսանիքից 1-2 ամիս առաջ:
Որտե՞ղ փնտրել հարսանյաց հանդիսավարին
Այն հարցը, թե որտեղ կարելի է փնտրել հարսանյաց հանդիսավարի, նաև շատ կարևոր հարց է նորապսակների համար: Առավել փորձված է այն տարբերակը, թե ում խորհուրդ կտան Ձեր ընկերները, գուցե իրենց հրսանիքի հանդիսավարին, քանզի նրանց դուր եկել իրենց հարսանյաց հանդիսավարի աշխատանքը, բայց միշտ չէ, որ այն ինչ դուր է գալիս Ձեր ընկերներին, դուր գա և Ձեզ: Երկրորդ տարբերակը՝ որոնել հարսանիքների կազմակերպմամբ զբաղվող գործակալությունների կայքերում, կարևորը զինվել համբերությամբ, քանի որ այնտեղ Դուք շատ տարբերակներ կգտնեք և անհրաժեշտ կլինի կարդալ և վերանայել մեծ քանակությամբ տեղեկատվություն՝ վերջնական որոշում կայացնելու համար: Երրորդ տարբերակը, դիմել հարսանյաց գործակալություն, նրանք կպատրաստեն Ձեզ համար համապատասխան թեկնածուների ցուցակ՝ ելնելով Ձեր ակնկալիքներից:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել հանդիպման ժամանակ
Հանդիսավարի հետ հանդիպումը շատ կարևոր է: Հիշե՛ք, որ հանդիսավարը ոչ միայն պետք է լավ տպավորություն թողնի Ձեզ վրա, որպես պրոֆեսիոնալ, բայց նաև որպես մարդ: Ահա թե ինչու պետք է ուշադրություն դարձնել ամենափոքր մանրուքների վրա՝ խոսելաոճի և ժեստերի, հագուստի, կատակների, խոսակցության թեմաների, բարության ու քաղաքավարության: Քանի որ հանդիսավարը հարսանիքին կստեղծի ընդհանուր մթնոլորտ, Դուք պետք է ընտրեք այնպիսի մեկին, ով կհամապատասխանի Ձեր հասկացություններին և լավ հումորի զգացումին, կլինի ինտելեկտով հարուստ և նրբազգաց: Ի վերջո, Դուք չեք ցանկանա հայտնվել վատ իրավիճակում՝ Ձեր հարսանիքի հանդիսավարի պատճառով:
Ինչպիսի՞ հարցեր տալ
Որքա՞ն կարժենա հանդիսավարի ծառայությունը, աշխատանքի տևողությունը և այլն: Ժամանցային ծրագրի բնույթը պետք է մանրամասն քննարկել, այնպես որ հարսանիքի օրը տհաճ անակնկալներ չլինեն: Երբ հանդիպեք, ուշադրություն դարձրեք, թե որքան հստակ է հանդիսավարը պատասխանում Ձեր հարցերին, ինչպես է նա պատկերացնում Ձեր հարսանիքը, մի՛ մոռացեք, որ սա Ձեր տոնն է, և Դուք պետք է թելադրեք Ձեր պայմանները: Լսե՛ք պրոֆեսիոնալների կարծիքները, բայց ունեցեք Ձեր սեփական պատկերացումը և կարծիքը, քանի որ ի վերջո, այդ հիշողությունները ուղեկցելու են Ձեզ՝ Ձեր ողջ կյանքի ընթացքում:
Ի՞նչն է խոսում հանդիսավարի ոչ պրոֆեսիոնալիստ լինելու մասին
• Անճշտապահությունը և ուրիշների լսելու անկարողությունը,
• վատ հումորի զգացումը և ինքն իրեն աստղ երևակայելու ցանկությունը,
• անխնամ ու թափթփված արտաքին տեսքը,
• վատ խոսելաոճը,
• անտեղյակությունը հարսանեկան ավանդույթներից և հարսանեկան ժամանակացույցից,
• շաբլոն սցենարի գործածումը, ստեղծագործական և անհատական մոտեցման բացակայությունը,
• ագրեսիվությունը և փոխզիջման չգնալը: